Skip to main content

«Թիթեռի էֆեկտ». ինչպես են երիտասարդ կամավորների փոքր քայլերը մեծ փոփոխություն բերում համայնքներում

Երիտասարդներից շատերի համար կյանքը հայաստանյան փոքր գյուղերում կարող է միօրինակ ու անհեռանկար թվալ: Աշխատատեղերը սակավ են և հիմնականում սեզոնային, իսկ բազմաթիվ ընտանիքների գոյատևման միակ աղբյուրն արտագնա աշխատանքն է: Սա ստիպում է երիտասարդներին կենտրոնանալ առօրյա հոգսերի, այլ ոչ թե սեփական նպատակների իրականացման վրա:

Մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների և մասնակցային հարթակների բացակայությունը՝ զուգորդված «ոչինչ չի փոխվելու» կարծրատիպի հետ, հաճախ հուսալքության ու անտարբերության մթնոլորտ է ստեղծում: Այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզի երիտասարդներից շատերի համար իրավիճակն այժմ փոխվում է: Եվրոպական միության աջակցությամբ Գեղարքունիք գյուղում գործող «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը համախմբում է երիտասարդներին կամավորական նախաձեռնությունների շուրջ, որոնք դառնում են համայնքային իրական փոփոխությունների շարժիչ ուժը:

Կավե կուժեր, փայտե մաղեր, ձեռագործ գորգեր՝ այս հին կենցաղային իրերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Ձեղնահարկերից, խոհանոցներից հավաքված և համայնքի տարեցների կողմից նվիրաբերած այս առարկաներն այժմ իրենց հաստատուն տեղն են գտել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում՝ նոր սերնդին ուսուցանելով անցյալի կենցաղի ու ավանդույթների մասին։

16-ամյա դպրոցական Սոֆյա Ավետիսյանը մեծ հետաքրքրություն ունի հնաոճ իրերի հանդեպ։ Նրա գաղափարը պարզ էր, բայց խորհրդանշական՝ հավաքել հայկական ավանդական կենցաղային իրեր և դպրոցում ստեղծել փոքրիկ ցուցահանդես։ Աշխատանքները մեկնարկեց 2025 թվականի մայիսին՝ ընկերների հետ, սակայն շուտով նախաձեռնությանը միացավ ողջ Գեղարքունիք բնակավայրը։

«Ամենահիշարժան պահն այն էր, երբ մարդիկ կիսվում էին այդ իրերի հետ կապված իրենց հիշողություններով ու պատմություններով»,- պատմում է Սոֆյան։ — «Մի տարեց կին մեզ նվիրեց հին, մաշված գորգ՝ ասելով, որ այն պատկանել է դեռևս իր տատիկի մորը»։

Ծնողները, ուսուցիչներն ու հարևանները գալիս էին տեսնելու աշակերտների ստեղծած թանգարանային փոքրիկ անկյունը։ Այս ցուցադրությունը սոսկ իրերի հավաքածու չէր. այն դարձավ մի յուրօրինակ վայր, որտեղ տարբեր սերունդներ հանդիպում և կիսվում էին իրենց հուշերով ու պատմություններով։

Գրեթե նույն ժամանակահատվածում հարևան Ծաղկաշեն բնակավայրում աշակերտների ու բնակիչների մեկ այլ խումբ՝ «զինված» բահերով ու տնկիներով, հավաքվել էր դպրոցամերձ տարածքում։ 17-ամյա Վարդան Խաչատրյանի նախաձեռնությամբ նրանք տնկեցին հարյուրից ավելի դեկորատիվ և պտղատու ծառեր՝ ամայի տարածքը վերածելով կանաչ ու խնամված միջավայրի։

«Երբ սեպտեմբերին վերադարձանք դպրոց, ուսուցիչներն ու աշակերտները հիացած էին մեր  այգով։ Այդ փորձն ամբողջությամբ փոխեց իմ վերաբերմունքը համայնքային աշխատանքի նկատմամբ»,- վերհիշում է Վարդանը։

Առաջին հայացքից այս քայլերը կարող են փոքր թվալ՝ դպրոցական մի ցուցահանդես կամ նորատունկ այգի։ Սակայն սրանք շատ ավելի մեծ նախաձեռնությունների սկիզբ են։

Անտեսանելի, բայց կարևոր աշխատանք

Այս և ավելի քան 60 այլ կրթական, բնապահպանական, մշակութային, սոցիալական և բարեգործական նախաձեռնությունների հետևում կանգնած է ուսուցիչների, մենթորների և համայնքային ակտիվիստների ցանց, որը համախմբվել է «Աժդահակ» բնապահպանական կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ:

Կազմակերպությունը նույնպես սկիզբ է առել նման փոքր նախաձեռնությունից։ Մոտ երկու տասնամյակ առաջ Գեղարքունիքի բնակիչները նկատեցին, որ իրենց գյուղի դպրոցի կողքով հոսող գետը լցված է թափոններով։ «Թվում էր, թե գետը օգնություն է խնդրում», — վերհիշում է ՀԿ-ի ղեկավար Նելլի Դռնոյանը։ Աշակերտներն ու համայնքի բնակիչները մաքրեցին գետի ափը՝ կուտակված մետաղական տարաները վերածելով ծաղկամանների։ Այդ նախաձեռնությունից սկիզբ առավ էկոակումբը, որն էլ հետագայում հիմք դարձավ «Աժդահակ» բնապահպանական կենտրոնի ստեղծման համար:

Այսօր կազմակերպությունն աշխատում է Գեղարքունիքի մարզում, հարակից տասներկու համայնքների դպրոցականների, երիտասարդների և համայնքային ակտիվիստների հետ։ Երիտասարդների՝ համայնքային կյանքից կտրված լինելու շարունակական խնդիրը լուծելու համար ՀԿ-ն կիրառում է պարզ, բայց արդյունավետ մոտեցում՝ կամավորությունը: «Կամավորական աշխատանքը չի պահանջում զգալի ֆինանսական միջոցներ։ Այն հնարավորություն է տալիս արագ ձևավորել թիմ և մեկնարկել փոքր, բայց տեսանելի փոփոխություններ»,- պարզաբանում է Նելլին։

Առաջին ռազմավարական քայլը մենթորների՝ ուսուցիչների, հասարակական ակտիվիստների և համայնքային առաջնորդների վերապատրաստումն էր, որոնք հետագայում պետք է ուղղորդեին երիտասարդ կամավորներին։ Նրանք ուսումնասիրեցին ոչ միայն կամավորության հիմունքներն ու ոլորտի օրենսդրական նորությունները, այլև երիտասարդ կամավորների հավաքագրման, հարցազրույցների անցկացման և նրանց հետագա աջակցության մեթոդները։

Հասարակագիտության ուսուցչուհի Ռոզա Հակոբյանը նշում է. «Ինձ համար առաջնահերթություն էր դպրոցի և համայնքի միջև կապի ամրապնդումը։ Այժմ ես իմ մասնագիտական գործունեության մեջ կիրառում եմ ծրագրերի մշակման, հաղորդակցման և թիմային աշխատանքի նոր հմտություններ՝ խրախուսելով աշակերտներին լինել ավելի նախաձեռնող»։

Երբ գաղափարները սկսում են արագ զարգանալ

Մենթորների վերապատրաստումից հետո նախաձեռնության առաջխաղացման ղեկը փոխանցվեց երիտասարդներին։ Նախաձեռնությանը միացան 14-ից 30 տարեկան 60 կամավորներ։ 12 մենթորների ուղղորդմամբ նրանք ձեռք բերեցին գործնական հմտություններ համայնքային ներգրավվածության, թիմային աշխատանքի և հաղորդակցության, ինչպես նաև ծրագրերի մշակման, խնդիրների ստեղծագործական լուծման և սոցիալական պատասխանատվության ոլորտներում։

Վստահության աճին զուգահեռ՝ երիտասարդների շրջանում սկսեցին ծնվել նոր գաղափարներ։ Մի քանի բնակավայրերում նրանք մեկնարկեցին շուրջ 70 նախաձեռնություն, որոնք ընդգրկում էին համայնքային կյանքի գրեթե բոլոր ոլորտները:

Որոշ նախագծեր կենտրոնացած էին կրթության վրա. կամավորները կազմակերպում էին լրացուցիչ դասընթացներ կրտսեր աշակերտների համար, օգնում նրանց տնային առաջադրանքների հարցում և սերմանում հետաքրքրություն ուսման ու ընթերցանության նկատմամբ «Գիրքը՝ որպես կրթության շարժիչ ուժ» և նմանատիպ այլ ծրագրերի միջոցով։ Մյուսներն ուղղված էին բնապահպանական միջոցառումներին՝ գետափերի մաքրմանը, ծառատունկերին և թափոնների վերամշակման խթանմանը, օրինակ՝ «Երկրորդ կյանք թափոնների համար» նախաձեռնության շրջանակներում։

Մշակութային նախագծերի միջոցով կազմակերպվեցին ավանդական պարերի ներկայացումներ, երգչախմբային ելույթներ և արհեստագործական սեմինարներ, իսկ «Մշակութային կամուրջ Ֆրանսիայից ժամանած կամավորի հետ» ծրագիրն օգնեց բացահայտել տեղական տեսարժան վայրերը։ Բազմաթիվ նախաձեռնություններ էլ ուղղված էին սոցիալական խնդիրների լուծմանը՝ սկսած դասասենյակների վերանորոգումից մինչև առողջապահության, անվտանգության և երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկման արշավներ։

Ուշագրավ էր նաև դրսևորված համերաշխությունը. Գեղարքունիք բնակավայրի բնակիչները հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքեցին Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմամարդ ընտանիքի համար։

Սակայն այս ջանքերի իրական արժեքը դրանց շղթայական ազդեցությունն էր. նախաձեռնության առաջին 60 կամավորները ոգեշնչեցին ավելի քան 500 երիտասարդի՝ ներգրավվելու համայնքային նշանակություն ունեցող գործերում։

Անսպասելի պարգև

Յուրաքանչյուր նախաձեռնություն ներկայացվել է կարճ տեսանյութերով և տարածվել համացանցում՝ արժանանալով հանրային քվեարկության և փորձագիտական գնահատականի։ Սակայն կազմակերպության համար ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ այս նախաձեռնություններից շատերը արմատավորվեցին՝ վերածվելով համայնքային ավանդույթների։

Օրինակ՝ Գեղարքունիքում կամավոր Նարե Ավետիսյանն ու իր թիմը վերամշակված թղթից պատրաստեցին էկո-գրիչներ՝ կամավորությունը խրախուսող ուղերձներով։ Նարեն նախատեսում է այս տարի ընդլայնել իր գործունեությունը։ Նույն բնակավայրում Դավիթ Գիշչյանի հիմնած դպրոցական ծաղկանոցը այս տարի ևս համալրվելու է նոր տնկիներով:

Գեղարքունիքում Նարեկ Գասպարյանը նախաձեռնել է հասակակիցների միջև քննարկումներ ծխելու վտանգների վերաբերյալ՝ միավորելով ավագ և կրտսեր աշակերտներին, և այդ զրույցները շարունակվում են մինչ օրս։ Սարուխան համայնքում կամավոր Ռիտա Դանոյանը շարունակում է օգնել տարեց բնակիչներին առևտրի տեղական կետերում տեղադրված վճարային տերմինալներից օգտվելու հարցում։ Սարուխանի թիվ 1 դպրոցում ստեղծված երիտասարդական կենտրոնը նախատեսում է կազմակերպել ամառային ճամբար։

«Բազմաթիվ երիտասարդներ շարունակում են զբաղվել կամավորական գործունեությամբ»,– ասում է ՀԿ-ի ղեկավարը։ «Սա ցույց է տալիս, որ մեր աշխատանքը ոչ միայն տվել է անմիջական արդյունքներ, այլև ձևավորել է կամավորության և ակտիվ քաղաքացիության կայուն մշակույթ»:

Այն, ինչ սկսվեց դպրոցական փոքր թանգարանային անկյունից և դպրոցի բակում նոր տնկիներից, վերածվեց շատ ավելի մեծ արժեքի՝ մասնակցության մշակույթի։ Բնակիչները, որոնք սկզբում զգուշավոր էին կամավորների գաղափարների նկատմամբ, աստիճանաբար դարձան աջակիցներ՝ առաջարկելով նոր նախաձեռնություններ, միանալով միջոցառումներին և նպաստելով համայնքային համագործակցությանը։

Ռոզան ընդգծում է. «Կամավորության մշակույթը Հայաստանում պետք է մշտապես խրախուսվի։ Նման նախաձեռնությունները հզորացնում են երիտասարդներին, զարգացնում պատասխանատվության զգացումը և անհատի ու համայնքի միջև ստեղծում ամուր, անքակտելի կապ»։ Եվ, թերևս, ամենակարևոր դասն այն է, որ համայնքային փոփոխությունը սկսվում է փոքր նախաձեռնությունից՝ այն մարդկանց կողմից, ովքեր հավատում են, որ իրենց ջանքերը կարևոր են։

Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան