Էկոարտադրությունից մինչև ժամանակակից մեղվաբուծություն. Հզորացնելով երիտասարդ ձեռնարկատերերին վերափոխելու իրենց համայնքները Հայաստանում

Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը, որն այժմ սահմանամերձ է, 2020 թվականի պատերազմի հետևանքով դարձել է տարանցիկ ուղի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց համար։ Այս անորոշության մթնոլորտում շատ երիտասարդներ հաճախ երկմտում են արդյո՞ք մնալ մարզում և ներդրումներ կատարել երկարաժամկետ նախագծերում։ Սակայն տեղական «Իմփաքթ Հաբ Սյունիք» Հիմանդրամի շնորհիվ, որը համաշխարհային Իմփաքթ Հաբ ցանցի անդամն է, ձեռներեցության ոգին սկսում է արմատավորվել մարզում։ Տարածաշրջանային «ԵՄ-ն հանուն երկխոսության» ( EU4Dialogue) նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) միջոցով, տրամադրել է աջակցություն ՝ զինելով երիտասարդներին անհրաժեշտ հմտություններով, գիտելիքներով և ռեսուրսներով՝ սեփական բիզնեսը հիմնելու և իրենց համայնքներում դրական փոփոխություն բերելու համար։









Գաղափարները սկսում են ձևավորվել
Իմփաքթ Հաբ Սյունիքն արձագանքեց այս բացերին՝ կազմակերպելով հինգ նախաինկուբացիոն աշխատարաններշուրջ 250 երիտասարդ մասնակիցների համար, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այս աշխատաժողովները կենտրոնացած էին տեղական մարտահրավերների վրա՝ որպես բիզնես հնարավորություններ։ «Այս երիտասարդներն ապրում են հեռավոր սահմանամերձ գյուղերում՝ սահմանափակ ռեսուրսներով։ Նրանց գաղափարներից շատերն ուղղված են սոցիալական կամ էկոլոգիական խնդիրների լուծմանը, ինչը շատ լավ է»,— ասում է Ռաիսան։ «Սակայն նրանք հաճախ չեն մտածում իրենց նախաձեռնությունները ֆինանսապես կայուն դարձնելու մասին։ Մեր դերը նրանց ուղղորդելն է՝ ստեղծելու նախագծեր, որոնք ոչ միայն օգտակար կլինեն իրենց համայնքներին, այլև կունենան երկարաժամկետ կայունություն»։ Աշխատարանների ժամանակ մասնակիցներին ներկայացվում էին սոցիալական ձեռնարկատիրությունը, բիզնես գաղափարների գեներացումը և հասանելի աջակցման մեխանիզմները։ Շատ մասնակիցներ, որոնք նոր էին ձեռներեցության ոլորտում, հեռացան բազմաթիվ բիզնես գաղափարներով՝ վստահ իրենց հնարավորությունների վրա, որ կարող են լինել փոփոխություն բերող։
Հիմնադրամի նախաձեռնություններում կարևոր տեղ է զբաղեցնում քոուչինգը։ Սիլվա Մեսրոպյանն այն չորս մենթորներից մեկն է, ով սերտորեն աշխատել է ընտրված 37 մասնակիցների հետ քառամսյա ինկուբացիոն փուլում։ Այս փուլում տրամադրվել է համապարփակ աջակցություն, որը ներառում էր աշխատարաններ բիզնեսի պլանավորման, արժեքային առաջարկի, ռեսուրսների կառավարման և մարքեթինգի թեմաներով, որն ավարտվել է մասնակիցների եզրափակիչ ելույթներով։ Անհատական քոուչինգն օգնել է մասնակիցներին հաղթահարել մարտահրավերները և լրամշակել իրենց նախագծերը։
2024-ի հուլիսին Իմփաքթ Հաբ Սյունիքի եզրափակիչ միջոցառումը նշանավորվեց կարևոր ձեռքբերումով. 29 մասնակիցներ անկախ ժյուրիին վստահությամբ ներկայացրին իրենց բիզնես ծրագրերը, շուկայական պահանջարկն ու ազդեցության պոտենցիալը։ Գնահատումից և երկար հնագատումից հետո տասը հաղթողներ՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված չորս անձինք, ստացան յուրաքանչյուրը 1,000 ԱՄՆ դոլլար դրամաշնորհ՝ իրենց նախագծերը ընդլայնելու համար:








«Ամենանշանավոր ձեռքբերումներից մեկը մասնակիցների ինքնավստահության աճը տեսնելն էր»,— նշում է մենթորը։ «Սկզբում նրանք երկմտում էին, անվստահ էին։ Իսկ վերջում արդեն խանդավառությամբ ու հստակ ներկայացնում էին իրենց գաղափարները։ Հենց այս փոխակերպումն է, որ այնքան կարևոր է Սյունիքի ապագայի համար»։
Հաջողության պատմություններ գործնականում
Հաղթող մասնակիցներից է 20-ամյա Աշոտ Բաղդասարյանը Գորիսի համայնքի Քարահունջ գյուղից։ Նա իր ընկեր Լևոն Ասատրյանի հետ միասին բնապահպանական խնդիրը փոխակերպել է բիզնես ծրագրի։ «Հաշվի առնելով պլաստիկի վերամշակման առկա խնդիրը, մենք որոշեցինք ստեղծել 3D տպագրական ստուդիա, որը Գորիսի երեք ռեստորաններից հավաքված պլաստիկ շշերը վերածում է էկոլոգիապես մաքուր տպագրական նյութի»,— բացատրում է Աշոտը։ «Սկզբում դժվար էր մարդկանց համոզել, բայց Իմփաքթ Հաբ Սյունիքի աջակցության շնորհիվ մենք կառուցեցինք կայուն բիզնես մոդել։ Այժմ մենք պատվերներ ենք ստանում տարբեր ոլորտներից, հատկապես ավտոմոբիլային ոլորտից, որտեղ 3D մասերը ավելի էժան այլընտրանք են հանդիսանում ներմուծվող մասերի համեմատ»։ Այսօր Աշոտի բիզնեսն աճում է. ստացված միջոցները ներդրվել են նոր 3D պրինտերի և այլ սարքավորումների ձեռքբերման համար։
Աբգար Աբգարյանը (38 տարեկան), Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռներեց, համարում է, որ Իմփաքթ Հաբ Սյունիքի ուսումնական ծրագիրն իրեն հնարավորություն տվեց վերաիմաստավորել իր կյանքը Սյունիքում։ «Արցախում մենք զբաղվում էինք մեղվաբուծությամբ»,— պատմում է Աբգարը։ «Տեղահանումից հետո ստիպված էինք սկսել ամեն ինչ զրոյից։ Ֆինանսավորման շնորհիվ ես և հայրս կարողացանք ձեռք բերել «անկյունահատ» հաստոց՝ նորարարական մեղվափեթակներ արտադրելու համար, որոնք զգալիորեն հեշտացնում են մեղվաբուծությունը։ Այսօր մեր արտադրանքի հանդեպ պահանջարկն աճում է»,— ասում է նա։ «Առանց այս աջակցության, մենք ստիպված կլինեինք հեռանալ Սյունիքից՝ այլ հնարավորություններ փնտրելու»։








Հաջողության ևս մեկ պատմություն է Գորիսի բնակիչ Դիանա Ղևոնդյանի փորձառությունը։ 25-ամյա Դիանան Իմփաքթ Հաբի 1000 դոլլար դրամաշնորհով կարողացավ Հարժիս գյուղում գտնվող ընտանեկան հյուրանոցային բիզնեսը դարձնել էկոլոգիապես կայուն։ «Սկզբում մենք չգիտեինք, թե որտեղից սկսել։ Քոուչինգը օգնեց մեզ կատարելագործել բիզնես մոդելը և բարելավել մարքեթինգային ռազմավարությունը։ Դրամաշնորհը օգնեց ձեռք բերել արևային պանել՝ լուծելով տաք ջրի մատակարարման կարևոր խնդիրը, քանի որ գյուղում բացակայում է գազամատակարարումը»,— բացատրում է Դիանան։ Այսօր նրա փայտե հյուրատունը հյուրընկալում է ճանապարհորդների ողջ աշխարհից, ներառյալ Ավստրալիայից։ Գրանցված լինելով Booking.com և Instagram հարթակներում ՝ նրա բիզնեսը ոչ միայն աճում է, այլև ոգեշնչում է Սյունիքի այլ բնակիչներին՝ սկսելու իրենց զբոսաշրջային նախագծերը։
Տևական տարածաշրջանային ազդեցություն
Անհատական հաջողության պատմությունից բացի, Իմփաքթ Հաբ Սյունիքը նպաստում է երիտասարդ ձեռներեցների միջև համայնքային կապերի և համագործակցության զարգացմանը։ «Նախաձեռնությունը միայն ֆինանսավորելու մասին չէ»,— նշում է Ծրագրի Ղեկավարը։ «Այն նաև երիտասարդ ձեռներեցների համագործակցության ցանցի ստեղծումն է, որտեղ նրանք շարունակաբար ոգեշնչում և սովորում են միմյանցից»։ Ապագայում ևս Իմփաքթ Հաբ Սյունիքը հավատարիմ է աջակցել մարզի երիտասարդ ձեռներեցներին՝ առաջարկելով նոր նախագծեր և ֆինանսավորման հնարավորություններ։
Սահմանամերձ խոցելի մարզերի համար՝ ինչպիսին է Սյունիքը, տնտեսական հզորացումը հատկապես անհրաժեշտ է երիտասարդ տաղանդներին օժանդակելու և համայնքներն ամրապնդելու համար։ «Սյունիքի երիտասարդների արտակարգ էներգիան և պատասխանատվությունը տպավորիչ են։ Նրանց նախագծերի հաջողությունը մեզ ոգեշնչում է շարունակել աջակցությունը՝ բացահայտելու նրանց ողջ ներուժը մարզի զարգացման համար»,— ամփոփում է Սիլվա Մեսրոպյանը։