Երազանքից՝ իրականություն. ինչպե՞ս է ԵՄ աջակցությունը նպաստում մարզերի զարգացմանը

ՀՀ Լոռու մարզում՝ Ալավերդի բերող հերթական կիլոմետրին «ArmBee Honey Farm»-ն է՝ մեղվաբուծական կենտրոն-հյուրատունը։ Այստեղ կարելի է ապիթերապիա անցնել, հիանալ դեպի Ալավերդի բացվող տեսարանով, գիշերել, մեղր ու գինի փորձել ու պարզապես վայելել արևը փոքրիկ կատուների՝ Չերիի ու Ռիժիկի ընկերակցությամբ։
2018 թվականին մեղվաբուծությամբ զբաղվելու արդեն 15 տարվա փորձով Վիգեն Մնացականյանը, որ կենտրոնի հիմնադիրն ու տնօրենն է, որոշել է հստակ բիզնես պլան մշակել և ստեղծել մի բան, որ ոչ միայն մարզում, այլև Հայաստանում մինչ այդ պահը գոյություն չի ունեցել։



«2018 թվականին սոցցանցերում տեսա, որ ԵՄ-ն և ՓՄՁԶԱԿ-ը՝ այժմյան Ներդրումների աջակցման կենտրոնը, բիզնես նախաձեռնությունների համար նոր ծրագրեր են սկսում իրականացնել և օժանդակել բիզնեսների ստեղծմանն ու կայացմանը։ Այդ ժամանակ Ստեփանավանում գնացի բիզնես դասընթացների ու իմ առաջին բիզնես պլանը գրեցի՝ հենց ապիթերապիայի, ապիտուրիզմի կենտրոնի ստեղծման համար։ Ծրագիրը հավանության արժանացավ, և այդ ծրագրի շրջանակում ստեղծեցինք մեր առաջին 2 ապիտնակները»,- պատմում է Վիգենը։
Նրա խոսքով ապիտուրիզմի կենտրոններ ամեն երկրում հնարավոր չէ գտնել, բայց Հայաստանում ապիտուրիզմը կարող է հաջողել։ Եվրոպական միության աջակցությամբ բազմաթիվ դասընթացների արդյունքը Վիգենի համար բիզնես գաղափարների արդյունավետ վերլուծությունն է, դրանց թույլ և ուժեղ կողմերի բացահայտումը և հնարավորությունը՝ ժամանակն ու ջանքերը ներդնել գաղափարներում, որոնք հաջողելու ներուժ ունեն։
Մեղվաբուծությունը միայն մեղուների ու մեղրի մասին չէ, այն ավելի մեծ ազդեցություն և ասելիք ունի։
«Մեղվաբուծությունն օգտակար է ամբողջ էկոհամակարգի համար։ Փոշոտման 80 տոկոսից ավելին կատարում են մեղրատու մեղուները, այսինքն, եթե մեղուներ չլինեն, չի լինի նաև բերք։ Փաստացի, մեղուները նպաստում են էկոմահակարգի պահպանմանը: Ապիթերապիան էլ բազմաթիվ դրական կողմեր ունի, օգնում է հաղթահարել սթրեսը, գորհոգնածությունը։ Ապիտնակներում՝ մահճակալների տակ, մեղուներ են ապրում, և գիտականորեն ապացուցված է, որ փեթակից 60 սմ բարձության վրա կա բիոդաշտ, որը շատ օգտակար է մարդկանց առողջության համար»։
«ArmBee Honey Farm»-ի հիմնադիրն իր վրա նաև սոցիալական պատասխանատվություն է վերցրել և ամեն տարի 10 երիտասարդի անվճար վերապատրաստում է, որ նրանք էլ իրենց մեղվապահական բիզնեսը սկսեն։ Ւսկ գիտելիքի փոխանցման հարցում Վիգենը շատ շռայլ է։
Կենտրոնը զբաղվում է մեղվափեթակների արտադրությամբ, մայր մեղուների բուծմամբ ու արհեստական բեղմնավորմամբ, մեղվաընտանիքների վաճառքով, ապիթերապիայով, մեղրի ու մեղրից պատրաստված գինու արտադրությամբ, տեղական զբոսաշրջությամբ, այն ունի նաև մեղվապության շարժական ծառայություն։
Եվրոպական միությունը հենց այս գործունեությանը համարժեք բազմազան ծրագրեր է իրականացնում ու համապատասխան աջակցություն տրամադրում։


Մեղրի համտեսի սրահը, ապիտնակներն ու մեղվապահության շարժական ծառայությունն իրականություն են դարձել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի շրջանակում։
Երկու մեծ ապիտնակները, արոմաթերապիայի դիմակներն ու սարքերը, ինչպես նաև հյուրատան խոհանոցին անհրաժեշտ գույքը, տեխնիկան ու սպասքը տրամադրվել են «ԵՄ-ն բիզնեսի համար․ նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրով, դե իսկ արևային էներգիայի կայաններն ու մեղվապահության համար անհրաժեշտ բազմաթիվ սարքավորումները, որոնք թույլ են տալիս անցումային սերտիֆիկացված մեղրի արտադրությամբ զբաղվել, տրամադրվել են «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցության մասին Վիգենը խոսում է մեծ գոհունակությամբ, ասում է՝ ինչքան էլ գաղափարներդ լավը լինեն, միայնակ ճանապարհ գնալը դժվար է, կայանալն ու բիզնեսը զարգացնելը՝ ևս, որովհետև շատ խոչընդոտներ են հանդիպում։ Բայց աջակցությունն օգնում է ամբողջական պատկերացում կազմել քո ընտրած ոլորտի մասին և արդյունավետ աշխատելով նպաստել նաև քո երկրում տվյալ ոլորտի զարգացմանը։
Վերջին 12 տարիներին Հայաստանի մարզերում տարբեր ոլորտների զարգացումը խթանելու համար Եվրոպական միությունը տրամադրել է շուրջ 80 միլիոն եվրո։ Աջակցության մեծ մասն ուղղվել է Սյունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում իրականացվող ծրագրերին։