Skip to main content

Եվրոպայի օրը միասնության, խաղաղության ու համընդհանուր արժեքների պահպանման և ստեղծման խորհրդանիշն է։ Սերտորեն համագործակցելով Եվրոպական միության հետ՝ Հայաստանը ևս հանձնառու է այս արժեքների պահպանմանն ու առաջխաղացմանը։

Յուրաքանչյուր տարի՝ մայիսին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ։

Եվրոպայի օրվա տոնակատարություններն այս տարի կրում էին «ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» խորագիրը։ Տոնակատարությունները մեկնարկեցին մայիսի 6-ին, Շիրակի մարզում՝ Գյումրիում։


Շիրակի մարզ, Գյումրի

Գյումրիում միջոցառումների մեկնարկը տրվեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանդիպմամբ՝ ընդգծելու ԵՄ շարունակական գործընկերությունն ու աջակցությունը մարզի զարգացմանը։

Մշակութային EuroQuest

Շիրակի մարզի երիտասարդներին և ԵՄ կամավորներին համախմբելու նպատակով «Եվրաակումբ Գյումրի»-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց մշակութային EuroQuest, որն ինտերակտիվ բացօթյա մրցույթ է՝ ուղղված Եվրոպայի բազմազան մշակույթի բացահայտմանը։

Սկսած լեզուների և ավանդույթների ուսումնասիրությունից մինչև ստեղծարար առաջադրանքների կատարում՝ մասնակիցները ձևավորեցին միջմշակութային կամուրջ Հայաստանի և Եվրոպական միության միջև։

EuroQuest-ը հնարավոր դարձավ ԵՆԿ ՀԿ-ի միջազգային կամավորների ակտիվ ներգրավվածությամբ՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և Ուկրաինայից ժամանած «Եվրոպական համերաշխության կորպուսի» կարճաժամկետ «H.O.P.E.» թիմի կամավորների շնորհիվ։

«Սա Եվրոպան է» թատերական ներկայացում

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մայիսի 6-ին բեմադրվեց «Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը, «ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» տոնակատարությունների շրջանակում։

Բելգիայում ունեցած հաջող ելույթներից հետո Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրապպերհաուսը իրենց խորիմաստ ներկայացմամբ հայ հանդիսատեսին տարան մշակութային ճանապարհորդության՝ փորձելով պատասխանել ամենակարևոր հարցին՝ «Ի՞նչ է կամ ո՞վ է Եվրոպան»։


Գեղարքունիքի մարզ, Գավառ

Մայիսի 8-ին, Գավառում տոնակատարությունների մեկնարկը տրվել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանդիպմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հիմնական ոլորտները։ Կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը։

 «Սա Եվրոպան է» թատերական ներկայացում

«Սա Եվրոպան է» ներկայացումը մայիսի 8-ին ցուցադրվեց Գավառի Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրապպերհաուսն այս ներկայացմամբ լույս սփռեցին Եվրոպայի ստեղծման պատմության վրա՝ հայ հանդիսատեսին տանելով մշակութային ճանապարհորդության՝ փորձելով պատասխանել ամենակարևոր հարցին՝ «Ի՞նչ է կամ ո՞վ է Եվրոպան»։


Երևան

Մայիսի 9-ին, Կոմիտասիա թանգարան-ինստիտուտի համերգային սրահում տեղի ունեցավ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգը՝ «21-րդ դարի եվրոպական երաժշտությունը՝ նվիրված Եվրոպայի օրվան» խորագրով։

Երաժշտությունն ի ցույց է դնում եվրոպական և հայկական մշակույթների հարուստ ժառանգությունը, երաժշտությունն է, որ ունի մարդկանց միջև հզոր կամուրջներ ստեղծելու ուժ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մայիսի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել էր Եվրոպայի օրվան նվիրված մեծ միջոցառում։

Այս տարի տոնակատարություններն ընդգծում էին ԵՄ-ի և Հայաստանի համընդհանուր արժեքները և բազմաբովանդակ մշակույթի դերը՝ երկկողմ հարաբերությունների կառուցման գործում։

Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունն Ազատության հրապարակ էր բերել հարյուրավոր մարդկանց, որոնք միասին էին նշում միասնություն և խաղաղություն խորհրդանշող այս տոնը։

Տոնակատարության մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ իր խոսքում, մասնավորապես, ընդգծելով․«Մենք նշում ենք մեր մշակութային կապերը՝ սկսած Կոմիտասի երաժշտությունից մինչև Թամանյանի ճարտարապետություն՝ միևնույն ժամանակ հայացքն ուղղելով դեպի ապագան։ ԵՄ–Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Միասին մենք կառուցում ենք ավելի դիմակայուն, խաղաղ և բարեփոխումների միտված ապագա»:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանի ամենակարևոր գործընկերն է՝ ժողովրդավարության հաստատման ճանապարհին և, որ Եվրոպայի օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու, որ Հայաստանի Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու հանձնառությանը։

Տեղեկատվական ցուցահանդես և մշակութային ելույթներ

Միջոցառման կիզակետում տեղեկատվական ցուցահանդեսն էր, որին մասնակցում էին ԵՄ կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ՝ ՀՀ մարզերից և Երևանից, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն և մեծ եռանդով ներկայացնում էին իրենց երկրների մշակույթը։

Միաժամանակ բեմում իրական մշակութային տոն էր։

Ներկաները հնարավորություն ունեցան ճամփորդել դեպի Եվրոպա՝ անդամ պետություններից մի քանիսի կողմից պատրաստված յուրօրինակ պարային և երաժշտական ելույթների շնորհիվ։

Ելույթ ունեցան Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միության «Պոլոնիադա» երգչախումբը, «Լուսէ» կենտրոնի սաները, Սլովակիան հանդես եկավ ազգային պարերով ու երգերով, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկը և նրա ընկերները ներկայացրին ջազ ստանդարտներ և չեխական ազգային երգեր՝ ջազային մշակմամբ։ Ռումինիան ևս ներկայացավ ազգային պարերով և մնջախաղային ներկայացմամբ։

Մայիսի 10-ին ելույթ ունեցան նաև «Ուրու», «Դեղ» և «Տիեզերք» բենդերը։

Հանդիսատեսը իրական երաժշտական ճամփորդության մեկնեց՝ տիեզերական  ու երազկոտ հարմոնիաներից մինչև ալտերնատիվ ռոքի աշխարհ։ Այս բենդերին լսելը տպավորիչ ու լիցքավորող փորձառություն էր բոլորի համար։

Տեղեկատվական ցուցահանդեսը և համերգային ուրույն ծրագիրը ևս մեկ կամուրջ դարձան, որ երկու կողմերն էլ ճանաչեն միմյանց մշակույթը։

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում ամփոփվեցին Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Սա Եվրոպան է» ներկայացման ցուցադրությամբ։ Հենդրիկ Վոսն ու Ֆրանս Գրապպերհաուսը նոր լույսի ներքո ցույց տվեցին Եվրոպայի միավորման ու ստեղծման պատմությունը՝ ներկայացումը համեմելով շատ ինտելեկտուալ ու նուրբ հումորով։

Ներկայացման ավարտին հյուրերը մասնակցեցին պաշտոնական ընդունելությանը։

Եվրոպական միությունը և Հայաստանը շարունակում են հետևողականորեն խորացնել գործընկերությունն ու կապերը, այնպես որ Եվրոպայի օրը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու բարեփոխված ապագայի կառուցմանը միտված երկկողմ հանձնառությունը։

Եվրոպական ֆիլմերի փառատոն

Մշակույթն օժտված է մարդկանց միավորելու կախարդական ոժով։ Մայիսի 24-30-ը Երևանում՝ Կինոյի տան մեծ դահլիճում ցուցադրվեցին եվրոպական 7 ֆիլմեր, որոնք արդեն իսկ հասցրել էին լինել տարբեր կինոփառատոներում ու նույնիսկ մրցանակներ ստանալ։ Ֆիլմացանկում ընդգրկված էին հետևյալ ֆիլմերը՝ «Էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25», «Մարիա»: Կինոփառատոնի 7 օրերն անցան լի դահլիճով։ Փառատոնի համար ընտրված ֆիլմերը հանդիսատեսին պարգևեցին յուրօրինակ հույզեր ու տպավորիչ պահեր։

Միասին վերհիշենք Եվրոպայի օրվա տոնակատարությունների ամենաուշագրավ պահերը։

1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: