Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500,000 եվրո մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։
Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:
Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է լրացուցիչ 500 000 եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել անհապաղ և անարգել մուտք մարդասիրական կազմակերպություններին։ Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական աշխատողները կարող են շտապ օգնություն տրամադրել կարիքի մեջ մարդկանց»:
ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում հումանիտար աշխատանք կատարող իր գործընկերների հետ և պատրաստ է լուծել առաջացող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։
2020թ․ հակամարտության լայնածավալ սրացումից ի վեր՝ ԵՄ-ն ավելի քան 21 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում մարդասիրական գործողություններին։