Erasmus+ Հայաստանում
Ես ցանկանում եմ սովորել արտերկրում, սակայն դրա համար միջոցներ չունեմ։ Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն օգնել ինձ այդ հարցում։
Այո, կարող է։ «Էրազմուս +» ծրագրի միջոցով ԵՄ-ն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի մակարդակներում ուսանողական փոխանակումներ եվրոպական բուհերում։
Այդ փոխանակումները կլինեն ձեր ընթացիկ ուսումնական ծրագրի մի մասը և կարող են տևել մեկ կիսամյակից մինչև մեկ տարի:
Ծրագիրը փոխհատուցում է նաև ձեր ծախսերը: Դուք նաևկարող եք դիմել և ստանալ «Էրազմուս+» կրթաթոշակ՝ լավագույն եվրոպական համալսարաններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով:
«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանից մոտ 5000 համալսարանական ուսանողներ և դասախոսներ 2015-2020 թթ. ընթացքում կարողացել են ուսանել կամ դասավանդել Եվրոպայում, մինչդեռ 2004 թվականից իվեր հայաստանցի 171 ուսանող էլստացել են մագիստրոսական կրթաթոշակներ: Հատկանշական է, որ վերջիններիս թիվը տարեց տարի ավելանում է, այնպես որ սա հաստատ պետք է փորձել:
Կարծես թե «Էրազմուս +»-ը լավ հնարավորություն է ինձ համար։ Իսկ ինչպե՞ս կարող եմ դիմել
Փոխանակմանը մասնակցելու համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին: Այնտեղ կասեն, թե ձեր մասնագիտության շրջանակներում ինչպիսի հնարավորություններ են առկա և կօգնեն դիմում ներկայացնել:
Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ուսումնասիրել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգը, որում ներկայացված է առաջիկա ուսումնական տարում Էրազմուս կրթաթոշակներ առաջարկող դասընթացների ցանկը (ներկայումս այդ ցանկում առկա է 206 դասընթաց), ապա կապ հաստատել տվյալ համալսարանի հետ` դասընթացին մասնակցելու եւ կրթաթոշակ ստանալու համար դիմում ներկայացնելու նպատակով:
Հայաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակը ձեզ կօգնի ստանալ ցանկացած տեղեկատվություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ստուգել նշված գրասենյակի կայքէջը, նամակ ուղարկել info@erasmusplus.am էլեկտրոնային փոստով կամ զանգահարել +374 10 580963 հեռախոսահամարով:
Լեզուների իմացության հետ կապված ինչպիսի՞ պահանջներ կան: Արդյո՞ք ես ունեմ անգլերենի իմացությունը հաստատող որևէ վկայականի կարիք
Դա կախված է նրանից, թե դուք որտեղ եք սովորելու և որ լեզուներով եք այնտեղ դասավանդելու: Որոշ փոխանակումներ առաջարկում են դասընթացներ անգլերենով, իսկմյուսները՝ տեղական լեզուներով: Հիշեք, որ «Էրազմուս»-ի փոխանակմանը մասնակցելն ենթադրում է ուսուցման լեզվով դասախոսությունների ունկնդրում, գրավոր անհատական աշխատանքների պատրաստում և քննությունների հանձնում: Եթե դուք չունեքհամապատասխան լեզվի որակավորում, ապա ձեզանից կպահանջվի հանձնել լեզվիքննություն՝ դրա իմացության մակարդակը գնահատելու նպատակով:
Մինչեւ մեկնելը փոխանակման ծրագրում ներգրավված բոլոր ուսանողները պետք է մասնակցեն «Էրազմուս+»-ի լեզվի իմացության առցանց գնահատմանը: Գնահատման արդյունքները ձեզ չեն խանգարի մասնակցել ծրագրին, բայց կարող են օգտագործվել՝ բացահայտելու համար՝ արդյոք դուք այնպիսի աջակցության կարիք ունեք, որը հասանելի է «Էրազմուս+»-ի լեզուների առցանց դասընթացների միջոցով: Որոշ դեպքերում ընդունող համալսարանը եւս կարող է լեզվի դասընթացներ առաջարկել:
Ես կստանա՞մ արդյոք կրթաթոշակ: Եթե այո, ապա՝ որքա՞ն:
Ուսանողական փոխանակումների դեպքում ԵՄ-ն մինչև 1,500 եվրո տրամադրում է ճանապարհորդության (կախված սեփական և հյուրընկալող երկրների միջև հեռավորությունից) և ամսական 800-900 եվրո էլ` կեցության ծախսերը հոգալու համար:
Մագիստրոսական կրթաթոշակների դեպքում այն կծառայի որպես շահառու ուսանողների կրած ծախսերի ուղղությամբ ներդրում և կծածկի ճանապարհորդության, վիզայի, կեցության և կենսապահովման ծախսերը: Ամսական կրթաթոշակը կազմում է 1,400 եվրո՝ մագիստրոսական ծրագրի ողջ ընթացքի համար:
Որո՞նք են «Էրազմուս +» – ի առավելությունները։ Արդյո՞ք դրանից հետո հեշտ է գտնել լավ աշխատանք։
Բազմաթիվ միջազգային ուսումնասիրություններ ցույց են տվել «Էրազմուս +»-ի շրջանակներում արտերկրում սովորելու առավելությունները։ «Էրազմուս+»-ի շրջանավարտներն աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, որպես կանոն, նշանակվելով ավելի պատասխանատու պաշտոնների: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են սեփական ընկերություններ հիմնում:
Շրջանավարտները, որպես կանոն, նշում են, որ «Էրազմուս+»-ը էական ազդեցություն է ունեցել իրենց անհատական զարգացման և հմտությունների ձեռքբերման գործում. նոր երկրների հետ ծանոթությունն ու տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ շփումը թույլ են տվել բարելավել նրանց հաղորդակցության և հարմարման հմտությունները: Բայց, որ ամենակարևորն է, նրանք ձեռք են բերել նոր ընկերներ և նոր մասնագիտական հեռանկարներ:
Ասվածը լավագույնս հաստատում են հենց մասնակիցները: Ծանոթացեք Դավիթի, Քրիստինայի, Իրենայի եւ Սաթենիկի հետ եւ իմացեք, թե ինչ նշանակություն ունի «Էրազմուս+»-ը նրանց համար: Նրանք նաեւ թանկարժեք խորհուրդներ են տալիս դիմումի ներկայացման եւ այս փորձից առավելագույնը ստանալու վերաբերյալ:
Աշխատանքի մասին. լսել եմ, որ «Էրազմուս+»-ն առաջարկում է նաև Եվրոպայում աշխատանքի տեղավորման հնարավորություններ: Սա իսկապես ճի՞շտ է
Այո, «Էրազմուս+»-ն աջակցում է արտասահմանում բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև վերջին շրջանավարտների (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային: Սակայն այդ պրակտիկան պետք է համապատասխանի կրթական աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական ծրագրի հետ: Անհրաժեշտ է ստուգել՝ հնարավո՞ր է արդյոք նմանատիպ պրակտիկայի կազմակերպումն այն համալսարանի միջոցով, որտեղ տվյալ պահին դուք ուսումնառություն եք ստանում: Աշխատանքի տեղավորումը կարող է տևել երկուսից տասներկու ամիս, իսկ «Էրազմուս+» դրամաշնորհները հասանելի են՝ ձեր ծախսերը հոգալու համար:
Արտերկրում աշխատանքի տեղավորման կամ ուսումնական շրջանները նաև հասանելի են, եթե դուք ներկայումս ներգրավված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացում: Դուք կարող եք հյուրընկալվել արտերկրյա աշխատավայրում կամ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝ ձեր ուսումնական գործընթացի հետ կապված աշխատանքային ուսուցման ժամանակահատվածներով: Դրա համար անհրաժեշտ է ձեր ՄԿՈՒ հաստատության հետ պարզել, թե արդյոք նշված հնարավորությունները հասանելի են ձեզ համար:
Ես ուսանող չեմ, բայց կցանկանայի կրթություն կամ ուսուցում ստանալ արտերկրում. կա՞ արդյոք որևէ հնարավորություն ինձ համար
Այո: «Էրազմուս+»-ը նախատեսված չէ միայն ուսանողների համար: 2014-2020 թվականների ընթացքում Հայաստանից շուրջ 9,000 երիտասարդ եւ երիտասարդական ոլորտի աշխատող է մասնակցել «Էրազմուս+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության քննարկումներ, կամավորություն):
ԵՄ–ն առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են 13-ից 30 տարեկան յուրաքանչյուր երիտասարդի առջև և որոնք տևում են 5-ից 21 օր: Դրանք կարող եններառել աշխատաժողովներ, վարժանքներ, բանավեճեր, դերային խաղեր, բացօթյա միջոցառումներ և այլն: Այս փոխանակումները տեղի են ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով և դուք՝ որպես անհատ, չեք կարող դրանց դիմել ուղղակիորեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում Erasmus+Youth տեղեկատվության կենտրոնի հետ` այցելելով նրանց կայքէջ կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. հասցեով:
Արտերկրում փորձ ձեռք բերելու եւս մեկ հրաշալի հնարավորություն է կամավորությունը՝ Եվրոպական համերաշխության կորպուսի միջոցով: Սա տարբեր մշակույթների հետ ծանոթանալու եւ նոր ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաեւ այլոց օգնելու ու նոր հմտություններ ստանալու յուրահատուկ ճանապարհ է: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան եւ պատրաստ՝ արտասահմանում երկու շաբաթից մինչեւ 12 ամիս անցկացնելու: Կամավորության ծրագրերը կարող են լինել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների բարեկեցությունը կամ շրջակա միջավայրը: Դիմումի ներկայացման մանրամասներին կարելի է ծանոթանալ Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում: