ԵՄ փորձագետներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները քննարկում են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը

2025 թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. Հեռանկարի և գործողության միջև կապի ամրապնդում» խորագիրով աշխատաժողով, որին մասնակցեցին ԵՄ պատվիրակության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Այս համատեղ աշխատաժողովը, որին մասնակցում էին շուրջ 70 ներկայացուցիչներ, նպատակ ուներ խորացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացումը՝ ընդգծելով գործընթացի որակի բարձրացման, ինչպես նաև առավել հաշվետու և կայուն իրականացման ապահովման կարևորությունը:
Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ միտված խթանելու ՀԸԳՀ-ի արդյունավետ իրականացման գործընթացը, ինչպես նաև վերաիմաստավորելու համաձայնագրի դերը՝ որպես հասարակության վերափոխման և քաղաքացիների բարեկեցության բարելավման կարևոր գործիք:
Միջոցառմանն ընդգծվեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա դինամիկայի և զարգացման համատեքստում ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում գործադիր և օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևոր նշանակությունը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում նշեց․ «Նոր գործընկերության օրակարգի և Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում, որոնք սահմանում են տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության հիմնական առաջնահերթությունները, Հայաստանը շարունակում է Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ հետևողականորեն իրականացնել բարեփոխումներ։ ՀԸԳՀ-ն նախ և առաջ մեր ու Եվրոպայի համատեղ արժեքների վրա հիմնված կայուն զարգացման տեսլականի դրսևորումն է։ Համաձայնագրի հաջողությունը չափվելու է բարեփոխումների շոշափելի արդյունքներով՝ քաղաքացիների կյանքի որակի վրա դրանց ազդեցությամբ»։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում վերահաստատեց․ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հանդիսանում է Հայաստան-ԵՄ գործընկերության ճանապարհային քարտեզ, որի նպատակն է խթանել կայուն և շարունակական բարեփոխումների իրականացումը՝ ի շահ քաղաքացիների և գործարար համայնքի։ Այս գործընկերությունն արտահայտում է փոխադարձ ընդունելի տեսլական և հավակնություններ․ Հայաստանը՝ որպես դիմակայուն և ժողովրդավարական պետություն, որն ամրապնդում է իր կապերը Եվրոպական միության հետ, իսկ Եվրոպական միությունը՝ որպես վստահելի գործընկեր»:
ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ելույթում ընդգծեց «Ազգային ժողովի առանցքային դերը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրավական ակտերի ընդունման և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության գործընթացում։ ՀԸԳՀ-ի նպատակների և կոնկրետ արդյունքների միջև կապի ամրապնդումը միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում է, որի լիիրավ անդամ է նաև Ազգային ժողովը։ Մենք կանգնած ենք մի հանգրվանում, երբ հնարավորություն կա ապահովելու ՀԸԳՀ-ի առավել արդյունավետ կիրարկումը»:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր ճանապարհային քարտեզը՝ ընդգծելով արդյունավետության հիմնական ցուցանիշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն, ինչպես նաև ԵՄ իրավական դաշտին համապատասխանեցման վրա կենտրոնացած մոտեցմամբ՝ միջոցառումների վերանայման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի ընթացիկ վիճակը՝ շեշտադրելով գործընթացի առաջնահերթություններն ու վերջին զարգացումները։
Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և գլխավոր բանակցող Մեգլենա Կունևան իր ելույթում ներկայացրեց Բուլղարիայի՝ Եվրոպական միությանը մոտարկման գործընթացում ունեցած սեփական փորձը։





