ԵՄ-ն, BMZ-ը և GIZ-ն աջակցում են Հայաստանում երիտասարդների կողմից իրականացվող ինը դրամաշնորհային ծրագրերին՝ խթանելով դրական փոփոխություններ

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին հաջողությամբ մեկնարկել են երիտասարդների կողմից իրականացվող ինը դրամաշնորհային ծրագրերը՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակներում։ Տեղական երիտասարդական կազմակերպությունների կողմից իրականացվող այս նախաձեռնությունները միտված են ներգրավելու հազարավոր երիտասարդների Հայաստանի տասը մարզերում՝ աջակցելու կարևոր սոցիալական, քաղաքացիական և բնապահպանական խնդիրների լուծմանը։ Նախաձեռնությունների հիմնական թեմատիկ ուղղություններն են․
- Կլիմայի փոփոխություն և շրջակա միջավայրի պաշտպանություն,
- Ավելի քիչ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներառում,
- Երիտասարդության մասնակցության ընդլայնում տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:
Տարբեր համայնքներում իրականացվող այս նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների հզորացմանը՝ խթանելով առաջնորդությունը, քաղաքացիական ներգրավվածությունը և բնապահպանական իրազեկվածությունը։ Յուրաքանչյուր ծրագիր նպատակ ունի ապահովել շոշափելի ազդեցություն՝ ոչ միայն տեղական համայնքներում, այլ նաև ազգային քաղաքականության քննարկումների և մշակման գործընթացում։
Ընտրված ծրագրերը ներառում են նորարարական նախաձեռնություններ՝ ուղղված երիտասարդների ներգրավվածության խթանմանը տեղական որոշումների կայացման գործընթացում, բնապահպանական կայունության պահպանմանը, երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանը և առաջնորդական հմտությունների զարգացմանը։ Գործողություններն իրականացվում են Հայաստանի մարզերում, ներառյալ Լոռիում, Տավուշում, Արմավիրում, Գեղարքունիքում, Սյունիքում, և այլն՝ ապահովելով համալիր և բազմակողմանի ազդեցություն։
Նախաձեռնությունները արդեն սկսել են իրականացվել և կշարունակվեն առաջիկա ամիսների ընթացքում՝ ընդգրկելով առաջնորդության վերապատրաստումներ, շահերի պաշտպանության արշավներ, համայնքային ծրագրեր և քաղաքացիական գործընթացներին մասնակցություն։ Երիտասարդներին տրամադրելով ինչպես անհրաժեշտ գործիքներ, այնպես էլ հնարավորություններ՝ ակտիվորեն ներգրավվելու իրենց համայնքների զարգացման գործում, այս ծրագրերը նպաստում են Հայաստանում երիտասարդների ակտիվ մասնակցությանը քաղաքականության ձևավորման և դրական փոփոխությունների խթանման գործընթացում։
Սույն նախաձեռնությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և իրականացվում է GIZ կողմից։

