ԵՄ-ն և Հայաստանը նշում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի(ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակը
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախարարներ, փոխնախարարներ, և կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց անդրադառնալու իրականացվող բարեփոխումների ուղղությամբ ձեռքբերված առաջընթացին և կրկին հաստատելու ՀԸԳՀ-ի իրականացման նկատմամբ համատեղ շարունակական հանձնառությունը:
Դեսպան Մարագոսն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարը և խթան է հաղորդում երկրում իրականացվող բարեփոխումներին և արդիականացմանը՝ համահունչ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգծում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը: Այն ապահովում է ամուր շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրի և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան խորացված համագործակցության համար՝ նպատակ ունենալով մարդկանց կյանքի համար դրական փոխություններ ապահովել: Տարիների ընթացքում ինտենսիվ աշխատել ենք համաձայնագրի ներուժը լիարժեք բացահայտելու և մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։ Այս տարի մեկնարկել ենք Դիմակայունության և աճի ծրագիրը, Խաղաղության եվրոպական հիմնադրամը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը՝ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի բարեփոխումներին, ենթակառուցվածքներին և տարածաշրջանային զարգացմանը՝ Հայաստանն ավելի մոտ դարձնելով եվրոպական չափանիշներին։ Միասին մենք հավատարիմ ենք առաջընթացի խթանմանը և մեր հավակնոտ նպատակներին հասնելու նվիրվածությանը»:
Փոխվարչապետ Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԸԳՀ-ի նշանակությանը` ընգծելով դրա դերը Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության ամրապնդման և ժողովրդի զարգացման գործում:
«ՀԸԳՀ-ը նախևառաջ Եվրոպայի հետ ունեցած մեր ընդհանուր արժեքների ու հավակնությունների վրա խարսխված կայուն զարգացման մասին երկուստեք ընկալումների արտացոլումն է: Այն Եվրոպայի հետ երկարաժամկետ ու փոխշահավետ հարաբերություններ կառուցելու մասին է: Համաձայնագիրը, ըստ էության, ուղեցույց է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, առևտրի, ներդրումների, հանրային կառավարման բարեփոխումների և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով երկկողմ համագործակցության համար։ Այս համաձայնագրի կիրարկման առաջընթացը չափվելու է ոչ թե տեխնիկական ֆորմալ արձանագրումներով, կամ քաղաքական հայտարարություններով, այլ քաղաքացու կենսամակարդակի վրա ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների ունեցած իրական ազդեցությամբ»,- նշել է փոխվարչապետը։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի կառավարությունը վերահաստատեցին իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու ՀԸԳՀ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը ՝ առիթն ընդգծելով որպես ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերի վկայություն: