ԵՄ-ն ու Հայաստանը ստորագրում են Կապակցվածության գործընկերությունը, ամրապնդում տնտեսական կապերը, խորացնում անվտանգության համագործակցությունը

Այսօր Երևանում տեղի ունեցավ Եվրոպական միություն – Հայաստան առաջին գագաթնաժողովը՝ ամրապնդելով համագործակցությունը կապակցվածության, անվտանգության, պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև տնտեսական զարգացման և մարդկանց միջև շփումների ուղղությամբ:
«ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը նոր ավելի բարձր մակարդակի է բարձրացնում մեր գործընկերությունը և սահմանում է առաջիկա տարիների մեր օրակարգի հստակ ուղղվածությունը: Այս աշխատանքի հիմքում ընկած է տարածաշրջանում խաղաղության և կայունության մեր համատեղ հանձնառությունը։ Առաջիկայում մենք նաև կխորացնենք քաղաքական երկխոսությունը, կամրապնդենք տնտեսական կապերը և կաշխատենք ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն ապագա կերտելու ուղղությամբ։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, Հարավային Կովկասի համար ընդհանուր տեսլականի և ինքնիշխան ընտրությունների նկատմամբ լիակատար հարգանքի վրա»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Գագաթնաժողովը հարթակ հանդիսացավ ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացի գնահատման, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ լայնածավալ մարտահրավերների քննարկման համար՝ ներառյալ խաղաղության օրակարգը և Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեցին ԵՄ-Հայաստան կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը, որը կարևոր քայլ է տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ամրապնդման ուղղությամբ։ Լիովին համահունչ ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ այն կնպաստի առևտրի խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը, դիմակայունության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունությանը։ Գործընկերության ինստիտուցիոնալացումը կիրականացվի ՀՀ–ԵՄ կապակցվածության բարձր մակարդակի երկխոսության և ՀՀ–ԵՄ բարձր մակարդակի տրանսպորտի երկխոսության միջոցով, որոնք մեկնարկեցին գագաթնաժողովի շրջանակում։

Բացի այդ, տնտեսական աճը խթանելու նպատակով հրապարակվել է Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ հետաքրքրության հայտերի ներկայացման հրավեր, որով ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում և Հայաստանում գրանցված ընկերությունները հրավիրվում են մշակելու երկրում ռազմավարական ներդրումային նախագծեր։ Մտադրության մասին առաջին նամակների ստորագրումը թվային ենթակառուցվածքների, կիսահաղորդչային հմտությունների զարգացման, նորարարական էկոհամակարգերի և մասնավոր ներդրումների մոբիլիզացման ոլորտներում գործող ընտրված մասնավոր հատվածի գործընկերների հետ էական դրական ազդեցություն կապահովի երկրի համար:
Հանդիսավոր կերպով հայկական կողմին է փոխանցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը: Զեկույցը հաստատում է արձանագրված լավ առաջընթացը և ներկայացնում առաջարկություններ դրա հետագա իրականացման հաջորդ քայլերի վերաբերյալ։
Բացի այդ, առաջնորդները ներկա են գտնվել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) և Հայաստանի ներքին գործերի նախարարության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ Աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրմանը, որը կխթանի սահմանների և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը՝ աջակցելով Հայաստանին մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործում։
Անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջնորդները ողջունեցին Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության հիմնումը։ Հայաստանի դիմումի հիման վրա ԵՄ-ն կաջակցի երկրի դիմակայունության ամրապնդմանը։ Բացի այդ, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի զինված ուժերին տրամադրվել 30 միլիոն եվրոյի հասնող ԵՄ աջակցության առաջին մատակարարումները:
Նախապատմություն
ԵՄ–Հայաստան գործընկերությունը հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և 2025 թվականի դեկտեմբերին ընդունված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա։
2024 թվականին հայտարարված՝ Հայաստանի համար 270 միլիոն եվրոյին համարժեք «Դիմակայունություն և աճ ծրագիր»- աջակցում է երկրում սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը՝ երեք հենասյունային ուղղություններով, մասնավորապես՝ ներդրումներ կատարելով կապակցվածության և բիզնեսի զարգացման մեջ, Հայաստանը մոտեցնելով ԵՄ-ին և խթանելով դիմակայուն ու ներառական հասարակությանը։
Այս շրջանակները աջակցություն են ցուցաբերում քաղաքական երկխոսության սերտացմանը, տնտեսական ինտեգրման խորացմանը և ոլորտային համագործակցության ամրապնդմանը՝ կենտրոնանալով ժողովրդավարական բարեփոխումների, առևտրի դիվերսիֆիկացման, էներգետիկ անվտանգության և թվային վերափոխման վրա։
Հավելյալ տեղեկությունների համար՝
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթը
ԵՄ-Հայաստան հարաբերություններ
Հայաստանում ներդրումների իրականացման հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր