ԵՄ-ն շարունակում է աջակցել ԼՂ-ից տեղահանված երեխաների ինտեգրման և սոցիալ-հոգեբանական կարիքների ապահովմանը
Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներից 30․306-ը երեխաներ են։
Երեխաների և նրանց ընտանիքների ունեցած բազմաթիվ խնդիրների հասցեագրման ու նրանց աջակցման նպատակով Եվրոպական միությունը դեռևս 2020 թ․-ից իրականացնում է մի շարք ծրագրեր։
Մասնավորապես, երեխաների սոցիալ-հոգեբանական և կրթական պահանջների ապահովման համար 2023 թվականի դեկտեմբերից մինչ 2024 թվականի հունիսը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացրել է «Տեղահանված երեխաների՝ Հայաստանում ինտեգրման, նրանց դիմակայունության ամրապնդման և հզորացման հրատապ աջակցության» ծրագիրը:
Հիմնադրամի գյուղական ծրագրերի ղեկավար Գայանե Վարդանյանն ասում է ԵՄ աջակցությամբ հնարավորինս արագ կարողացել են արագ արձագանքել տեղահանված երեխաների և նրանց ընտանիքի անդամների առաջնային կարիքներին և 6 ամիս իրականացնել բազմաբաղադրիչ ծրագիր, որն իր մեջ ներառել է սոցիալ-հոգեբանական, լոգոպեդական և կրթական ծառայություններ՝ Արմավիրի և Լոռու մարզում հաստատված փախստականների համար։
Պատերազմը կյանքի բնականոն ընթացքից դուրս երևույթ է և, որպեսզի փախստականները նախևառաջ կարողանային ճանաչել իրենց հույզերն ու ծանոթանալ սթրեսի հաղթահարման առաջնային մեխանիզմներին, ծրագրի շրջանակում տարիքային տարբեր խմբի անձանց հետ աշխատել են հիմնադրամի հոգեբանները։
Աննա Հարությունյանը նշում է՝ կենտրոններից յուրաքանչյուրը սպասարկել է 6-7 համայնքի և հոգեբանները նկատել են՝ բռնի տեղահանված անձանց մոտ դրսևորվել է վախ, տագնապ, անհանգստություն, պատերազմի մասնակիցների մոտ նաև՝ բարձր զգայունակություն ու դյուրագրգիռ պահվածք։ Ծրագրի այս բաղադրիչի իրականացման նպատակն է եղել տարիքային տարբեր խմբի փախստականների մոտ նվազեցնել տագնապայնության, լարվածության զգացողություններն ու աջակցել տրավմատիկ իրադարձությունների հաղթահարման գործում։
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ներառել է նաև լոգոպեդական աջակցություն, որը թույլ է տվել օգնել երեխաներին՝ զարգացնելու և բարելավելու լեզվական հմտություններն ու էլ ավելի արագ լուծելու սոցիալականացման հետ կապված խնդիրները։ 10-ամյա Մարիա Աբրահամյանը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է, այժմ բնակվում է ՀՀ Արմավիրի մարզում։ Նա «Տեղահանված երեխաների՝ Հայաստանում ինտեգրման, նրանց դիմակայունության ամրապնդման և հզորացման հրատապ աջակցության» ծրագրի շրջանակում օգտվել է լոգոպեդական աջակցությունից։
Միլանա և Արմինե Գաբրիելյանները ևս օգտվել են լոգոպեդական աջակցությունից։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Աշան գյուղից են, հիմա բնակվում են Արմավիրի մարզում։
6 ամսվա դասընթացներն, ասում են, իրենց արդյունքը տվել են։ Եթե մինչ այդ դժվարություններ էին ունենում հասակակիցների հետ հաղորդակցվելիս, ապա լոգոպեդների հետ աշխատելուց, խաղային մեթոդներով դասընթացներին մասնակցելուց հետո դրական փոփոխություններ են տեսնում։
Ծրագրի շրջանակում երեխաներին առաջարկվել է նաև ագրոտեխնոլոգիա խորագրով առանձին կրթական ուղղություն, քանի որ շատ ընտանիքներ բնակություն են հաստատել գյուղական համայնքներում և նպատակ է եղել երեխաներին փոխանցել այնպիսի գիտելիքներ, որոնք կիրառելի կլինեն նաև ընտանիքների համար, մասնավորապես տնամերձ հողամասերը մշակելիս։
15-ամյա Միրանդա Ասրյանը հենց ագրոտեխնոլոգիա դասընթացի մասնակիցներից է։ Նա ԼՂ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է։ Այժմ բնակվում է Լոռու մարզում։
Եվրոպական միության աջակցությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրին մասնակցել է շուրջ 300 երեխա։ Ծրագրին մասնակցելուց հետո նրանց կյանքում տեղի են ունեցել դրական փոփոխություններ, որոնք մեծապես բարելավել են նրանց կյանքի որակն ու սոցիալ-հոգեբանական վիճակը։
Եվրոպական միությունը շարունակում է հավատարիմ մնալ խոցելի խմբերին աջակցելու իր հանձնառությանը։