Skip to main content

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողություն

Երևան, 25 հունվարի 2022թ. – Այսօր ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ–ների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Ծրագիրն իր գործողության 24 ամսվա ընթացքում աջակցելու է Հայաստանի կառավարության արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ծրագրի հիմնական ոլորտներն են` իրավունքահեն հանրային ծառայությունների մատուցման ամրապնդում, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումներին աջակցություն, սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանում: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Հայաստանում Լեհաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ներկայացուցիչ Պավել Չեպլակը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակները և բաղադրիչները։

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի մասին

Ծրագիրը կազմված է ազգային բարեփոխումների առաջնահերթությունների վրա հիմնված հետևյալ երեք բաղադրիչներից․

Մարդու իրավունքների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ–ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Այն միտված է (ա) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների հզորացմանը, (բ) մարդու իրավունքների մասին իրազեկվածությանն ու կրթության խթանմանը, (գ) «Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի» մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավմանը։

Ոստիկանության բարեփոխումների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ–ի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։ Այն աջակցում է ոստիկանության ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր ներքին գործերի նախարարության ստեղծումը:

Սահմանադրական բարեփոխումների բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ նպաստելու սահմանադրական բարեփոխումների առաջխաղացմանը ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման միջոցով:

***

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»  ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: