ԵՄ աջակցությամբ քարտեզագրված «Լեգենդների արահետը» նպաստում է Սյունիքում տուրիզմի զարգացմանը
ՀՀ Սյունիքի մարզով անցնում է շուրջ 150 կմ երկարությամբ արահետ՝ ընդգրկելով Գորիս, Տաթև և Կապան համայնքների 30-ից ավելի գյուղական բնակավայրեր։ Խիտ կանաչ անտառներ, խոր ձորեր ու կիրճեր, հնավուրց հուշարձաններ, պատմական գյուղեր, հին ու նոր ուղիների հանդիպում․ «Լեգենդների արահետ»-ը յուրօրինակ փորձառություն է առաջարկում Սյունիք այցելողներին։
2018-2021 թթ․-ին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը «Արկածային տուրիզմի զարգացումը Սյունիքի մարզում» ծրագիրն է իրականացրել, որի շրջանակում նախ հավաքագրել է այն բնակավայրերի լեգենդներն ու ավանդազրույցները, որոնք անցնում են արահետով, այնուհետև քարտեզագրել ու բարեկարգել արահետը։
Լեգենդների արահետն այժմ Տրանսկովկասյան արահետի մաս է կազմում։
«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրն օգտակար է եղել նաև Սյունիքի մարզի համայքների զարգացման գործում։
Ծրագրի իրականացումից հետո Սյունիքի մարզը բացահայտելու ցանկություն ունեցողների թիվն ամեն տարի աճում է։ Շուրջ 2 տարի Հայաստանն արշավների միջոցով ճանաչող Արմենին հենց արահետի անունն է գրավել, ուսապարկը հավաքել է ու ընկերոջ հետ ուղևորվել Սյունիք։
Հին Խոտից մինչև Հին Հալիձոր․ արահետի այս հատվածն անցան ու գյուղական բնակավայրերի հնարավորությունները նորովի բացահայտեցին նաև Հայաստանում եվրոպական միության պատվիրակության և անդամ պետությունների ներկայացուցիչները։
Վալերիկ Գրիգորյանը ծնվել է Հին Խոտ գյուղում, այժմ ապրում է Խոտում, արահետին գտնվող այգի ունի, վերջին 4 տարիներին է հողը մշակել, ծառեր տնկել, ցանկապատել:
Անցնող-դարձող արշավականներին հաճախ իր այգու բերքից է հյուրասիրում, գյուղի մասին պատմում, ասում է՝ թե կացարան ունենար, նաև գիշերելու տեղ կտար զբոսաշրջիկներին։
Որպեսզի Սյունիք այցելողները կացարանի հարմար տարբերակ ունենան, ծրագրի շրջանակում անհրաժեշտ ենթակառուցվածքներով են ապահովել կամ որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրել նաև հյուրատների։
2011 թ․-ից Գորիսում գործող «Արեգակ B&B»-ն այդ հյուրատների ցանկում է։ Մարետա Սևումյանը հյուրատան հիմնադիրն է, խոհարարը, ամեն-ամեն ինչը։
Ինքն իր փոքրիկ կարմիր նոթատետրում, հյուրերն էլ՝ հյուրատան պատերին են քարտեզագրել աշխարհը։ Երևանից մինչև Նյու Յորք, Կոպենհագենից մինչև Ռիո դե Ժանեյրո․ աշխարհի որ մայրցամաքից ու երկրից ուզեք, Մարետան հյուր ունեցել է։ Ասում է՝ ամբողջ աշխարհն իր հյուրատանն է։
Փոքրիկ հյուրատան ներքին աշխարհագրությունը շատ մեծ է, հյուրերը գալիս են աշխարհի ամենատարբեր կետերից ու այցելում Լեգենդների արահետում գտնվող բնակավայրեր ու հուշարձաններ։
Ծրագրի ավարտից երեք տարի անց էլ Լեգենդների արահետը որպես տուրիստական ուղղություն շարունակում է պահպանել իր արդիականությունը`միմյանց կապելով մարդկանց, բնակավայրերը, մշակույթը և Հայաստանը նորովի բացահայտելու ցանկությունը։