Գիտնական Արայիկ Գրիգորյանը Էրազմուս ծրագրի և Հայաստանում երկրաբանական գիտությունների զարգացման հնարավորությունների մասին
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության լաբորատորիայի վարիչ, գիտությունների թեկնածու, դասախոս Արայիկ Գրիգորյանը մանրամասնում է, թե ինչպես է Էրազմուս ծրագիրը փոխել նրա և ուսանողների հետազոտական աշխատանքի մասին պատկերացումներն ու փոխգործակցության հնարավորություններ ստեղծել։
Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ ուսումնասիրություն եք այս պահին իրականացնում Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության լաբորատորիայում:
Լաբորատորիայում մենք իրականացնում ենք տարբեր ժամանակաշրջանների օրգանական, ծովային, ցամաքային մնացորդների ուսումնասիրություն, որը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու և պարզելու օրգանական աշխարհի էվոլյուցիան, տարածումը, նոր տեսակների ի հայտ գալը։ Ամենակարևորը, նաև ոչ միայն էվոլյուցիոն խնդիրներն ենք լուծում, այլ քանի որ, մենք գտնվում ենք երկրաբանության ոլորտում, որոշում ենք նրանց հասակները՝ այսինքն, կատարում ենք տարբեր հասակի նստվածքների հասակագրում: Հնէաբանությունը բավականին լայն ոլորտ է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու տարատեսակ երկրաբանական հարցեր: Այս լաբորատորիան միշտ կար, բայց ժամանակ առ ժամանակ մեկ միավորվում էր այլ լաբորատորիայի կամ բաժնի հետ: Ես Հայաստանի երկրաբանությունը, կոնկրետ հնէաբանության և շերտագրության ոլորտում, զարգացնելու և նոր մակարդակի հասցնելու հեռանկարներ տեսա, : Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով ինձ հաջողվեց, որովհետև մեր բոլոր հնէաբանական ձեռքբերումները օժտված են համաշխարհային գիտական կարևորությամբ ,այլ ոչ թե տեղական:
Ինչպե՞ս սկսվեց միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ։
Արդեն շուրջ 10 տարի է մենք համագործակցում ենք։ Մեր լաբորատորիան վերակազմավորվել է 2014 թվականին։ Մենք մեծ ծրագիր կազմեցինք տարբեր ժամանակաշրջանների հնէաբանական, շերտագրական ուսումնասիրության համար: Եվ դրա շնորհիվ ունեցանք երիտասարդներ, որ այնտեղ սովորեցին, պաշտպանեցին և ավարտեցին։ Բավականին մեծ հաջողություններ ունեցանք այդ ոլորտներում: Հայաստանում մենք պոտենցիալ ունենք, հրաշալի երկրաբանություն, իսկապես դասագրքային։ Նույնիսկ շատ երկրաբաններ, լինելով Հայաստանում, ընդգծում են այս փաստը։ Մեր թերությունն այն է, որ չունենք առաջնակարգ սարքավորումներ և շատ լաբորատոր հետազոտություններ կատարում ենք Լիլի համալսարանում, ինչպես օրինակ էլեկտրոնային միկրոսկոպիայի, տարբեր հասակի իզոտոպային որոշումներ և այլն։
Կարծում եք Էրազմուսի շրջանակում այդ համագործակցությունը արդյունավետ կարել՞ի է համարել, հաշվի առնելով Ձեր նշած փոխգործակցությունը։
Միշտ էլ երկրաբանները փորձառություն են ունենում և առաջ գնում համագործակցության շնորհիվ: Միշտ եղել են երկրաբանական ոլորտի տարբեր գիտաժողովներ, որոնց շնորհիվ տարբեր երկրների մասնագետներ համագործակցում են, փորձի փոխանակում իրականացնում, երիտասարդները` վերապատրաստվում։ Դա միշտ եղել է: Հիմա պարզապես մեր առջև ավելի լայն դռներ են բացվել։Խորհրդային միության փլուզումից հետո մեր պատուհանն էլ բացվեց ի վերջո։ Ժամանակին, երբ Մոսկվայի համալսարանի ասպիրանտ էի, Ավստրիայից առաջարկ էի ստացել, բայց ինձ պարզ ասացին, որ դրա մասին նույնիսկ չերազեմ։ Այսօր ունենք «պատուհան» դեպի Եվրոպա: Այս փաստը կարևոր է նրանով, որ հնարավորություն ունենք Հայաստանում զարգացնել հնէաբանությունն ու շերտագրությունը։ Հայաստանում մենք ներգրավում ենք տարբեր ուսանողներ, երիտասարդներ։ Այս պահին 8 երիտասարդ՝ և՛ ուսանողներ, և՛ մագիստրոս, և՛ ասպիրանտներ ակտիվորեն ներգրաված են մեր լաբորատոր աշխատանքում՝ թե ԵՊՀ-ից, թե՛ Ակադեմիայից: Նրանցից մեկը՝ Վահրամ Սերոբյանը, լինելով Ակադեմիայի և միաժամանակ Լիլի համալսարանի ասպիրանտ, նախանցյալ տարի սեպտեմբերին մեծ հաջողությամբ միջազգային ժյուրիի դիմաց պաշտպանեց իր թեզը՝ միջազգային գիտության, գրականության մեջ ասելով նոր խոսք։ Մեր ասպիրանտներից մյուսը՝ Խաչատրյան Սիրուշը, մեկնել է Ֆրանսիա՝ սեպտեմբերից, երեք տարով, կրկին որպես Լիլի համալսարանի ասպիրանտ, և զբաղվելու է բուսական մնացորդների ուսումնասիրությամբ։ Նրա հետազոտությունը ամբողջությամբ մի նորույթ է տվյալ բնագավառում։ ։
Միջազգային համագործակցության հնարավորությունն արդյոք երիտասարդների շրջանում գիտությամբ զբաղվելու հետաքրքրությունը մեծացրե՞լ է։
Նախկին ուսանողներիցս մեկը մի անգամ ասաց,- «Ընկեր Գրիգորյան, որ իմանայի այսքան հետաքրքիր է, ես լավ կուսումնասիրեի այս առարկան»: Մեր մոտ մագիստրոսների ոչ միայն ուսուցումը, այլև մասնագիտացումը շատ լավ է կազմակերպված: Ամեն լաբորատորիային կցվում է մեկական ուսանող։ Լինելով ուսումից դուրս ՝ հետազոտական, գիտական միջավայրում, նրանք կողմնորոշվում են, հետաքրքրվում։ Անցյալ տարվա ուսանողներից երեքը մագիստրատուրան ավարտել են, աշխատում են ինստիտուտի տարբեր լաբորատորիաներում: Դա մեծ ձեռքբերում է: Արտասահմանյան բուհերի հետ համագործակցումը շատ կարևոր է։ Երիտասարդը հնարավորություն է ունենում իրեն դրսևորել գիտության ոլորտում, ծանոթանում է օտարերկրացի մասնագետների հոդվածներին, և նոր համագործակցության հնարավորություն ստանում, այդ թվում՝ նաև ֆինանսական: