Ագրոբիզնեսի ոլորտի հայկական ՓՄՁ-ները Anuga 2025-ում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող՝ «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի աջակցությամբ ագրոբիզնեսի ոլորտի 15 հայկական ՓՄՁ-ներ մասնակցեցին սննդի և խմիչքների ոլորտի աշխարհի առաջատար միջազգային ցուցահանդեսներից մեկին՝ Anuga 2025-ին, որը կայացավ ս․թ․ հոկտեմբերի 4-8-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում։
Հայկական ՓՄՁ-ները ցուցադրեցին տեղական արտադրության բազմազան ապրանքներ՝ չրեր, թեյեր, պահածոներ, սոուսներ, քաղցրավենիք, շոկոլադ և այլ արտադրանք։
Ցուցահանդեսին մասնակցությունը դարձավ նշանակալի․ «Դարման» օրգանական բուսական թեյեր արտադրող ընկերությունը կնքեց վաճառքի պայմանագիր անմիջապես հայկական տաղավարում, ինչի շնորհիվ հայկական բուսական թեյերը շուտով կներկայացվեն Փարիզի Lafayette Gourmet խանութում։ Սա կարևոր քայլ է հայկական բնական արտադրանքի ճանաչելիությունը եվրոպական շուկայում ամրապնդելու ուղղությամբ։
Anuga-ն համարվում է համաշխարհային հարթակ սննդի արդյունաբերության մասնագետների համար՝ ծանոթանալու նորագույն միտումներին, նորարարություններին և կայուն լուծումներին։
Այս մասնակցությամբ հայաստանյան ՓՄՁ-ները շարունակել են ամրապնդել իրենց ներկայությունը միջազգային շուկաներում, ստացել արժեքավոր գիտելիքներ ԵՄ շուկայի պահանջների վերաբերյալ, խորացրել իրենց պատկերացումները շուկա մուտքի ռազմավարությունների շուրջ և ստեղծել նոր գործընկերային կապեր ու համագործակցության հնարավորություններ






