Զգալով ինչպես տանը․ԵՄ աջակցությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի փախստականներին ուղղված ծրագրեր
Եվրոպական միությունը 2023 թ․-ի սեպտեմբերից շարունակաբար աջակցություն է տրամադրում տեղական կազմակերպություններին՝ նրանց միջոցով Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար։
Ամենից խոցելի խմբերից են տարեցները: ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն գրանցված 115․183 փախստականներից 12․000-ը տարեցներ են։ Շուրջ 2500-ն արդեն իսկ աջակցություն են ստացել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շնորհիվ։
Մարդասիրական բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով ԵՄ-ն նպատակ ունի աջակցել այն մարդկանց, որոնք իրապես ֆինանսական և հոգեբանական օգնության կարիք ունեն։ Հատկապես ճգնաժամային իրավիճակներում տարեց փախստականներին տրամադրված օգնությունը Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից տրամադրվող մարդասիրական համապարփակ աջակցության բաղկացուցիչ մասն է։
ԵՄ աջակցությամբ «Մարդը կարիքի մեջ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունն առնվազն 1 տարեց ունեցող 4789 ընտանիքի տրամադրել է սննդի և հիգիենայի փաթեթներ ու սննդի, հիգիենայի և տնային պարագաների ձեռքբերման վաուչերներ։
ՀՀ մարզերից Սյունիքում թվով ամենաշատ տարեցներն են ապրում, բացի այդ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության միջոցով ԵՄ աջակցություն ստացած ընտանիքներում տարեց կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ։
«Մարդը կարիքի մեջ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին՝ հենվելով մարդասիրության, ազատության, հավասարության և համերաշխության գաղափարների վրա։ Մարդու արժանապատվությունն ու ազատությունն ընկերության համար հիմնարար արժեքներն են։
«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամն այն կազմակերպություններից մեկն է, որ 2023 թվականի դեկտեմբերից ԵՄ ֆինանսական աջակցությամբ ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեցների համար՝ Տարեցների դյուրին մուտքը «Ավագ սերնդի կենտրոն Սյունիքում» ծրագրի շրջանակներում։
Հիմնադրամը գործում է 2009 թվականից և իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կանանց զորեղացմանն ու համայնքի ուժեղացմանը։
«Մեր նպատակն է ստեղծել տարածք, որտեղ ծրագրի շահառուները նախ կկարողանան հաղթահարել հետպատերազմական հոգեբանական խնդիրները։ Կենտրոնը նաև կծառայի որպես տարեցների և երիտասարդների միջև երկխոսության հաստատման հարթակ»,-նշում է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Դանիելյանը։ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող Տարեցների դյուրին մուտքը «Ավագ սերնդի կենտրոն» ծրագրի շրջանակներում, որը սկսվել է 2023 թվականի դեկտեմբերին, «Վիննեթ Գորիս»-ի զարգացման հիմնադրամը աջակցում է շուրջ 100 տարեցների, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։ Լաուրան ծրագրի շահառուների թվում է։
67-ամյա Լաուրան Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Մամարք գյուղից է, 2020 թ․-ին բռնի տեղահանվելուց հետո հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
«Արցախում տունս կորցնելուց ու Գորիսում հաստատվելուց հետո, հիմա «Վիննեթ Գորիս» հիմնադրամ գալով զգացողություն ունեմ, որ նորից տանն եմ։ Միջավայրն ու մարդիկ շատ լավն են ու անում են ամեն բան՝ մեր առօրյան ու կյանքն առավել հետաքրքիր ու անհոգ դարձնելու համար», – ասում է Լաուրա Ադունցը։
ԵՄ ֆինանսական աջակցությամբ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը տարեցներին տրամադրում է նաև հիգիենայի պարագաներ, սնունդ, բժշկական օգնություն և ստեղծում հնարավորություններ՝ սոցիալացմանը նպաստող միջոցառումների համար, ինչպիսիք են, օրինակ, միասին պատրաստելը, սոցիալ-մշակութային միջոցառումների մասնակցելը։ Այժմ պլանավորված է նաև կենտրոնի վերանորոգում՝ այն ապահովելու անհրաժեշտ գույքով և պայմաններով։
Հիմնադրամը շահառուների համար պարբերաբար կազմակերպում է նաև հանդիպումներ փաստաբանների հետ, որպեսզի նրանց օգնությամբ շահառուները կարողանան լուծել իրենց փաստաթղթային հարցերը։
63-ամյա Լյուդմիլա Եդիգարյանը ևս ծրագրի շահառուներից է։ Նա մինչ 2020 թ․-ը բնակվել է Շուշի քաղաքում, այնուհետև տեղափոխվել մայրաքաղաք Ստեփանակերտ։ 2023թ․-ի տեղահանումից հետո հաստատվել է Գորիս քաղաքում։
«Ես ամեն անգամ չեմ ասում, թե ինչի կարիք ունեմ, ինձ կենտրոնից զանգում են, կանչում ու տրամադրում սնունդ, հիգիենայի պարագաներ, սպասք, վերջերս նաև լվացքի մեքենա գնեցին ինձ համար․ 5 ամիս է՝ ձեռքով էի լվացք անում։ Շուտով նաև պիտի թատրոն գնանք, բաց չեմ թողնի այդ հնարավորությունը, շատ հետաքրքիր կլինի», – ասում է Լյուդմիլան։
Նմանօրինակ ծրագրերի իրականացմամբ ԵՄ-ն անգնահատելի աշխատանք է կատարում ՝ մեծապես նպաստելով Լեռնային Ղարաբաղի փախստականների կյանքի որակի և հոգեբանական վիճակի բարելավմանը։