Ալավերդիում մեղվաբույծը ԵՄ աջակցությամբ հիմնել է ապիթերապիայի կենտրոն, որը միակն է տարածաշրջանում

Լոռու մարզի բնակիչ Վիգեն Մնացականյանը, ԵՄ ֆինանսական աջակցության շնորհիվ, կարողացել է իրականություն դարձնել իր տարիների երազանքը: Ալավերդի քաղաքում նրա հիմնած «Armbee» («Հայկական մեղու») ապիթերապիայի կենտրոնն իր հյուրընկալ դռներն է բացել աշխարհի տարբեր կողմերից ժամանող զբոսաշրջիկների առջև՝ օգնելով բացահայտել մեղվաբուծության գաղտնիքներն ու մեղվաբուժության առավելությունները:

«Ապի լատիներից թարգմանաբար նշանակում է «մեղու»: Մեր ապիտնակներում այցելուները կարող են անցնել ապիթերապիա, որը դրական է ազդում մարդու իմունային և նյարդային համակարգերի վրա»,- ասում է Վիգենը:

Նրա «Armbee» հանգստյան գոտին՝ տարածաշրջանում միակ ապիթերապիայի կենտրոնը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում ստացել է ֆինանսական աջակցություն:

Վիգենը որոշել է շարունակել իր պապու գործը, ով Լոռիում հայտնի մեղվաբույծ է եղել․ «Մեղվաբուծությամբ սկսել եմ զբաղվել 13 տարի առաջ: Ես պապուս աշակերտն եմ: 4-5 տարի իրենից սովորել եմ մեղվաբուծության գաղտնիքները, հետո՝ նրա մահից հետո որոշել եմ գործը շարունակել»:

Մեղվաբույծի խոսքով՝ նրա նպատակն է մարդկանց տեղեկացնել մեղվաբուծության և մեղվաբուժության մասին՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Վիգենի  ցանկությունը բիզնես պլանի վերածելու և հետագայում բիզնես հիմնելու գործում շատ կարևոր են եղել ծրագրի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացները: 

«ԵՄ աջակցությամբ կազմակերպված դասընթացներն ինձ օգնել են սովորել ինչպես գտնել ֆինանսական միջոցներ: Այդ թրեյնինգների նպատակներից էր նաև մեզ սովորեցնել բիզնես մարտավարություն, ինչպես քո սեփական բիզնեսն ընդլայնել», – նշում է նա:

Վիգենի խոսքով՝ նա ցանկանում է Ալավերդին նաև իր ապիտնակների գաղափարի շնորհիվ ավելի գրավիչ դարձնել Լոռու մարզ այցելող զբոսաշրջիկների համար․ «Քանի որ Ալավերդին հայտնի է իր տուրիստական վայրերով, տուրիստական մեծ հոսք ունենք, որոշեցի ստեղծել այնպիսի բան, որը չկար տարածաշրջանում ու կարող էր շատ լավ բիզնես դառնալ: Սկզբնական շրջանում ցանկանում էի զբաղվել միայն մեղվաբուծությամբ, բայց, երբ իմացա ԵՄ աջակցությամբ իրականացվող ՓՄՁ-ներին օգնելու ծրագրի մասին, որոշեցի դիմել հենց ապիթերապիայի կենտրոն ստեղծելու համար: Մեղվաբուժության կենտրոն, որտեղ մեր այցելուները կարող են ինֆորմացիա ստանալ մեղվաբուծության մասին՝ համատեղելով իրենց հանգիստը»:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022