EU4Youth. Երկարաժամկետ փոփոխության հայ երիտասարդների համար

Ոչ ֆորմալ կրթությունն ու երիտասարդական նախաձեռնությունները շատերի համար դարձել են իրական փոփոխությունների սկիզբ։ Այդպիսի նախաձեռնություններից էր «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth Alumni Network) ծրագիրը: Հինգ տարի անց էլ՝ նույնիսկ ծրագրի ավարտից հետո, ցանցի շրջանավարտ երիտասարդներից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը՝ փոփոխություններ բերելով իրենց համայնքներում եւ ստեղծելով նոր հնարավորություններ թե՛ իրենց, թե՛ մյուսների համար։
Այդ երիտասարդներից է Լիլիթ Սոֆյանը՝ Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղից: Նա այսօր էլ շարունակում է կամավոր հիմունքներով աշխատել Հոբարձիի եւ Գյուլագարակի մյուս բնակավայրերի երիտասարդների հետ՝ ստեղծելով հնարավորություններ եւ միջավայր, որտեղ նրանք կարող են զարգանալ, գտնել իրենց ուղին եւ հավատալ սեփական գաղափարների իրականացմանը:
Մեդիամաքսի հետ զրույցում Լիլիթը պատմել է, թե ինչպես է EU4Youth-ի շրջանավարտների ցանցի միջոցով ձեռք բերված հմտությունները վերածել երկարաժամկետ ազդեցության եւ նոր հնարավորությունների:
EU4Youth շրջանավարտների ցանցը՝ Լիլիթի աշխատանքի խթան
Լիլիթը «ԵՄ-ն հանուն երիտասարդության նախաձեռնության շրջանավարտների ցանց» ծրագրի մասին իմացել է 2021 թվականին՝ ընկերներից, որոնք եւս մասնացել էին դրան:

«Իմ ակտիվությունը, հասարակական գործունեությունը սկսել եմ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունից: Դրա միջոցով իմացել եմ՝ ինչ է կամավորությունը, ինչ է երիտասարդական ներգրավվածությունը: Դրանից ոգեշնչված էլ ցանկանում էի որեւէ լավ բան անել իմ համայնքում: Մտածեցի, որ EU4Youth Alumni Network-ը շատ լավ հնարավորություն կդառնափորձառությունս, գիտելիքս կիսելու իմ համայնքի երիտասարդների հետ Հոբարձիում, ինչպես նաեւ զարգացնելու թե՛ իմ, թե՛ նրանց հմտությունները»,- պատմում է նա:
Ծրագրի ընդհանուր տեւողությունը 8 ամիս էր: Լիլիթը դրա առաջին շրջափուլը սկսել է իրականացնել 2021 թվականի փետրվարից. «Այդ ժամանակ ինձ մոտ շատ զբաղված շրջան էր, համ աշխատում էի Երեւանում, համ էլ սովորում, բայց հասցնում էի ամսական երկու անգամ թիմակառուցման եւ թեմատիկ հանդիպում-քննարկումներ կազմակերպել: Քանի որ հանդիպումներին հիմնականում մասնակցում էին 13-17 տարեկան պատանիներ՝ հաճախ քննարկման հիմնական թեմա էր դառնում նրանց ամենաշատը հուզող՝ մասնագիտական կողմնորոշման հարցը: Փորձում էի օգնել ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Հենց այդ ժամանակ էլ մասնագիտության եւ գենդերային կարծրատիպերի համադրության թեմայով սեմինար անցկացրինք՝ քննարկելու, որ պետք չէ առաջնորդվել հասարակության կարծրատիպերով, եւ եթե աղջիկն իսկապես ուզում է ընտրել մեխանիկի մասնագիտությունը, ուրեմն պետք է անի դա»:
Լիլիթը կարեւորում է նաեւ ծրագրի ընթացքում երիտասարդների կապը ոչ միայն միջհամայնքային, այլեւ միջմարզային մակարդակով. «Ծրագրի ընթացքում այցելեցինք Գյումրի, ուսումնական այցով հյուրընկալվեցինք Գյումրու երիտասարդների տանը, հանդիպեցինք տեղի երիտասարդների, փոխանակեցինք փորձ, մտքեր, միմյանց պատմեցինք Լոռու եւ Շիրակի մարզերի ավանդույթների ու մշակութային տարբերությունների մասին։ Ի դեպ, ծրագրին մասնակցած երիտասարդները մինչ օրս էլ լավ ընկերական հարաբերություններ ունեն գյումրեցիների հետ: Այցը կարեւոր էր նաեւ նրանով, որ Հոբարձիի երիտասարդները եղան Թումոյում, ավելի լավ պատկերացում կազմեցին ժամանակակից մասնագիտությունների մասին, շատերը նոր հետաքրքրություններ ձեռք բերեցին, էլ ավելի լավ կողմնորոշվեցին հետագա մասնագիտական ուղղության հարցում: Ինձ համար շատ ուրախալի փաստ է, որ EU4Youth-ի մեկնարկը մեծ ազդեցություն ունեցավ իմ համայնքի երիտասարդների ավելի նախաձեռնող դառնալու եւ երիտասարդական ակտիվ միջավայր ձեւավորելու վրա:
Ծրագրի շրջանակում մեր համայնքում հյուրընկալեցինք Թալինում միեւնույն ցանցին (EU4Youth Alumni Network) մասնակցող ավելի քան 30 հայ եւ եզդի երիտասարդների՝ կրթական արշավ իրականացնելով դեպի Գյուլագարակ համայնքի պատմամշակութային վայրեր՝ այդպիսով ամրապնդելով կապերը տարբեր համայնքների միջեւ, ճանաչելի դարձնելով Հայաստանի գյուղերն ու մարդկանց, եւ ոչ միայն ընկերանալու, այլ նաեւ միասին սովորելու եւ հմտություններ զարգացնելու նպատակով»:
Երիտասարդների նկատմամբ նվիրվածությունն ու համապատասխան աշխատանքը
EU4Youth-ի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքում Լիլիթը նաեւ ծանոթացավ իր ապագա գործատուի՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ հետ եւ այժմ աշխատում է որպես Գուգարքի, Պտղավանի, Ալավերդու եւ Ագարակի համայնքների համար նախատեսված «Ինովարիում» երիտասարդական ծրագրի ղեկավար.
«Երբ EU4Youth ծրագրի առաջին շրջափուլն էինք իրականացնում, հյուրեր էինք ունենում, որոնք մեր համայնքի երիտասարդների հետ կիսվում էին իրենց փորձով, խորհուրդներ տալիս, պատմում կամավորության մասին: Մեր հյուրերից մեկը՝ Մերի Մամյանը, պատմեց մեկ այլ հնարավորության՝ «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի «Ինովարիում» երիտասարդական ծրագրի մասին: Այն նպաստում է երիտասարդների քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացմանը՝ խաղայնացված կրթական գործընթացի շնորհիվ: Օրինակ՝ երիտասարդներն առաջադրանք են ստանում բացահայտելու իրենց համայնքի խնդիրները, վերլուծելու դրանք եւ փորձելու լուծումներ գտնել՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ։ Մեր համայնքի երիտասարդներով թիմ կազմեցինք, դիմեցինք եւ անցանք: Հետագայում մեր թիմն ավելի մեծացավ եւ առաջին փորձն ունեցանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու»:
«Ինովարիում» ծրագրի արդյունքում երիտասարդների թիմը, որպես համայնքային զարգացման նախագիծ, Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղում հիմնել է նաեւ «Քունջ ու Պուճախ» երիտասարդական ակումբը, որը ղեկավարում է Լիլիթը։ Այդտեղ կամավորում են այն նույն երիտասարդներից շատերը, որոնց հետ նա աշխատել է EU4Youth ծրագիրն իրականացնելիս:
SkillUP Lori-ն եւ համագործակցությունը EU4Youth շրջանավարտների ցանցում
«EU4Youth շրջանավարտների ցանցում շատ կարեւոր էր նաեւ համագործակցության մշակույթի զարգացումը: Այդ նպատակով էլ սկսեցի աշխատել ծրագրի շրջանավարտներից Մադլեն Մինասյանի հետ: Նրա հետ 2023 թվականին Գյուլագարակի եւ հարակից գյուղերի երիտասարդների համար նախաձեռնեցինք SkillUP Lori-ն, որով նպատակ ունեինք շուրջ 25 երիտասարդի մոտ զարգացնել փափուկ հմտություններ, կազմակերպչական, առաջնորդական, քննադատական մտածելակերպ, նաեւ տալ հնարավորություն ինքնադրսեւորվելու, բացահայտելու իրենց տաղանդները եւ զարգացնել գիտելիք իրենց հետաքրքրող թեմաների շուրջ (հաղորդակցություն, ֆինանսական գրագիտություն, անձնային աճ, համայնքային ներգրավվածություն, սոցիալական մեդիայի ազդեցությունը, առողջ ապրելակերպ, թափոնների վերամշակում, ճամբարները եւ կրթական արշավներ): Սա նաեւ լավ հնարավորություն էր համայնքի տարբեր գյուղերի երեխաների միջեւ ընկերություն սերմանել, իրար ավելի մոտեցնել»,- պատմում է Լիլիթը:
Լիլիթի խոսքով՝ SkillUP Lori-ի միջոցով կազմակերպված ճամբարները հնարավորություն են տալիս ոչ միայն համայնքների ակտիվությունը պահպանել, այլեւ շատ երիտասարդների՝ ջոկատավարի փորձ եւ կազմակերպչական կարողություններ ձեռք բերել. «Մեզ համար շատ կարեւոր էր ջոկատավար ընտրել նրանց, ովքեր այս տարիների ընթացքում ունեցել են անձնային աճ ու զարգացրել առաջնորդական հմտություններ, կարող են իրենց ներդրումն ունենալ եւ թիմ կառավարել: Նշեմ, որ SkillUP Lori-ի շրջանակում կազմակերպվող ճամբարներից զատ՝ նախորդ տարի ամռանը չորսօրյա ճամբար կազմակերպեցինք՝ առանց որեւէ կառույցի օգնության եւ ռեսուրսների: Այս ամենն իրականացնել օգնում են այն երիտասարդները, որոնց հետ սկսեցի աշխատել հինգ տարի առաջ»:
Ճամբարի ջոկատավարներից են եղել Սոնա Միրոզյանն ու Սուսաննա Դավոյանը, որոնք Լիլիթի հետ աշխատելու փորձ ունեցել էին EU4Youth ծրագրի նախորդ փուլերում։
«Երիտասարդների ակտիվությունն ու համայնքին օգտակար լինելու ցանկությունը ձեւավորվել է ԵՄ-ն հանուն երիտասարդության շրջանավարտների ցանցի ծրագրի շնորհիվ: Իսկ արդեն ճամբարում ջոկատավար լինելն ինձ համար կարեւոր փորձ էր՝ թե՛ երեխաների հետ աշխատելու, թե՛ կազմակերպչական հմտություններ ձեռք բերելու առումով։ Ճամբարին մասնակցում էին ոչ միայն մեր գյուղի, այլեւ հարակից համայնքների երեխաները, ինչը լավ հնարավորություն էր նոր մարդկանց ճանաչելու համար»,- ասում է Սոնան։
Արդեն ուսանող Սուսաննա Դավոյանը հիշում է, որ, երբ EU4Youth ծրագրով սկսեց մասնակցել իր համայնքում անցկացվող միջոցառումներին, ընդամենը 14 տարեկան էր. «Սկզբում մեզ համար հեշտ չէր ընտելանալ այդ ամենին, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ արժեքավոր փորձ էր։ Ձեռք բերեցինք տարբեր հմտություններ, աջակցություն ստացանք մասնագիտական կողմնորոշման հարցում, ծանոթացանք նոր մարդկանց՝ նաեւ այլ համայնքներից։ Այնուհետեւ ճամբարների եւ SkillUP Lori-ի շնորհիվ բացահայտեցինք կամավորությունը՝ որպես ջոկատավար աշխատելով երեխաների հետ։ Միաժամանակ, սա մեզ համար կարեւոր հնարավորություն էր զարգացնելու թե՛ երեխաների հետ աշխատանքի, թե՛ մեր կազմակերպչական հմտությունները»։
Մեդիագրագիտություն նախագիծը
Լիլիթի եւ Մադլենի համագործակցությամբ Գյուլագարակ համայնքի տարբեր բնակավայրերի (Հոբարձի, Գարգառ, Վարդաբլուր, Կուրթան) երիտասարդների համար «Քունջ ու Պուճախ» երիտասարդական ակումբում նաեւ մեդիագրագիտության դասընթացներ են անցկացվել:
«Այսպիսի դասընթաց («Փաստերի ստուգման ակումբ») անցկացնելը Մադլենի նախաձեռնությունն էր, ես էլ սիրով օգնեցի կազմակերպչական հարցերում: Տրամադրեցինք մեր ակումբի տարածքը ծրագրի իրականացման համար։ Դասընթացին մասնակցող 16 պատանի ուսումնասիրեց մեդիամանիպուլյացիաների դրսեւորումները հայաստանյան իրականությունում՝ փորձելով հասկանալ՝ ինչպես կարելի է ճանաչել մանիպուլյատիվ բովանդակությունը եւ կանխել դրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա։ Նրանք նաեւ սովորեցին օգտագործել ընդլայնված որոնման գործիքները, հասկանալ՝ ինչպես կատարել արդյունավետ որոնում եւ գտնել առավել վստահելի տեղեկատվական աղբյուրներ։ Ուսումնասիրեցին նաեւ կիբեռանվտանգության թեման, քննարկեցին թվային հիգիենայի, անվտանգ գաղտնաբառերի եւ անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը»,- ասում է Լիլիթը:
Կարճաժամկետ ծրագրի երկարաժամկետ արդյունքը
Թեեւ EU4Youth շրջանավարտների ցանցն արդեն ավարտել է իր գործունեությունը, ծրագրի ազդեցությունը շարունակում է զգացվել համայնքներում: Լիլիթը նշում է, որ Հայաստանում երիտասարդներին տրամադրվող ինստիտուցիոնալ աջակցության կայունության հարցը շարունակում է մնալ կարեւոր եւ քննարկվող թեմա։
«EU4Youth-ը ցույց տվեց, թե ինչպես կարող է կարճաժամկետ ծրագիրը բերել երկարաժամկետ արդյունքներ։ Մինչ այդ անգամ չէի պատկերացնում, թե ինչ է նշանակում աշխատել երիտասարդների հետ, եւ չէի մտածում, որ այս ուղղությամբ կզարգանամ։ Սակայն այս փորձը փոխեց իմ մոտեցումը․ հասկացա, որ որքան էներգիա ես ներդնում, կրկնակի ստանում ես երիտասարդներից։ Հետագայում սա դարձավ նաեւ իմ մասնագիտական ուղու սկիզբը: EU4Youth-ի ամենամեծ արդյունքն ինձ համար երիտասարդների շարունակական ակտիվությունն է եւ նոր նախաձեռնություններ սկսելու պատրաստակամությունը»,- ամփոփում է խոսքը Լիլիթը:
Անահիտ Բաղդասարյան
Հոդվածը տպագրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն ՝ Mediamax.am
The post EU4Youth. Երկարաժամկետ փոփոխության հայ երիտասարդների համար appeared first on EU NEIGHBOURS east.











