Skip to main content

Տեսանկյունների մերձեցում․ ավարտվեց Հայաստան–Թուրքիա մեդիա ավտոբուսային շրջայցը

23/10/2026

Հոկտեմբերին Հայաստանից և Թուրքիայից լրագրողներն ու մեդիա ոլորտի մասնագետները միասին ճանապարհորդեցին «Հայաստան-Թուրքիա մեդիա ավտոբուսային շրջայց» նախաձեռնության շրջանակում։ Նախաձեռնությունը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» (ԵՀՀ), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ), «Հրանտ Դինք» հիմնադրամի (ՀԴՀ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կոնսորցիումի կողմից:

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ ԵՄ պատվիրակությունն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախաձեռնությանը․

«Եվրոպական միությունն ուրախ է աջակցել Հայաստան-Թուրքիա լրատվամիջոցների ներկայացուցիչների ավտոբուսով համատեղ շրջայցին, որի նպատակն էր կառուցել կամուրջներ երկու երկրների լրագրողների միջև, խթանել բաց երկխոսություն և նպաստել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը»։

Հոկտեմբերի 15-ին մեկնարկած համատեղ մեդիա շրջայցի մասնակիցները շրջագայեցին Թուրքիայով՝ ծանոթանալով լրատվամիջոցների խմբագրություններին, պատմամշակութային վայրերին և առանցքային բիզնես կենտրոններին Ստամբուլում, Իզմիրում և Դիարբեքիրում, որից հետո ուղևորվեցին Հայաստան՝ սահմանի մյուս կողմում տեղի իրողություններին, համայնքային հեռանկարներին և միջսահմանային ներուժին ծանոթանալու համար:

Մինչ ուղևորության առաջին փուլը մասնակիցներին հնարավորություն տվեց արժեքավոր պատկերացում կազմել Թուրքիայի արդյունաբերական, մշակութային և մեդիա դաշտի վերաբերյալ, ճանապարհորդությունն իր գագաթնակետին հասավ Հայաստանում, որտեղ պատվիրակությունն ուղղակիորեն շփվեց տեղական կազմակերպությունների, քաղաքականություն մշակողների և տարածաշրջանային զարգացումների հետ:

Տուրի հայաստանյան հատվածը ծառայեց որպես առանցքային հարթակ՝ տարածաշրջանային ինտեգրման և միջսահմանային համագործակցության շուրջ բարձր մակարդակի երկխոսության համար: Հայաստանում պատվիրակության հիմնական կանգառը հյուրընկալվել էր «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կողմից, որտեղ լրագրողները հանդիպեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև Պատվիրակության և ԵՀՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում լրագրողները ծավալեցին բաց քննարկումներ Հայաստան – Թուրքիա ցամաքային սահմանի հնարավոր բացման, տարածաշրջանային կարգավորման աջակցման գործում Եվրոպական միության ընթացիկ դերի, ինչպես նաև տնտեսական և քաղաքացիական հասարակության համագործակցության ապագա հեռանկարների շուրջ:

Երևանում խումբն մասնակցեց COP17 համաժողովին՝ այցելելով կոնսորցիումի գործընկեր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տաղավար, ինչպես նաև «Կանաչ գոտու» այլ ցուցահանդեսներ, ինչով էլ ազդարարվեց համատեղ ուղևորության պաշտոնական ավարտը:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն