Կոմպոստամանի դասը. Թափոնից՝ արժեք

Այն, ինչ լցվում է թմբուկավոր կոմպոստամանի մեջ, առաջին հայացքից սովորաբար դեն նետվող թափոն է թվում՝ սնկերի աճեցումից մնացած սուբստրատ, ծղոտ, սուրճի մրուր։ Կափարիչը փակվում է, իսկ բռնակի օգնությամբ թմբուկը պտտվում է, և հաջորդող շաբաթների ընթացքում օրգանական մնացորդները դանդաղորեն վերածվում են կոմպոստի, որը կարող է օգտագործվել հողի որակը բարելավելու համար: Երևանի թիվ 116 դպրոցում աշակերտներն են իրականացնում այս փոխակերպումը։ Նրանց դպրոցը Հայաստանի 13 ցուցադրական վայրերից մեկն է, որտեղ «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը տեղադրել է կոմպոստամաններ։ Եվրամիության աջակցությամբ կազմակերպությունը միավորել է ֆերմերներին, մանկավարժներին և աշակերտներին՝ շրջանաձև տնտեսության սկզբունքները տեսանելի, շոշափելի և գործնականում կիրառելի դարձնելու համար։
Երևանի Ս. Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում բնության դասերը չեն սահմանափակվում դասասենյակով։ Դպրոցի նկուղում կենսաբանության ուսուցչուհի Լուսինե Գյուրջինյանն ութերորդ դասարանի աշակերտների հետ միասին ղեկավարում է «MycoHub EduLab»-ը՝ սնկերի աճեցման փոքր ֆերմա։ Սակայն սնկերի արտադրությունից հետո մնում են նաև օրգանական նյութեր՝ օգտագործված սուբստրատ, ծղոտ և սուրճի մրուր։ Ուսուցչուհու խոսքով՝ իրենց համար կարևոր էր գտնել լուծումներ, որոնք թույլ կտային այս օրգանական մնացորդները ոչ թե պարզապես դեն նետել, այլ վերածել արժեքավոր ռեսուրսի։
Այդ հարցի պատասխանը գտնելու համար նա սկսեց համագործակցել «Օրգանական Հայաստան»-ի հետ։






2019 թվականին հիմնադրված հասարակական կազմակերպությունն աշխատում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ։ 2025 թվականին, «Impact Hub»-ի միջոցով Եվրամիության աջակցությամբ, այն սկսեց գիտելիքների փոխանակման նախաձեռնություն՝ օրգանական գյուղատնտեսության և օրգանական թափոնների գործնական օգտագործման միջև կապ ստեղծելու նպատակով։ «Կարևոր է բարձրացնել շրջանաձև տնտեսության սկզբունքների վերաբերյալ իրազեկվածությունը և այդ գաղափարները վերածել գյուղատնտեսության ոլորտում կիրառվող գործնական մոտեցումների»,- բացատրում է «Օրգանական Հայաստան»-ի ղեկավար Լուսինե Նալբանդյանը։ «Եվ առաջին հերթին մենք սկսեցինք աշխատել մանկավարժների հետ, որոնք կրթական միջավայրում դառնում են այս գաղափարները տարածող հիմնական դերակատարները»։
Դասընթացներից մինչև ֆերմա
Լուսինե Գյուրջինյանն այն 90 մանկավարժներից մեկն էր, որոնք մասնակցեցին «Օրգանական Հայաստան»-ի կազմակերպած առցանց դասընթացներին։ Դասընթացներն ընդգրկում էին օրգանական գյուղատնտեսություն, շրջանաձև տնտեսություն, զրոյական թափոն, կոմպոստացում և որդակոմպոստացում թեմաները՝ տալով գործնական գիտելիքներ այն մասին, թե ինչպես կարելի է օրգանական մնացորդները տեսակավորել, կառավարել, վերաօգտագործել և վերադարձնել արտադրական ցիկլ։ Լուսինեի համար դասընթացները հնարավորություն էին՝ նորովի արժևորելու այն ամենը, ինչը սովորաբար դեն է նետվում։ ««Թափոն» հասկացությունը, ըստ էության, սխալ մտածելակերպի արդյունք է»,- ասում է ուսուցչուհին։ «Բնության մեջ վերջնական թափոն գոյություն չունի՝ ցանկացած արտադրական կամ կենսաբանական մնացորդ կարող է դառնալ նոր ցիկլի սկիզբ»։
Մասնակիցները նաև ծանոթացան շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառմանը գյուղատնտեսության մեջ։ «Զրոյական թափոն․ կայուն և օրգանական արտադրություն» գործնական դասընթացի ընթացքում արտադրողները, ֆերմերները և «Օրգանական Հայաստան»-ի անդամները ծանոթացան կոմպոստացման տարբեր եղանակներին, այդ թվում՝ կոմպոստամանների օգտագործմանը։ Նրանք նաև սովորեցին, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի կոմպոստացնել, ինչ պայմաններ են անհրաժեշտ այդ գործընթացի համար, և ինչպես կարելի է օգտագործել ստացված կոմպոստը։
Այնուհետև կազմակերպությունը մանկավարժների և ֆերմերների համար այցելություններ կազմակերպեց դեպի չորս օրգանական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր շրջանաձև տնտեսության սկզբունքները գործնականում կիրառելու յուրօրինակ եղանակ։








Ագարակում գտնվող «Առատ Հայաստան» տնտեսությունում մասնակիցներն ուսումնասիրեցին, թե խոնավությունը, ջերմաստիճանը և pH-ն ինչպես են ազդում կոմպոստացման գործընթացի վրա։ Եղվարդում գտնվող «Ջայլամների այգի» տնտեսությունում նրանք տեսան, թե ինչպես կարելի է վերաօգտագործել նյութերը, որոնք այլապես կդառնային թափոն․ ջայլամի փետուրներից պատրաստվում են հուշանվերներ և այլ պարագաներ։ Գոմաղբն օգտագործվում է հողի հատկությունները բարելավելու նպատակով։
Արագյուղում գտնվող ընտանեկան «Այրայի այգիներ» տնտեսությունում, որը մասնագիտացած է բուսաբուծության և թռչնաբուծության մեջ, մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է գործունեության այս ուղղություններում կիրառել շրջանաձև տնտեսության սկզբունքներ և նվազեցնել թափոնները, օրինակ՝ կոմպոստի միջոցով բարձրացնել հողի բերրիությունը կամ միջատներին վանելու համար թավշածաղիկ տնկել։
«Բարի ֆարմ» տնտեսությունում մասնակիցներն անձամբ փորձեցին որդակոմպոստացումը՝ պատրաստելով օրգանական նյութերի խառնուրդ՝ որդերի միջոցով կոմպոստ ստանալու համար։ Տնտեսության օրինակը նաև ցույց տվեց, թե ինչպես կարելի է ռեսուրսներին նոր կիրառություն տալ և շարունակել օգտագործել դրանք։ «Մենք կոմպոստացման համար պիտանի օրգանական մնացորդները դեն նետելու փոխարեն կոմպոստացնում ենք։ Սալորի կորիզներից ստանում ենք յուղ՝ կոսմետիկ արտադրանք պատրաստելու համար, իսկ կորիզների մնացած կարծր պատյաններն օգտագործում ենք որպես ցանքածածկ՝ ծառերի տակ»,- բացատրում է Գոհար Մովսիսյանը, որն իր ընտանիքի հետ ղեկավարում է տնտեսությունը։ «Ես ցանկանում էի, որ մասնակիցները տեսնեին, թե ինչպես են շրջանաձև տնտեսության սկզբունքները գործնականում կիրառվում գործող օրգանական տնտեսությունում, որպեսզի նրանք կարողանան այդ փորձը փոխանցել իրենց աշակերտներին և համայնքներին»:
Թափոնների գործնական օգտագործումը
Իրական փորձությունը սկսվեց դասընթացներից և այցելություններից հետո․ կկարողանա՞յին մասնակիցները ստացած գիտելիքները կիրառել և տարածել իրենց դպրոցներում ու տնտեսություններում։ «Օրգանական Հայաստան»-ն աջակցեց դրան՝ կրթական հաստատություններում և տնտեսություններում կոմպոստամաններով հագեցած 13 ցուցադրական վայր ստեղծելով՝ Երևանում և Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի ու Արարատի մարզերում։
Կոմպոստամանները հնարավորություն տվեցին հետևելու կոմպոստացման ընթացքին և անձամբ մասնակցելու դրան։ Թիվ 116 դպրոցում նոր կոմպոստամանը դարձավ էկոակումբի և «MycoHub EduLab»-ի գործունեության մի մասը։ Դպրոցը նաև այս փորձի հիման վրա հարևան դպրոցների և մանկապարտեզների երեխաներին ծանոթացրեց սնկերի աճեցման և զրոյական թափոնի գործելակերպերին։ Տնտեսություններում կոմպոստամանները հնարավորություն տվեցին գործնականում ցուցադրելու կոմպոստացումն ու որդակոմպոստացումը և այս գործելակերպերը ներկայացնելու այցելուներին ու այլ ֆերմերներին։
Գործնական ցուցադրություններին զուգահեռ դպրոցներում անցկացվեցին չորս շարժական ցուցահանդեսներ։ Յուրաքանչյուր ցուցահանդես երկու շաբաթ ներկայացված էր մասնակից դպրոցներից մեկում։ Աշակերտները տեղեկանում էին, թե ինչ է կոմպոստը, ինչպես է այն պատրաստվում և ինչ նյութեր կարելի է լցնել կոմպոստամանի մեջ։ Ցուցահանդեսները նաև ներկայացնում էին, թե ինչպես են սննդամթերքի արտադրությունից առաջացած օրգանական մնացորդներն օգտագործվում որպես կոմպոստ՝ օգնելով աշակերտներին հասկանալ ռեսուրսների շրջանառության փակ համակարգը։








Այսպես գաղափարները սկսեցին տարածվել։ Լուսինե Գյուրջինյանը շրջանաձև տնտեսության սկզբունքներին ծանոթացրեց ութերորդ դասարանի աշակերտներին և ուսուցիչներին՝ նրանց համար սեմինար կազմակերպելով։ Գավառում և Կարմիրգյուղում մասնակիցները ստեղծեցին երկու կոմպոստացման ակումբ՝ դասերն ու քննարկումները շարունակելու համար։ Այլ մանկավարժներ սկսեցին ծրագրել աշակերտների այցելություններ օրգանական տնտեսություններ և դիտարկել դպրոցական ճաշարաններում առաջացող բուսական մնացորդների կոմպոստացման հնարավորությունները։
Կոմպոստամանի դասը դրանում տեղի ունեցող փոխակերպումից ավելին է։ Դրա իրական արժեքն ի հայտ է գալիս, երբ ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցվում են ուրիշներին․ ուսուցիչը դրանք ներկայացնում է դասարանում, ֆերմերը՝ այլ արտադրողներին, իսկ աշակերտը՝ իր ընտանիքին։ Այս փորձի տարածման գործում «Օրգանական Հայաստան»-ի նման կազմակերպությունները կարևոր դեր ունեն։ Ստեղծելով սովորելու, փորձարկելու և փորձի փոխանակման հնարավորություններ՝ նրանք նպաստում են շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառմանը դպրոցներում, տնտեսություններում և համայնքներում՝ բնապահպանական կրթությունն ավելի գործնական դարձնելով և աջակցելով ֆերմերներին կիրառել ավելի կայուն մոտեցումներ:
Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան
Կոմպոստամանի դասը. Թափոնից՝ արժեք նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




