Skip to main content

Մարդասիրության համաշխարհային օր. մարդասիրական օգնության աշխատողների քաջությունը հաճախ սարսափելի գին ունի

19/08/2026

Եվրոպական միությունը վճռական է մնալ աշխարհի խոշորագույն մարդասիրական օգնության դոնորը։ Օգոստոսի 19-ին նշվող Մարդասիրական համաշխարհային օրվա նախօրեին այս մասին հայտարարել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ ԵՄ հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լաբիբը։

ԵՄ անունից արված համատեղ հայտարարության մեջ Կալասն ու Լաբիբը բարձր են գնահատել մարդասիրական օգնության աշխատողների քաջությունը, «ովքեր ամեն օր իրենց վտանգի են ենթարկում՝ հուսահատ կարիքավոր մարդկանց սնունդ, ջուր, կացարան եւ բժշկական օգնություն հասցնելու համար»։

«Նրանց քաջությունը հաճախ սարսափելի գին ունի։ Մարդասիրական օգնության աշխատողները շարունակում են թիրախավորվել, առեւանգվել եւ սպանվել տագնապալի արագությամբ։ Մինչ օրս՝ 2026 թվականին, սպանվել է 82, առեւանգվել՝ 39 եւ վիրավորվել՝ 97 մարդ», — ասվում է հայտարարության մեջ։ «Մարդասիրական անձնակազմի, հիվանդանոցների եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները պատահական չեն. դրանք միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ են։ Իսկ օրենքը հստակ է. քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ մարդասիրական օգնության աշխատողների պաշտպանությունը կամընտրական չէ։ Անպատժելիությունը միայն խորացնում է հետագա վայրագությունները»։

Հայտարարության մեջ նաեւ հիշեցում է արվում, որ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ստեղծել է մարդասիրական կարիքներ, որոնք արձագանք են գտնում երկրի սահմաններից շատ հեռու՝ խաթարելով սննդի մատակարարման շղթաները եւ ավելի խորը ճգնաժամի մղելով խոցելի համայնքներին Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում։

Կալասն ու Լաբիբը նաեւ նշել են, որ միայն ֆինանսավորումը բավարար չէ, եւ որ ԵՄ-ն պետք է շարունակի իր մարդասիրական դիվանագիտությունը՝ հանուն արագ, անվտանգ եւ անարգել մարդասիրական հասանելիության ապահովման, որպեսզի մարդասիրական օգնության աշխատողները կարողանան հասնել կարիքավորներին։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է ԵՄ-ի «Մարդասիրական օգնության աշխատողների պաշտպանություն» արագ արձագանքման ծրագիրը, որի միջոցով ԵՄ-ն անհապաղ աջակցություն է ցուցաբերում հարձակման ենթարկված տեղական մարդասիրական աշխատողներին: 2025 թվականին ծրագիրը օգնել է 25 երկրներում 782 մարդասիրական օգնության աշխատողների:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մարդասիրության համաշխարհային օր. մարդասիրական օգնության աշխատողների քաջությունը հաճախ սարսափելի գին ունի նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։