Skip to main content

Հայաստան․ ԵՄ-ն պաշտոնապես մեկնարկել է ԵՄԳԱ-ն

13/07/2026

Եվրոպական միության խորհուրդն այսօր մեկնարկել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ Հայաստան), որը իրականացվում է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո։

Առաքելությունը պաշտոնապես հիմնվել է 2026 թ. ապրիլի 21-ին՝ աջակցելու Հայաստանի կարողություններին դիմագրավելու հիբրիդային մարտահրավերներին, այդ թվում՝ կիբերսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին ու միջամտությանը (FIMI) և ապօրինի ֆինանսական հոսքերին։ Մասնավորապես, առաքելությունը ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական ​​աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված օգնություն կտրամադրի Հայաստանի տարբեր պետական ​​կառույցներին՝ նման սպառնալիքներին արձագանքելու համար, ինչպես նաև կաջակցի կառավարության բոլոր օղակների ներգրավմամբ իրականացվող համապարփակ մոտեցմանը։

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի գործառնական, ռազմավարական խորհրդատվություն և կստեղծի նպատակային նախագծերի իրականացման հատուկ խումբ՝ իր մանդատի շրջանակներում նախատեսված գործողություններն իրականացնելու համար՝ սերտ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

ԵՄԳԱ Հայաստանն ոչ գործադիր (ոչ օպերատիվ) առաքելություն է և որևէ դերակատարում չի ունենա Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացներում։ ԵՄԳԱ Հայաստանն ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և հանդիսանում է ԵՄ ավելի լայն ու հետևողական մոտեցման մաս՝ համատեղելով կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցությունը՝ Հայաստանի ազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով։

«Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց Հայաստանին ուղղված տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ ռուսական ճնշմանը դիմակայելու հարցում օգնելու համար։ Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն։ ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբերսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի կասեցման գործում», – նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Եվրոպական միությունը դիմակայուն և անկախ Հայաստանի, ինչպես նաև հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի ամենահաստատակամ պաշտպանն է։ Մենք կապահովենք, որ Հայաստանը չի բախվի  արտաքին պարտադրանքին մեն-մենակ»։

Առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Ջորջ Դինեսկուն 2026 թ-ի հունիսի 11-ին: Նախկինում նա ծառայել է որպես Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավար։

Առաքելության նախնական մանդատը երկու տարի է։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

 Armenia: EU launches partnership mission to support resilience against evolving hybrid threats նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։