Եվրոպական միությունը Հայաստանի
հիմնական գործընկերն է
Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական գործընկերն է
Մենք այսօր Հայաստանի կողքին ենք՝ սատարելու անվտանգության, բարգավաճման և տևական կայունության կառուցման գործում։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և Հայաստանի՝ սեփական ընտրությունը կատարելու իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
ԵՄ-Հայաստան հարաբերություններ
ԵՄ- Հայաստան հարաբերությունների հիմքը 2017թ․ նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ), որն ուժի մեջ է մտել 2021թ-ի մարտի 31-ին։ ՀԸԳՀ-ն փոխարինում է 1999թ-ի Եվրոպական միություն – Հայաստան գործընկերության և համագործակցության պայմանագրին և առաջարկում ամուր հարթակ՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բարեփոխումների օրակարգն առաջ մղելու համար:
ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդվում են վիզաների ազատականացման վերաբերյալ նշանակալի համաձայնագրի ուղղությամբ շարունակական առաջընթացով: Եվրոպական միությունը համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ճանապարհորդել դեպի ԵՄ երկրներ: Սա է ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ներկայումս վարվող վիզաների ազատականացման շուրջ երկխոսության նպատակը, որը միակն է իր տեսակի մեջ։
ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Առաջիկայում կողմերի միջև կայանալիք առաջին գագաթնաժողովը առանցքային հանգրվան է Եվրոպական միության և Հայաստանի առաջնորդների համար՝ քննարկելու այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են անվտանգությունը, զբաղվածությունը և հարաբերությունների հետագա ընթացքը։
Կայուն և բարգավաճ Հայաստանը լավ է ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ տարածաշրջանի ու ԵՄ-ի համար։
Կայունությունը նպաստավոր է առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ներգրավման և միջանձնային երկկողմանի հարաբերությունների սերտացման համար։
Աջակցություն Հայաստանի զարգացմանը
2025 թ-ի դեկտեմբերին ԵՄ-ն և Հայաստանը ընդունել են գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որը խարսխված է 2024-2027 թվականների ժամանակահատվածի համար նախատեսված 270 մլն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրով։ Ծրագիրն օժանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության խորացմանը, ինչպես նաև ներդրումներին, որոնք հատուկ ուղղված են գործարար միջավայրի և միակցվածության (էներգետիկա, տրանսպորտ, թվային տեխնոլոգիաներ) ամրապնդմանը՝ խթանելու Հայաստանի երկարաժամկետ տնտեսական դիմակայունությունը։
Պարզ քանակական գնահատումից այն կողմ
«Գլոբալ դարպասներ» ռազմավարության ու Դիմակայունության և աճի ծրագրի միջոցով Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունն ուղղակիորեն կապված է ՀԸԳՀ-ի կիրարկման և երկրի՝ բարեփոխումների իրականացման հանձնառության հետ։ Այն առավել է քան ֆինանսական աջակցությունը, քանի որ կնպաստի հաստատությունների, ժամանակակից ենթակառուցվածքների, տնտեսական հնարավորությունների և մարդկանց առօրյա կյանքում շոշափելի բարելավումների արդիականացմանը։
ԵՄ-ն կարևորում է Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը
2026 թ-ի ապրիլին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության (ԵՄԳԱ) ստեղծման մասին: Հայաստանի խնդրանքով ձևավորված այս նոր քաղաքացիական առաքելությունը կօգնի հակազդել արտաքին միջամտությանը և ապատեղեկատվությանը: Սա ԵՄ հանձնառության շոշափելի դրսևորում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել պայմաններ, որ ՀՀ քաղաքացիները քվեարկեն հանուն իրենց ապագայի՝ առանց միջամտության կամ խափանումների։
ԵՄ-ն և Հայաստանը 2025 թ-ին կնքել են, այսպես կոչված, շրջանակային մասնակցության համաձայնագիր, որը թույլ է տալիս Հայաստանին մասնակցել ԵՄ-ի ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում քաղաքացիական ճգնաժամերի կառավարման առաքելություններին և գործողություններին։ ԵՄ առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցությունն ամրապնդում է կողմերի միջև անվտանգության կապերը և փոխգործելիությունը՝ միաժամանակ նպաստելով միջազգային խաղաղությանը և անվտանգությանը։
ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 30 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել ՀՀ զինված ուժերին 2024 թ-ից ի վեր։ Այս օժանդակությամբ Եվրոպական միությունն օգնում է Հայաստանին կատարելագործել երկրի նյութատեխնիկական ապահովման հնարավորությունները և բարելավել քաղաքացիական պաշտպանությունը ճգնաժամերի ժամանակ։ Այն նաև օգնում է ՀՀ զինված ուժերին՝ ԵՄ առաքելություններին աջակցելու հարցում։ Այս ոչ մահաբեր ռազմական օգնությունն ընդգծում է ԵՄ-ի՝ Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերությունը խորացնելու հանձնառությունը։
2023 թ-ի փետրվարից Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) Հայաստան – Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմում իր ներկայությամբ դիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակը։ Քաղաքացիական առաքելությունը նպաստում է հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը և աջակցում է վստահության կառուցմանը։ Առաքելության ներկայիս մանդատը գործում է մինչև 2027 թ-ի փետրվարը։
ԵՄ-ն սատարում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը
ԵՄ-ն համագործակցում է Հարավային Կովկասի երկրների հետ՝ խթանելու տարածաշրջանային կայունությունը, խաղաղությունը և բարգավաճումը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կողմերի հետ քաղաքական երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումներին, անհետ կորած անձանց որոնման և ականազերծման հարցերում աջակցություն ցուցաբերելու միջոցով: Եվրոպական միությունը նաև աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Դիմակայունության զարգացում՝ միասին
ԵՄ-ն Հայաստանի առանցքային արտահանման շուկա և կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, միաժամանակ կենսական նշանակություն ունեցող մեքենաների և սարքավորումների, տրանսպորտային միջոցների և արդյունաբերական ապրանքների մատակարարը։
2025 թ-ի մարտից ԵՄ շուկան բաց է հայկական ձկնաբուծական ակվակուլտուրայի արտադրանքի համար։
ԵՄ-ն պահպանում է Հայաստանում առաջատար ներդրողի իր կարգավիճակը՝ բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և արտադրական ոլորտներում նշանակալի օտարերկրյա ուղղակի ներդրումների չափաբաժնով։
Հայ գիտնականները նոր հորիզոններ են բացահայտում «Հորիզոն Եվրոպա» ծրագրի միջոցով։
Եվրոպան և Հայաստանը միավորված են ընդհանուր մշակութային կապերով։ ԵՄ-Հայաստան մշակութային համագործակցությունը զգալի ներուժ ունի, որը լրացուցիչ խթան է ստանում «Թիմ Եվրոպա» մոտեցմամբ և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի ընդլայնվող մասնակցությամբ:
Ուսանողներն ու դասախոսները նոր հնարավորություններ են ձեռք բերում նոր Erasmus+ ծրագրի հետ։
Բացահայտիր ավելին
Իրական և օրինակելի պատմություններ, հարցազրույցներ այն մասին, թե ինչպես են ԵՄ նախաձեռնությունները և ծրագրերը բարելավում մարդկանց կյանքի որակը ողջ Հայաստանում:
Մրցույթի հրավերներ, դրամաշնորհներ, կրթաթոշակներ, վերապատրաստումներ և փոխանակման ծրագրեր ԵՄ-ի և անդամ պետությունների կողմից:
Կանոնավոր նորություններ ԵՄ-Հայաստան հարաբերությունների, կարևոր որոշումների ու նախագծերի վերաբերյալ։
Իրազեկված եղիր ԵՄ-ի կողմից իրականացվող արշավների միջոցով, որոնք լուսաբանում են աառանցքային թեմաներ և ապահովում հանրային ներգրավվածություն։