Skip to main content

«Ես ձգտում եմ անել ամեն ինչ՝ իմ, իմ ընտանիքի և համայնքի բարօրության համար» – ինչպես EU4Youth ծրագիրը օգնեց Թաթևին տարածել թվային հմտությունները Տավուշում

Թաթև Հարությունյանի ճանապարհը որպես համայնքային առաջնորդ սկսվեց կարևոր կյանքի որոշումով՝ Երևանից տեղափոխվելով Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաք։ Այստեղ հաստատվելը նրան թույլ տվեց խորապես հասկանալ տեղական կարիքները, խնդիրներն ու չօգտագործված հնարավորությունները՝ խթանելով իր ցանկությունը՝ ստեղծել նշանակալի հնարավորություններ համայնքի համար։ Թաթևը նաև զբաղվում է մեղվաբուծությամբ և այն համադրել է համայնքային զբոսաշրջության հետ՝ զարգացնելով ապիտուրիզմը՝ զբոսաշրջության մի ճյուղ, որը համադրում է մեղվաբուծությունը զբոսաշրջային փորձի հետ։ Տարիներ շարունակ նա խթանել է շրջանի հարուստ ներուժը՝ պատասխանատու և նպատակաուղղված ձևով՝ տեղական զարգացմանը նպաստելու համար։

2023 թվականին Թաթևը հիմնադրեց «Կայուն առաջընթաց» ՀԿ-ն, որի նպատակն է պաշտպանել համայնքի շահերը՝ բացահայտելով տեղական խնդիրներն ու գտնելով դրանց լուծումները, առանձնակի ուշադրություն դարձնելով կանանց և երիտասարդներին։ Այնուհետև նա «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի միջոցով ստացավ ԵՄ-ի ֆինանսավորմամբ EU4Youth ծրագրի ենթաշնորհ՝ «Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի սոցիալապես անապահով երիտասարդների թվային կարողությունների և կարիերայի կառավարման հմտությունների զարգացում» նախագծի շրջանակում։

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Ագաթ»-ը վեց ենթաշնորհ տրամադրեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հինգ ՀԿ-ների՝ նպատակ ունենալով հզորացնել սոցիալապես անապահով երիտասարդներին՝ նրանց տրամադրելով թվային հմտություններ և կարիերայի ուղեցույց՝ հաջողության հասնելու համար ժամանակակից աշխատաշուկայում։ Երիտասարդների ներուժի խթանումը ոչ միայն ներդրում էր անհատական ապագաների մեջ, այլև նպաստեց ավելի ուժեղ համայնքների ձևավորմանը։

«Իմ նպատակը միշտ եղել է անել աշխատանք, որը կօգնի ոչ միայն ինձ և իմ ընտանիքին, այլև այն միջավայրին, որտեղ ես ապրում եմ։ Այն կյանքի որակը, որը ես պատկերացնում եմ, հնարավոր է միայն առողջ և զարգացած միջավայրում։ Նույնիսկ եթե ֆինանսապես ապահով եմ, բայց դուռս բացելիս տեսնում եմ բազմաթիվ չլուծված խնդիրներ, չեմ կարող ասել, որ ապրում եմ այն կյանքով, որը ուզում եմ։ Ահա թե ինչու ես ձգտում եմ անել լավագույնը՝ իմ, իմ ընտանիքի և իմ համայնքի համար», — ասում է Թաթևը։

EU4Youth. ռազմավարական մոտեցման աջակցություն

EU4Youth-ի շնորհը «Կայուն առաջընթաց» ՀԿ-ի առաջին դրամաշնորհն էր։ «Սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդների թվային հմտությունների և կարիերայի կառավարման կարողությունների զարգացում» նախագիծը նպատակ ուներ զինել երիտասարդներին գործնական գիտելիքներով՝ ժամանակակից աշխատաշուկայում կողմնորոշվելու համար։ Մինչ դրամաշնորհը ստանալը Թաթևը մասնակցել էր մի շարք վերապատրաստումների՝ ձեռնարկատիրության, թվային գրագիտության և «դասավանդողների պատրաստման» թեմաներով։

Թաթև Հարությունյանը EU4Youth-ի ենթաշնորհը ստացավ ոչ միայն իր մասնագիտական հմտությունների և ներուժի համար, այլև իր կարողության՝ ակտիվորեն փնտրելու, զտելու և կիրառելու իր ոլորտին վերաբերող տեղեկատվությունն ու հնարավորությունները։ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկությունը շատ է, սակայն խնդիրը այն գտնելն է, տարբերակելը և արդյունավետ կիրառելը», — ընդգծում է նա։ Ենթաշնորհը նրան ցույց տվեց, որ հաջողության համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործվել, նախաձեռնող լինել և գործել, քանի որ ոչ ոք չի գա և պարզապես չի տա քեզ քո ներուժը բացահայտելու հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, դրամաշնորհը օգնեց ՀԿ-ին ամրապնդել իր դիրքը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դաշտում՝ ցույց տալով, որ նույնիսկ նորեկ լինելով՝ կարող են ղեկավարել նախագծեր, ձեռք բերել գործընկերների վստահություն և դառնալ հիմնական դերակատարներ։ «ՀԿների ոլորտը շատ մրցակցային է, և մեզ համար կարևոր էր ոչ միայն ֆինանսավորում ստանալը, այլև վստահություն ձեռք բերելը, որպեսզի մյուսները ցանկանան մեզ հետ համագործակցել։ Մենք դա հաջողեցինք», — ասաց նա։

Նախագիծը՝ թվային հմտությունների ուսուցում Տավուշի սահմանամերձ համայնքներում

Նախագիծը իրականացվեց Տավուշում՝ ընդգրկելով 15-29 տարեկան 50 երիտասարդների, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող անձանց, սահմանամերձ համայնքների բնակիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների։ Գլխավոր նպատակը թվային մասնագիտությունների վերաբերյալ անհատական խորհրդատվություն տրամադրելն էր՝ ցույց տալով, որ նույնիսկ հեռավոր սահմանամերձ շրջաններում հնարավոր է ունենալ հաջող կարիերա թվային ոլորտում։

Թաթևի թիմը սկսեց համագործակցել տեղական գործընկերների հետ՝ դիմելով «Հայաստանյան Օգնության Հիմնադրամին», «Հույսի կամուրջ»-ին և «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն»-ին։ Նրանց օգնությամբ ընտրեցին շահառուներին, անցկացրին հարցումներ՝ գնահատելու նրանց թվային գրագիտությունը, տեխնիկական պատրաստվածությունը և մասնագիտական հետաքրքրությունները։

Յուրաքանչյուր մասնակից ստացավ անհատական կարիերայի խորհրդատվություն՝ ընտրված թվային ոլորտին համապատասխան՝ EU4Youth նախագծի շրջանակում մշակված ուղեցույցների հիման վրա։ «Մենք բացատրում էինք, թե ինչպես կարող են զարգանալ այդ ոլորտում, ինչ հմտություններ են անհրաժեշտ և որտեղ գտնել աշխատանքային հնարավորություններ», — պատմում է Թաթևը։ «Այս բոլոր գործողությունների նպատակն էր բարձրացնել թվային մասնագիտությունների և ժամանակակից դարաշրջանի հնարավորությունների վերաբերյալ իրազեկությունը»։

Նախագիծը ներառեց նաև երկու վեբինար՝ մեկը՝ թվային մասնագիտությունների հնարավորությունների, մյուսը՝ բիզնես հաղորդակցության հմտությունների վերաբերյալ։ «Շատ մասնակիցներ սկզբում վախենում էին, թե արհեստական բանականությունը կփոխարինի իրենց աշխատանքում։ Մենք բացատրեցինք, որ ԱԲն գործիք է՝ այն քեզ չի փոխարինի, եթե գիտես ինչպես ինտեգրել այն քո աշխատանքում», — նշեց նա։

Թաթևն ընդգծեց, որ EU4Youth-ի ենթաշնորհը մեծ դեր ունեցավ ՀԿ-ի հզորացման գործում։ Այն հնարավորություն տվեց ձեռք բերել ֆինանսական և ծրագրային կառավարման փորձ, բարելավել միջոցների հավաքագրման հմտությունները և բացել դռներ նոր՝ նաև միջազգային համագործակցությունների համար։ «Դա լուրջ մեկնարկ էր, որը մեզ թույլ տվեց ամրապնդել մեր տեղը համայնքային և տարածաշրջանային կազմակերպությունների շարքում», — ասաց նա։

Թաթևի գործունեությունը և դրա ազդեցությունը երիտասարդների վրա

Թաթևի ուղերձը երիտասարդներին ուղղված է նախաձեռնողականությանը. «Պետք է հասկանանք, որ փոփոխություն բերող մարդիկ նրանք են, ովքեր ստեղծում են իրենց հնարավորությունները. մենք ինքներս ենք կարող մեր կյանքը փոխել։ Չպետք է սպասենք, որ հնարավորությունները ստեղծվեն՝ մենք պետք է ստեղծենք դրանք։ Երկրորդ՝ չպետք է վախենանք սխալներից և անհաջողություններից. սա մեծագույն մարտահրավեր է, որը գալիս է ավագ սերունդներից, որովհետև մենք ուզում ենք լինել կատարյալ՝ Ասա սա արա, դա արա, անպայման պիտի հաջողվի։ Բայց անհաջողությունը պետք է դիտարկել որպես ուսուցման գործընթաց՝ հասկանալ, թե որն էր խնդիրը, շտկել այն և առաջ շարժվել։ Եվ վերջապես՝ ողջ կյանքի ուսուցում. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ անընդհատ փոխվում է, և դու չես կարող պարզապես մի անգամ սովորել ու ասել՝ պարտքս կատարեցի Դինամիկ լինելու և շրջապատդ հասկանալու համար պետք է էներգիա, իսկ դրա համար՝ շարունակական ուսուցում», — ընդգծում է Թաթևը։

Թվային գրագիտություն՝ բոլոր մասնագիտությունների համար

Թաթևի կարծիքով, նման ծրագրերը հատկապես կարևոր են մարզային ՀԿ-ների համար, որտեղ հնարավորությունները՝ առանձնանալ և ազդեցություն ունենալ, ավելի մեծ են, քան Երևանում։ «Մարզերում դու իրականում ներկա ես համայնքում, ճանաչում ես մարդկանց, լսում ես նրանց մտահոգությունները և կարող ես դրանք փոխանցել այն մեծ կազմակերպություններին, որոնք բաշխում են ռեսուրսները։ Սա այն կապող օղակն է, որը հաճախ պակասում է համայնքներին», — ասաց նա։

Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր ունեն նաև ծնողները։ Նրանցից շատերը պատկերացնում են ավանդական մասնագիտություններ՝ բժիշկ, ուսուցիչ կամ տնտեսագետ, և քիչ տեղեկություն ունեն ժամանակակից մասնագիտությունների մասին։ Մեկ այլ կարևոր ուղերձ՝ անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ես ընտրում, ժամանակակից թվային դարաշրջանում անպայման պետք է ունենալ թվային գրագիտություն։ Անկախ նրանից՝ բժիշկ ես, ուսուցիչ, թե գրաֆիկական դիզայներ, թվային հմտությունները անհրաժեշտ են բոլորի համար։

EU4Youth փուլ III. «Երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության և Լիտվայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ, իրականացնում է Կենտրոնական նախագծերի կառավարման գործակալությունը (CPVA)՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել պետական և ոչ պետական կազմակերպություններին՝ երիտասարդների գործազրկության դեմ պայքարելու և զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար։