«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում 404.3 միլիոն եվրո կուղղվի Եվրոպայում եւ այլուր հետդոկտորական հետազոտություններին

Եվրոպական հանձնաժողովն իր «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» (MSCA) ծրագրի 2025 թվականի հետդոկտորական կրթաթոշակների շրջանակներում 404.3 միլիոն եվրո է հատկացնում հետդոկտորական հետազոտողներին։
Նախաձեռնությունը 17,066 միջազգային դիմորդներից ընտրված 1610 հետդոկտորական հետազոտողների հնարավորություն կտա մշակել իրենց սեփական նախագծերը՝ միաժամանակ ստանալով բարձրորակ ուսուցում, միջազգային շարժունակության հնարավորություններ եւ փորձագիտական ուղղորդում ակադեմիական եւ ոչ ակադեմիական հաստատություններում: MSCA հետդոկտորական կրթաթոշակները բաց են ցանկացած ազգության ակնառու հետազոտողների համար:
«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» (MSCA) ծրագրի 2025 թվականի հետդոկտորական կրթաթոշակները տրամադրվում են Եվրոպական միության բազմամիլիարդանոց հետազոտական ծրագրի՝ «Հորիզոն Եվրոպայի» շրջանակում։
Ընտրված կրթաթոշակառուները ներկայացնում են մոտ 80 երկիր: Նրանք իրենց հետազոտական նախագծերը կիրականացնեն Եվրոպայի եւ դրա սահմաններից դուրս գտնվող 45 երկրներում՝ աշխատելով համալսարաններում, հետազոտական կենտրոններում, պետական հաստատություններում, մասնավոր կազմակերպություններում եւ փոքր ու միջին ձեռնարկություններում:
Նրանց նախագծերն ընդգրկում են բոլոր գիտական ոլորտները: Ամենալայն ներկայացվածությունը սոցիալական եւ հումանիտար գիտություններում, կենսաբանական գիտություններում եւ ճարտարագիտության մեջ է, իսկ գործունության ձեւերը տատանվում են հիմնարար հետազոտություններից մինչեւ անմիջապես խոշոր հասարակական եւ տեխնոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր:
Ֆինանսավորման մեծ մասը կուղղվի Եվրոպական հետդոկտորական կրթաթոշակների ֆինանսավորմանը, որը 1446 հետազոտողների հնարավորություն կտա աշխատել ԵՄ-ում եւ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներում: Եվս 164 հետազոտողներ կօգտվեն Գլոբալ հետդոկտորական կրթաթոշակներից: Սա նրանց հնարավորություն կտա իրենց հետազոտությունների մի մասն իրականացնել Եվրոպայից դուրս գտնվող առաջատար հաստատություններում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Ավստրալիայում՝ նախքան Եվրոպա վերադառնալը՝ իրենց հաստատությունում ձեռք բերած գիտելիքներով ու փորձով կիսվելու համար:
«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի հետդոկտորական կրթաթոշակները եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ինչու են հետազոտողներն ընտրում Եվրոպան։ Այս արդյունքներն արտացոլում են մեր հետազոտական էկոհամակարգի ուժը եւ մեր հանձնառությունը՝ աջակցելու գիտական գերազանցությանը, բացությանը եւ շարժունակությանը», — ասել է Ստարտափների, հետազոտությունների եւ նորարարության հարցերով հանձնակատար Եկատերինա Զահարիեւան:
MSCA հետդոկտորական կրթաթոշակների հաջորդ մրցույթի մեկնարկը նախանշված է 2026 թվականի ապրիլի 9-ին։
2026 թվականին լրանում է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողությունների» 30-ամյակը: 1996 թվականից ի վեր ծրագիրը զարգացրել է հետազոտություններն ու նորարարությունները՝ աջակցելով ավելի քան 150,000 հետազոտողների, այդ թվում՝ 23 Նոբելյան մրցանակի դափնեկիրների:
Իմացիր ավելին
The post «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում 404.3 միլիոն եվրո կուղղվի Եվրոպայում եւ այլուր հետդոկտորական հետազոտություններին appeared first on EU NEIGHBOURS east.



