Եվրոպական խաղաղության գործիքակազմ. ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված երկկողմ աջակցման միջոցի երկրորդ մասը

Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին 20 մլն եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը։
Հունվարի 29-ին հաստատված աջակցման միջոցի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները՝ հատկապես ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Այն նաեւ կնպաստի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը եւ Զինված ուժերի փոխգործելիության ընդլայնմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից ղեկավարվող միջազգային ռազմական առաքելություններին եւ գործողություններին Հայաստանի հնարավոր ապագա մասնակցության տեսանկյունից։
Այս աջակցման միջոցը միտված է լրացնելու եւ զարգացնելու 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցման միջոցառումները, որոնցով նախատեսվում էր շարժական վրանային ճամբարի տեղակայում՝ այն ընդլայնելով ու հասցնելով բրիգադային մակարդակի։
«Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում այս աջակցման միջոցը եւս մեկ կարեւոր քայլ է ԵՄ-Հայաստան անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս միջոցի տրամադրմամբ Եվրոպական միությունը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունության հետագա ամրապնդմանը, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը եւ անվտանգությանը», — նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Այս որոշմամբ՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին աջակցության ընդհանուր ծավալը հասնում է 30 մլն եվրոյի։
Իմացիր ավելին
The post Եվրոպական խաղաղության գործիքակազմ. ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված երկկողմ աջակցման միջոցի երկրորդ մասը appeared first on EU NEIGHBOURS east.



