ԵՄ-ը եւ Հայաստանը Երեւանում անցկացրել են քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության երրորդ նիստը
Փետրվարի 3-ին Երեւանում տեղի է ունեցել ԵՄ -ՀՀ քաղաքական եւ անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը:
Կողմերը վերահաստատել են ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական ձգտումները եւ համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության եւ մոտարկման առաջմղման հարցում։ Ընդգծվել է նաեւ քաղաքական եւ անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարեւորությունը՝ որպես ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարեւոր հիմնասյուն:
Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերություններում առկա նշանակալի պահը՝ ի հաջորդումն 2025թ. դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի հաջողության եւ ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունման։
Կողմերը մտքեր են փոխանակել Ռազմավարական օրակարգի անվտանգային եւ պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում նրանք արձանագրել են ԵՄ ճգնաժամային առաքելություններին եւ գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Կողմերն արձանագրել են նաեւ Հայաստանի դիմակայունության ու անվտանգության հարցում ԵՄ արժեքավոր ներդրումը, ինչպես, օրինակ՝ Եվրոպական միության առաքելության ներկայությունը Հայաստանում եւ Եվրոպական քաղաքական գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024թ. ի վեր կազմում է 30 միլիոն եվրո:
Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հիբրիդային, կիբեր եւ տեղեկատվական տիրույթին առնչվող սպառնալիքներին։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը համաձայնել են շարունակել համագործակցությունն այս ոլորտում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային կապակցվածության խթանման հարցում կողմերի համատեղ հանձնառությունը։
2026 թվականի մայիսին Երեւանում նախատեսված է ԵՄ-ՀՀ անդրանիկ գագաթնաժողովի անցկացումը: Իսկ ահա ԵՄ-ՀՀ քաղաքական եւ անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում: