Skip to main content

ՀՀ վարչապետը Ադրբեջանի հետ խաղաղության ջանքերի եւ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում

13/03/2026

Մարտի 11-ին Հայաստանի Հանարպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին եւ իր երկրի՝ ԵՄ անդամակցության ձգտումներին։

Փաշինյանը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին, որը պաշտոնականացվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Փաշինյանի կողմից Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրմամբ։

ՀՀ վարչապետն անդրադարձավ Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի նախորդ հակամարտությունից տեղահանված հայերի վերաբնակեցման շարունակական ջանքերին, հոգեւորականության եւ քաղաքական ընդդիմության որոշակի շերտերի կողմից խաղաղության ջանքերը խաթարելու փորձերին, ինչպես նաեւ Ադրբեջանում դեռեւս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների ազատությունն ապահովելու փորձերին։

Նրա խոսքով՝ այդ խնդիրների լուծումը կարեւոր է ներկայիս խաղաղության գործընթացի համար. «Մեզ քննադատում են այն փաստի համար, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ: Բայց /…/ որտե՞ղ է երբեւէ գոյություն ունեցել կատարյալ խաղաղություն եւ ե՞րբ»:

Փաշինյանը նաեւ կարեւորեց իր երկրի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը, որը սկիզբ է դնում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին։

«Հիմա այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է․ որեւէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետեւաբար՝ մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին», — նշեց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ «Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, եւ մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն — Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար»։

ՀՀ վարչապետն իր խոսքը եզրափակեց՝ նշելով, որ հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է ամրապնդեն խաղաղությունը. «Մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ՝ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի»։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

The post ՀՀ վարչապետը Ադրբեջանի հետ խաղաղության ջանքերի եւ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում appeared first on EU NEIGHBOURS east.