Skip to main content

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 


«Կառուցելով դիմակայուն ապագա․ երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում» թեմայով պանելային քննարկում

Դեկտեմբերի 4, 2023թ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է Եվրոպական երիտասարդական պառլամենտի կողմից կազմակերպված «Կառուցելով դիմակայուն ապագա․ երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում» թեմայով պանելային քննարկմանը: Միանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին, Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Հովհաննես Երիցյանին՝ դեսպանը հայ և ԵՄ անդամ պետությունների երիտասարդների հետ հետաքրքիր և ակտիվ քննարկում է ծավալել երիտասարդությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ` օգնելով ավելի լավ հասկանալ ներկայիս Եվրոպան ։ Դեսպանը ներկայացրել է երիտասարդական գործողությանն աջակցելու և ներգրավվելու ԵՄ հանձնառությունը և խրախուսել երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական, քաղաքացիական և տնտեսական կյանքում՝ խթանելով ժողովրդավարությունը, ներառականությունը և կանաչ ու թվային անցումը։


Artbox-ի «Mid-Journey» խորագրով միջոցառումը

Դեկտեմբերի 4, 2023թ

Դեկտեմբերի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Creative Armenia-ի (CA) կողմից համատեղ իրականացվող «KATAPULT» ստեղծագործական ծրագրի շրջանակներում Artbox-ը կազմակերպել էր «Mid-Journey» խորագիրը կրող  միջոցառում, որի ընթացքում Artbox նախաձեռնության բոլոր չորս ծրագրերի, մասնավորապես՝ ինկուբատոր, աքսելերատոր, նախաձեռնությունից մինչև մշակութային հաստատություն և արվեստագետից մինչև ձեռներեց ծրագրերին մասնակցող արվեստագետներն ու ստեգծագործողները, ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող նախագծերը։

Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ Katapult ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։
Artbox-ը ստեղծագործական ինկուբատոր և աքսելերատոր ծրագիր է, որն ընդլայնում է Հայաստանի ստեղծարար տնտեսության սահմանները՝ տրամադրելով գործնական, ռազմավարական և երկարաժամկետ աջակցություն արվեստի տարբեր ճյուղերի արվեստագետներին և ստեղծագործողներին։ Այն հատկապես ուղղված է ստեղծագործողների շրջանում բիզնես մտածելակերպի և հմտությունների զարգացմանը և կայուն նախագծեր ու ապրանքներ ստեղծելուն:


ԵՄ-Հայաստան Արդարադատության երկխոսության երրորդ հանդիպումը

Դեկտեմբերի 7, 2023թ․

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան Արդարադատության երկխոսության երրորդ հանդիպումը՝ Արդարադատության նախարարության, դատական համակարգի, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի, ԵՄ-ի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն կարևոր հանգրվան էր Հայաստանում դատական բարեփոխումների խթանման գործում՝ համապատասխան ՀԸԳՀ-ի առաջնահերթությունների։

Ոլորտային ռազմավարությունների իրականացման առաջընթացը քննարկելուց հետո միջոցառման ընթացքում հայտարարվեց ԵՄ Արդարադատության ոլորտի բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում 3,6 մլն եվրո հատկացնելու մասին։


ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից հաստատված 10 խորհրդատվական կարծիքների ներկայացում ու քննարկում

Դեկտեմբերի 11, 2023թ․

Դեկտեմբերի 11-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՀԸԳՀ իրականացման Քաղաքացիական հասարակության մշտադիտարկում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից հաստատված 10 խորհրդատվական կարծիքների ներկայացմանը և քննարկմանը։

«Եվրոպական միությունն ակնկալում է էլ ավելի սերտացնել աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ՀԸԳՀ, որպես «փոփոխության հասնելու ճանապարհային քարտեզ»-ի լիարժեք և արդյունավետ կիրարկման ուղղությամբ․ դա բխում է մեր փոխադարձ շահերից և օգուտ կբերի մեր հասարակություններին և քաղաքացիներին», – նշել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։


ԵՄ-ն 11,45 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղի փախստականներին աջակցելու նպատակով

Դեկտեմբերի 14, 2023թ

Եվրոպական հանձնաժողովն ամփոփել է Լեռնային Ղարաբաղի փախստականներին և ընդունող համայնքներին աջակցելու նպատակով 11,45 մլն եվրո մարդասիրական օգնության հատկացման գործընթացը։ Ստորագրվել են դրամաշնորհի տրամադրման համաձայնագրեր, մասնավորապես՝ ՄԱԿ ՓԳՀ, Պարենի համաշխարհային ծրագիր, «Մարդը կարիքի մեջ», «Գործողություն ընդդեմ սովի», ԿԽՄԿ և Ավստրիական Կարմիր խաչ կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով աջակցել ձմռանը դիմակայելու նախապատրաստմանը, օգնել սննդի և ապրուստի միջոցներով, ինչպես նաև աջակցել առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հասանելիության ապահովմանը, բնակարանային և սոցիալական պաշտպանության հարցերով աջակցությանը:


«ԵՄ-ն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի մեկնարկը

Դեկտեմբերի 15, 2023թ

Մեկնարկեց Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և 2,8 մլն եվրո բյուջեով «ԵՄ-ն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագիրը։ Այն կնպաստի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի փոքրամասշտաբ լուծումներին՝ ցածր եկամուտ ունեցող գյուղական կամ քաղաքային տնային տնտեսությունների և բնակավայրերի համար: Ծրագիրը փորձարկելու է էներգաարդյունավետության նորարարական մասշտաբային լուծումները։


ԵՄ-ն հայտարարել է Հայաստանում կրթության ոլորտին 5 մլն եվրո հատկացնելու մասին

Դեկտեմբերի 15, 2023թ․ 

Դեկտեմբերի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է 5 մլն եվրո հատկացման մասին՝ ԵՄ կողմից Հայաստանում կրթության ոլորտին ցուցաբերվող 30 մլն եվրո բյուջետային աջակցության շրջանակում։ ԵՄ-ն և ՀՀ-ն ռազմավարական գործընկերներ են կրթական բարեփոխումների ոլորտում։ Բյուջետային աջակցության ծրագիրն ողղված է գյուղական բնակավայրերում հանրակրթության բարելավմանը՝ Սյունիքում պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով։ 


«ՔԵԶ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ» միջոցառումն Օշականում

Դեկտեմբերի 19, 2023թ

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանկ Հեսսն Օշականում մասնակցել է «ՔԵԶ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ» խորագիրը կրող միջոցառմանը, որը երիտասարդության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության ևս մեկ կարևոր իրադարձություն էր: Հայաստանում առաջին EuroClub-ը, որը ղեկավարվում է Երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից, նշեց ԵՄ աջակցությամբ Արագածոտնի մարզի երիտասարդների համար փոփոխություններ և հնարավորություններ ստեղծելու իր 1-ամյակը: 2022 թվականին տեղի ունեցած պաշտոնական մեկնարկից ի վեր՝ Օշականի EuroClub-ն իրականացրել է շուրջ 100 նախաձեռնություն՝ Օշականից և հարակից համայնքներից ներգրավելով ավելի քան 1200 երիտասարդի և Երիտասարդ եվրոպական դեսպանների հետ կազմակերպելով իրազեկման միջոցառումներ: 2023 թվականի Եվրոպական հմտությունների տարվա շրջանակներում և ցկյանս ուսումնառությանը նոր խթան հաղորդելու նպատակով Օշականի EuroClub-ի շահառուները հիմնել են տարբեր ակումբներ, մասնավորապես՝ BEE ACTive (Ակտիվ քաղաքացիության ակումբ), AngloBridge լեզվի ակումբ, լուսանկարչության և բնապահպանական ակումբներ և այլն: Դեսպանությունների ներկայացուցիչները, ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, տեղական իշխանությունները, երիտասարդները, ՀԿ-ները և Երիտասարդ եվրոպական դեսպանները նույնպես ներկա էին միջոցառմանը։


Եվրոպական միությունը և Հայաստանը քննարկել են  ՀԸԳՀ համաձայնագրի իրականացումը

Հունվարի 16, 2024թ

Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեցամյակին։ Հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ԵՄ-ՀՀ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը: Համաձայնագրի նպատակն է ապահովել Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների:


ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 13-րդ նիստը

Հունվարի 18, 2024թ․

Հունվարի 18-ին Եվրոպական միությունը և ՀՀ անցկացրեցին Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 13-րդ նիստը։
Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը, ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային  հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։


Բարձրագույն կրթության կառավարման բարելավմանն ուղղված KPI4HE նախագծի մեկնարկը

Հունվարի 30, 2024թ

Հունվարի 30-ին մեկնարկեց KPI4HE նախագիծը՝ նպատակ ունենալով բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանի ռազմավարական պլանավորումն ու կառավարումը և նպաստել Հայաստանում որակյալ և ներառական, թվային և կանաչ ուղղվածություն ունեցող բարձրագույն կրթությանը: ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի կրթության ոլորտին և հատկացնում բյուջետային զգալի աջակցություն՝ կենտրոնանալով միջնակարգ կրթության վրա՝ Սյունիքի մարզում նախաձեռնված պիլոտային ծրագրով: Բարձրագույն կրթության հիմնական արդյունավետության ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակումն ու ներդրումը և Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկումը, ինչպես նաև պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման ստանդարտների վերանայումը, ճանապարհ կհարթեն Հայաստանում բարձրագույն կրթության հետագա բարելավման համար:


«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի փակումը

Փետրվարի 1, 2024թ․

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի փակման աշխատաժողովը: Այն համախմբել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Սյունիքի, Արմավիրի, Շիրակի և Տավուշի 9 համայնքների տեղական միջոլորտային ցանցերի անդամներին, ծրագրի շահառուներին և իրականացնող գործընկերներին՝ ամփոփելու տեղական սոցիալական պլանների հիման վրա սոցիալական ծառայությունների փորձարկման արդյունքները և քննարկելու սոցիալական ծառայությունների մատուցման և ապակենտրոնացման ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և 2021 թվականի փետրվարից իրականացվել «Հիլֆվերկ ինտերնեյշնլ» ավստրիական կազմակերպության կողմից՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, «Գործընկերություն և ուսուցում» և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ների հետ գործընկերությամբ:


«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի մեկնարկը 

Փետրվարի 2, 2024թ․ 

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շնորհիվ Երևանի քաղաքապետարանն առաջընթաց է գրանցել իր բնապահպանական նախաձեռնություններն իրականացնելու ուղղությամբ՝ իր քաղաքացիների համար Երևանն ավելի մաքուր, կանաչ և առողջ դարձնելով :

Փետրվարի 2-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագրի բացման արարողությանը, որը հանդիսանում է ԵՄ կողմից ֆինանսավորվող աղբատար մեքենաների և բեռնարկղերի ներդրման նախաձեռնության շարունակությունը:

Եվրոպական միությունը կարևորում է  «Կանաչ գործարքի» իրականացումը՝ համարելով այն ԵՄ-ի հանձնառությունն ապագա սերունդների հանդեպ: Այս համատեքստում ԵՄ-ն ակտիվորեն խրախուսում է շրջակա միջավայրի պաշտպանության և կայունության ոլորտում իր փորձից բխող գիտելիքների և օպտիմալ մոտեցումների տարածումը, ինչպես նախատեսված է այս ծրագրով:


ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը. հարաբերությունների ամրապնդում և մարդասիրական օգնություն

Փետրվարի 13, 2024թ․

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: 
Այն նախագահում էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, իսկ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ներկա էր նաև Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Քուփմանը:
Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:
ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը և ողջունել են ձեռք բերված առաջընթացը, ինչպես նշված է վերջերս հրապարակված Գործընկերության իրականացման զեկույցում: Այնուհետև Գործընկերության խորհուրդը քննարկել է քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային, շարժունակությանը և վիզայի ազատականացմանը վերաբերող հարցեր:

Վերջում մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ։ Այս առիթով ԵՄ-ն նաև հայտարարել է 5,5 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնության մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու համար։ Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։


ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագրի փակումը

Փետրվարի 16, 2024թ․

ԵՄ ֆինանսավորմամբ գործող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը նշեց իր «Communication Labs» ծրագրի հաջող ավարտը: Ծրագրի շրջանակում հայկական ՔՀԿ-ները մշակել էին տասն ազդեցիկ արշավ՝ անդրադառնալով այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են՝ ապատեղեկատվության դեմ պայքարը, ներառականության խթանումը և մարգինալացված համայնքների հզորացումը: Երեք ՔՀԿ-ներ պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը ստանալով սեփական արշավը սկսելու համար նախատեսված ԵՄ ֆինանսավորում։ 


ԵՄ դեսպանի հանդիպումը Հայաստանում նոր ընտրված Երիտասարդ եվրոպականդեսպանների հետ

Փետրվարի 22, 2024թ․

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է EU NEIGHBOURS east ծրագրի «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության նոր անդամներին։

Քննարկման ընթացքում դեսպան Մարագոսը և Երիտասարդ եվրոպական դեսպանները մտքեր են փոխանակել ԵՄ-Հայաստան հարաբերություններում երիտասարդության դերի վերաբերյալ։ ԵՄ դեսպանն ընդգծել է երիտասարդների նվիրվածության և ներգրավվածության կարևորությունը երկրի համար ավելի լավ ապագայի կերտման գործում:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, հանդիսանալով ոչ քաղաքական և կամավոր հաղորդակցման ցանց, ներկայում ներառում է 144 անդամ Հայաստանում՝ նպաստելով երկրի հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկության բարձրացմանը և դրական արդյունքների տարածմանը։


Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան

Նոյեմբերի 29, 2023թ

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-Հայաստան հարաբերություններն ընդլայնելու նպատակով: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել, առ այն թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

ԵՄ-ն նաև խոստացել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այցի ընթացքում ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը: Ստորագրվել է երկու ծրագիր՝ մանկապարտեզներում էներգաարդյունավետության բարձրացման և հայաստանյան ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։
ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում ԵՄ առաքելության ամրապնդման հարցում և այցի ընթացքում հանդիպումներ ունեցել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ:


Երևանում գործարկվեց ԵՄ-ի կողմից վերանորոգված ևս մեկ էներգաարդյունավետ մանկապարտեզ

Նոյեմբերի 30, 2023թ

ԵՄ աջակցության շնորհիվ արդեն հիմնանորոգվել է 6 մանկապարտեզ, 9 մանկապարտեզում կիրականացվի կապիտալ վերանորոգում, 35 մանկապարտեզ կօգտվի էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող միջոցառումներից։
Որպես Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ամենամեծ ներդրող՝ Եվրոպական միությունն ուրախ է նպաստել երեխաների համար ավելի անվտանգ, ներառական և առողջ միջավայրի ստեղծմանը` միաժամանակ օգնելով Հայաստանին օգտագործել ավելի քիչ էներգիա և ֆինանսական ռեսուրսներ:
Երևանում գործարկվեց ԵՄ կողմից վերանորոգված ևս մեկ՝ թիվ 109 մանկապարտեզը։ Շուրջ 170 փոքրիկների համար ապահովվել են բարեկարգ, անվտանգ ու էներգաարդյունավետ պայմաններ։
E5P հիմնադրամն իր ներդրումների միջոցով ձգտում է հասնել Կայուն զարգացման բազմաթիվ նպատակների․ կայուն քաղաքներ, մաքուր ջուր, սանիտարական լավ վիճակ, կլիմայի փոփոխության պատասխան գործողություններ և այլն: Ենթադրվում է, որ E5P ծրագրերի շրջանակում խնայված էներգիայի արդյունքում CO2 գազի արտանետումների կրճատումը համարժեք կլինի մոտ 1 միլիոն տոննային, կլինեն նաև բազմաթիվ այլ օգուտներ՝ քաղաքներում օդի աղտոտվածության, թափոնների և կեղտաջրերի նվազեցման առումով: