Skip to main content

Լրատու ձմեռային թողարկում, 2025-2026


Եվրոպական միությունը և Հայաստանը հաստատել են գործընկերության նոր ռազմավարական օրակարգը

Դեկտեմբերի 2, 2025              

Գործընկերության խորացման նպատակով Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն ընդունել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որը կարևոր քայլ է երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման ճանապարհին։ Փաստաթուղթը հավանության է արժանացել ԵՄ–Հայաստան գործընկերության խորհրդի կողմից՝ փոխարինելով 2017թ. Գործընկերության առաջնահերթություններին և ձևավորելով ավելի հավակնոտ ու համապարփակ շրջանակ համատեղ գործողությունների համար։

Այն արտացոլում է երկկողմ հարաբերություններում ձևավորված դրական դինամիկան՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, արդարադատության բարեփոխումներ, մարդու իրավունքներ, սոցիալ–տնտեսական զարգացում, կապիտալի շուկա, էներգետիկ անվտանգություն, թվային փոխակերպում, առևտրի դիվերսիֆիկացումինչպես նաև համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Կարդացե՛ք ավելին՝ https://link.europa.eu/XdhYHw


ԵՄն հայտարարել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանի աջակցման նոր միջոցի տրամադրման մասին

Հունվարի 30, 2026

ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո 20 մլն. եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը։

Աջակցման միջոցի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի նյութատեխնիկական կարողությունները՝ հատկապես ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Այն նաև կնպաստի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և Զինված ուժերի փոխգործելիության ընդլայնմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից ղեկավարվող միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին Հայաստանի հնարավոր ապագա մասնակցության տեսանկյունից։ 

Այս աջակցման միջոցը միտված է լրացնելու և զարգացնելու 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցման միջոցառումները, որոնցով նախատեսվում էր շարժական վրանային ճամբարի տեղակայում՝ այն ընդլայնելով ու հասցնելով բրիգադային մակարդակի։ Այս որոշմամբ՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին աջակցության ընդհանուր ծավալը հասնում է 30 մլն եվրոյի։

Ավելին՝ https://link.europa.eu/cbVG3c


Ամփոփվել է «CirculUp» նախագիծը՝ ՀՀ-ում շրջանաձև տնտեսության վրա թողնելով լուրջ ազդեցություն

Դեկտեմբերի 3, 2025

Ամփոփվել է «CirculUp» նախագիծը, սակայն երեք տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների շնորհիվ այն կշարունակվի։

ՓՄՁ-ները, ձեռնարկատերերը և ՀԿ-ները կշարունակեն աշխատել Հայաստանում շրջանաձև տնտեսության խթանման ուղղությամբ։

Նրանց նորարար արտադրանքներն ու գաղափարները վկայում են ձեռնարկատիրության բարձր մակարդակի, ինչպես նաև՝ ավելի դիմակայուն ու շրջանաձև տնտեսության կառուցման մասին։


Գավառում մեկնարկել է EU4Sevan+ ծրագիրը, որը նպաստելու է ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը

Դեկտեմբերի 9, 2025

Գավառում ազդարարվել է EU4Sevan+ ծրագրի մեկնարկը։ Այն նոր ծրագիր է, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ու Եվրոպական միության կողմից, և  իրականացվում GIZ-ի կողմից։

Այն հիմնված է EU4Sevan ծրագրի փորձի վրա (իրականացվել է 2020-2025 թթ․-ին) և նպատակ ունի բարելավել ջրային ռեսուրսների կառավարումն ու կեղտաջրերի մաքրումը Սևանա լճի ավազանում, նաև՝ աջակցել Հայաստանին հաղթահարել ջրային ոլորտի մարտահրավերները։

ԵՄ-ն շարունակելու է պաշտպանել Սևանա լիճը՝ Հայաստանի համար էկոլոգիական և տնտեսական կենսական ռեսուրսը, որը ծառայում է որպես քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր, պահպանում է կենսաբազմազանությունը և հնարավորություններ է ընձեռում ձկնորսության, հանգստի և զբոսաշրջության համար։


Ավարտին է մոտեցել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը

Դեկտեմբերի 11, 2025

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրն ավարտվել է՝ ամփոփելով հինգ տարվա ընթացքում Հայաստանում ԵՄ ԼԻԴԵՐ համայնքային զարգացան մեթոդաբանության փորձարկման արդյունքները և ցույց տալով, թե ինչպես կարող են տեղական գործընկերությունները գյուղական համայնքներում իրական փոփոխությունների հիմք դառնալ։

Դեկտեմբերի 11-ին կազմակերպված փակման միջոցառմանը ներկա էին կառավարության, Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ), իրականացնող գործընկերների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և քննարկելու Հայաստանում համայնքահեն զարգացման ապագան։

Վերջին հինգ տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է 196 բիզնես և 34 համայնքային նախաձեռնությունների, ստեղծել է 150-ից ավելի նոր աշխատատեղ՝ ներգրավելով հազարավոր բնակիչների և ամրապնդելով Լոռու և Տավուշի համայնքների կարողությունները՝ ի ցույց դնելով ԼԻԴԵՐ մեթոդաբանության փոխակերպիչ ներուժը, երբ համայնքները, բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը միասին են գործում։


ԵՄ-ն և Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են ներդրումները Սյունիքի զարգացման համար

Փետրվարի 4, 2026

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը փետրվարի 4-ին մասնակցել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող պետական հատվածի ծրագրերի վերաբերյալ քննարկմանը` ՀՀ կառավարության հետ քննարկելով տրանսպորտի, ջրի, էներգետիկայի և մարզային զարգացման ոլորտներում խոշոր ներդրումների ընթացքն ու հաջորդ քայլերը։

Միջոցառման ընթացքում նաև ստորագրվել է «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկի ներքո համագործակցության հուշագիր, որը նախատեսում է տեխնիկական աջակցություն Սյունիքում ջրային ենթակառուցվածքների նախագծերի նախապատրաստման համար։

Առողջապահության, մասնագիտական կրթության և ջրային ենթակառուցվածքների աջակցմանն ուղղված 50 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ վարկը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս է կազմում, որի նպատակն է նպաստել Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ավելին իմանալու համար՝ https://eu4armenia.eu/team-europe-initiative/


ԵՄ–Հայաստան երիտասարդական համաժողովը համախմբել էր 70 երիտասարդների

Փետրվարի 12, 2026

Փետրվարի 12-ին կայացած ԵՄ–Հայաստան երիտասարդական համաժողովը համախմբել էր 70 երիտասարդների՝ Հայաստանի տարբեր մարզերից՝ մրցակցային ընտրությամբ։ Այն կազմակերպվել էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ԵՄ երիտասարդական խորհրդի կողմից՝ Հայաստանի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ ստեղծելով երկխոսության հարթակ։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է ԵՄ երիտասարդական նախաձեռնությունները և ընդգծել հատկապես պակաս բարենպաստ պայմաններում գտնվող երիտասարդների ներուժի զարգացումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խրախուսել է երիտասարդներին լինել ակտիվ և ներգրավված իրենց ապագայի կերտման գործընթացում։

Երիտասարդները բարձրաձայնել են հիմնական մարտահրավերները՝ տեղեկատվության պակաս, լեզվական խոչընդոտներ և մարզային շարժունակության խնդիրներ։ Համաժողովը ներառել է նաև Էրազմուս+ տեղեկատվական հանդիպում և ավարտվել Եվրոպայի օրվան նվիրված աշխատարանով, որի ընթացքում մշակվել են ԵՄ–Հայաստան տաղավարի գաղափարներ, որոնցից լավագույնը կիրականացվի Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակում։


Մեկնարկել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի շինարարությունը

Փետրվարի 24, 2026

Փետրվարի 24-ին մեկնարկել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի շինարարությունը, որը Հայաստանի և նրա քաղաքացիների համար կարևոր զարգացում է։

Այս նոր հաբը միավորում է ստեղծարարությունը և առաջադեմ ինժեներությունը՝ երիտասարդներին հնարավորություն տալով անցնել իրենց ուսումնական ճանապարհը լաբորատորիաներում և համագործակցային տարածքներում փորձի ձեռքբերմամբ։

Եվրոպական միությունն ուրախ է լինել այս նախաձեռնության մասնակիցը՝ աջակցելով Թումոյին ֆինանսավորմամբ, գործընկերությամբ և մենթորական ծրագրերով, որոնք կամուրջ են ստեղծում Հայաստանի երիտասարդ տաղանդների և եվրոպական հետազոտական ու ոլորտային փորձագետների միջև։

Այս ծրագրերը նպաստում են ԳՏՃՄ կրթության զարգացմանը, ուսուցիչների հմտությունների բարձրացմանը և ուսանողների փոխանակումներին՝ հնարավորություն ստեղծելով հայկական տաղանդը վերածել գլոբալ մակարդակով մրցունակ արտադրանքի և աշխատուժի։

Միասին աշխատելով՝ ԵՄ-ն և Հայաստանը կարող են բացել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցության մակարդակը և բարելավել մարդկանց կյանքը։

Գործընկերությունը Թումոյի և տեղական այլ նախաձեռնությունների հետ արտացոլում է մեր ընդհանուր տեսլականը` ստեղծելու ապագա, որում գնահատված են կրթությունը, նորարարությունը և զարգացումը։


ԵՄ-ն և Հայաստանը խթանում են վիզաների ազատականացման երկխոսությունն ու բարեփոխումների օրակարգը

Փետրվարի 18, 2026

Փետրվարի 18-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ քննարկելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։

Եվրոպական միությունը հաստատակամորեն հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ փաստաթղթերի անվտանգությանը, սահմանների և միգրացիայի կառավարմանը, հասարակական կարգի պահպանմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների առաջմղման գործում՝ ներառյալ Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում։

2025 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ՀՀ իշխանություններին ներկայացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն ընդգրկում է այն նախապայմանները, որոնց Հայաստանը պետք է համապատասխանի ԵՄ-ի հետ վիզային ազատ ռեժիմի համար։