Skip to main content

Լրատու գարնանային թողարկում, 2026


ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններն այցելել է Հայաստան

Մարտի 12, 2026

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը Հայաստանում Մագնուս Բրունների այցի առանցքային թեմաներից էր։ Այցի շրջանակում նա անցկացրել է մի շարք հանդիպումներ և մասնակցել տարբեր միջոցառումների, այդ թվում՝ մարտի 12-ին Երևանում կայացած «Վիզաների ազատականացման ճանապարհին․ ԵՄ–Հայաստան համագործակցության ամրապնդումը՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրոպական միության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ քննարկելու Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը։


Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ

Մարտի 20, 2026

Հայաստանը կարևոր քայլ է կատարել իր էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորման համար 135 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ նոր համաձայնագրերի ստորագրմամբ։

Արարողությանը մասնակցել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։

Ֆինանսավորման նոր փաթեթը, որը ներառում է Գերմանիայի կառավարության երաշխիքով Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) կողմից տրամադրվող 120 միլիոն եվրոյի վարկը և Եվրոպական միության 15 միլիոն եվրոյի դրամաշնորհը, փոխլրացնում է նախկինում տրամադրված ֆինանսական աջակցությանը՝ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով 313.2 միլիոն եվրոյի՝ Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ։

Ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ընդլայնելով վերականգնվող էներգիայի արտադրության հնարավորությունները, բարելավելով տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ինտեգրումը և հիմք ստեղծելով ապագայում եվրոպական էլեկտրացանցին ինտեգրվելու համար՝ ծրագիրը կարևոր ներդրում է Հայաստանի կայուն էներգետիկ ապագայի ձևավորման գործում։

Ավելին՝ https://shorturl.at/wQKE7


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այցելել է Հայաստան՝ ամրապնդելու ԵՄ–Հայաստան գործընկերությունը

Մարտի 19, 2026

Հայաստան կատարած այցի ընթացքում Մարթա Կոսը հանդիպել է Հայաստանի ղեկավարության և տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ՝ նպաստելու ԵՄ–Հայաստան գործընկերության հետագա ամրապնդմանը և ներկայացնելու Եվրոպական միության աջակցության շոշափելի արդյունքները։

Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու առաջիկա ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, խորացնելու համագործակցությունը ԵՄ Կապակցվածության օրակարգի շրջանակում, նաև գնահատելու Հայաստանի համար նախատեսված ԵՄ 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի իրականացման առաջընթացը՝ տարածաշրջանային և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված ավելի լայն ջանքերի համատեքստում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ Մարթա Կոսը քննարկել է երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Գյումրիում նա ծանոթացել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող նախաձեռնություններին, որոնք նպաստում են տեղական տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու հմտությունների զարգացմանը, երիտասարդների հզորացմանը և մշակութային ժառանգության պահպանմանը։ Այցի ավարտին Մարթա Կոսը ելույթ է ունեցել Շիրակի պետական համալսարանում՝ ընդգծելով Հայաստանի ժողովրդի և երկրի ապագայի համար ներդրումների կարևորությունը։


Երևանում կայացել է ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը

Մայիսի 5, 2026

Մայիսի 5-ին, Երևանում կայացել է ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը՝ նշանավորելով ԵՄ–Հայաստան հարաբերություններում շրջադարձային պահ և սահմանելով առաջիկա տարիների հեռանկարային օրակարգ։ Գագաթնաժողովն ընդգծել է քաղաքական և տնտեսական կապերի խորացման և Հայաստանի համար ավելի անվտանգ, բարեկեցիկ ու կայուն ապագայի կառուցման ուղղությամբ համատեղ հանձնառությունը։


ԵՄ-ն ու Հայաստանը ստորագրել են կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը

Մայիսի 5, 2026

Եվրոպական միությունը և Հայաստանը Երևանում անցկացրել են իրենց առաջին գագաթնաժողովը՝ նշանավորելով երկկողմ հարաբերությունների կարևոր հանգրվան և ամրապնդելով համագործակցությունը կապակցվածության, անվտանգության և պաշտպանության, տնտեսական զարգացման, և մարդկանց միջև կապերի հաստատման ուղղությամբ։ Գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է ԵՄ–Հայաստան Կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը, մեկնարկել ռազմավարական ներդրումների համար հետաքրքրության հայտերի ներկայացման փուլը, նաև ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Առաջնորդները ողջունել են նաև Ֆրոնտեքսի և Հայաստանի ՆԳՆ–ի միջև համագործակցության մեկնարկը, Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ստեղծումը, և Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում առաջին 30 միլիոն եվրո աջակցության տրամադրումը։

Ավելին՝ https://shorturl.at/uOaw1


LEAD4Shirak ծրագիրը երկարաժամկետ ազդեցություն է թողել Շիրակի մարզի համայնքների վրա

Մարտի 25, 2026

Հինգ տարվա ընթացքում Շիրակի համայնքներին աջակցելուց հետո ԵՄ LEAD4Shirak ծրագիրն ավարտել է իր գործունեությունը՝ թողնելով ամուր տեղական գործընկերություններ, գիտելիքով ու հմտություններով հզոր քաղաքացիներ և ներքևից վերև զարգացման կայուն մոդել։ 48 բիզնեսի և 84 համայնքային նախաձեռնության աջակցությամբ ծրագիրը նպաստել է 117 նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներգրավել հազարավոր բնակիչների և ամրապնդել գյուղական համայնքների կարողությունները՝ իրենց զարգացման գործընթացն ինքնուրույն առաջ մղելու համար։


Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին

Ապրիլի 30, 2026

«ԵՄ աջակցություն Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում արձանագրված առաջընթացի գնահատումից հետո Եվրոպական միությունը Հայաստանին հատկացրել է 8.55 միլիոն եվրո՝ շարունակվող կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով։ Ծրագիրը նպաստում է կրթական համակարգի արդիականացմանը, դպրոցների կառավարման կարողությունների ամրապնդմանը, ուսումնական միջավայրերի բարելավմանը և ամբողջ երկրում աշակերտների ու ուսուցիչների համար հնարավորությունների ընդլայնմանը։

Մինչ օրս արձանագրված արդյունքները ներառում են Սյունիքի մարզում 13 դպրոցի վերանորոգումը, դպրոցների շուրջ 50 տոկոսի կողմից ընդունված կառավարման նոր համակարգի ներդրումը, մրցութային կարգով 346 տնօրենների նշանակումը, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոցում STEM լաբորատորիաների ներդրումը, շուրջ 9000 ուսուցչի համապետական վերապատրաստումները, և մասնագիտական կողմնորոշման ծառայությունների և արդիականացված ուսումնական ծրագրերի ներդրումը։

Այս նախաձեռնությունները միասին նպաստում են Հայաստանում ավելի ժամանակակից, ներառական և ապագային ուղղված կրթական համակարգի ձևավորմանը։

Ավելին՝ https://shorturl.at/THh26


Հայաստանում պաշտոնապես բացվել է Էրազմուս+ ազգային գրասենյակը

Ապրիլի 7, 2026

Երևանում բացվել է Էրազմուս+ ազգային գրասենյակը (NEO)։ Գրասենյակն ազգային մակարդակում աջակցում է «Էրազմուս+» ծրագրի՝ ԵՄ-ի կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի առաջատար նախաձեռնության իրականացմանը։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է ԵՄ–Հայաստան երկարաժամկետ համագործակցության կարևորությունը կրթության ոլորտում՝ ազգային առաջնահերթություններին համահունչ։ Նա նաև ողջունել է գրասենյակի ստեղծումը՝ որպես «Էրազմուս+» հնարավորությունների վստահելի ազգային կենտրոն, որը նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածությունը և աջակցել դիմորդներին։


ԵՄ աջակցությամբ Հայաստանը նոր քայլ է կատարել կլիմայական գործողությունների ուղղությամբ՝ գործարկելով ջերմոցային գազերի արտանետումների նոր ռեգիստրն ու ՉՀՀ (MRV) հարթակը

Մայիսի 14, 2026

Կլիմայական գործողություններն ուղղված են համայնքների պաշտպանությանը, առողջ միջավայրի խթանմանը և ավելի դիմակայուն ապագայի կառուցմանը։ ԵՄ աջակցությամբ Հայաստանը նոր քայլ է կատարել կլիմայական գործողությունների ուղղությամբ՝ գործարկելով ջերմոցային գազերի արտանետումների նոր ռեգիստրն ու ՉՀՀ (MRV) հարթակը, որոնք կբարելավեն արտանետումների մշտադիտարկումը և կաջակցեն քաղաքականություն մշակողներին ավելի արդյունավետ կլիմայական միջոցառումների մշակման գործում՝ ի նպաստ մարդկանց, համայնքների և տնտեսության։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մայիսի 14-ին գործարկված նախաձեռնությունն աջակցում է Հայաստանի պարտավորություններին՝ Փարիզյան համաձայնագրի և ԱՄՍԳ 3.0 նպատակների շրջանակում, այդ թվում՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումների 44%-ով կրճատման նպատակին։

«EU4ClimateResilience» շրջանակում և միջազգային գործընկերների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպաստում է Հայաստանի անցմանը դեպի ավելի կանաչ և դիմակայուն ապագա։


Եվրոպայի օր 2026ԵՄ–Հայաստանավելի մոտ, քան՝ երբևէ

Մայիսի 7-27, 2026

2026 թվականի մայիսին Եվրոպական միությունը Հայաստանում նշել է Եվրոպայի օրը՝ կազմակերպելով բազմազան հանրային միջոցառումներ, մշակութային նախաձեռնություններ, քաղաքական քննարկումներ, կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ և տարածաշրջանային այցելություններ, որոնք ընդգծել են Եվրոպական միության և Հայաստանի միջև ամուր ու զարգացող գործընկերությունը։

Տոնակատարությունները մեկնարկել են մայիսի 7-ին՝ Երևանում կայացած մշակույթի քաղաքականության ֆորումով, որը համախմբել էր շահագրգիռ կողմերին՝ քննարկելու մշակութային համագործակցությունը և մշակույթի դերը ԵՄ–Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանրային գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում․ տեղեկատվական ցուցահանդես այցելել են հազարավոր մարդիկ։

Միջոցառումը համախմբել էր ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին, եվրոպական հաստատություններին և գործընկեր կազմակերպություններին՝ քաղաքացիներին հնարավորություն տալով ավելի մանրամասն ծանոթանալ Հայաստանում ԵՄ գործունեությանը՝ ինտերակտիվ խաղերի, ցուցահանդեսների, տեղեկատվական տաղավարների և մշակութային ներկայացումների միջոցով։

Եվրոպայի օրվա միջոցառումները չեն սահմանափակվել մայրաքաղաքով։ Միջացառումներ իրականացվել են նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ ներառյալ Գավառը, Դիլիջանը, Ալավերդին, Օշականը, Գորիսը և Գյումրին։

Ծրագիրը ներառել է համալսարանական դասախոսություններ, երիտասարդական ֆորումներ, EuroClub-ի միջոցառումներ, մշակութային ժառանգության այցելություններ, համայնքային ներգրավման նախաձեռնություններ և հանրային քննարկումներ՝ տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներին հնարավորություն տալով հաղորդակից դառնալ եվրոպական արժեքների, ծրագրերի և հնարավորությունների հետ։

Տարածաշրջանային ծրագրի առանձնահատուկ իրադարձություններից էր մայիսի 14-ին Ալավերդիում կայացած Եվրոպայի օրվա համերգը, որը երաժշտության և մշակույթի միջոցով համախմբել էր տեղական համայնքներին։

Մշակութային ծրագիրը ներառում էր Հայաստանի հունական համայնքների միության «Կալլիոպե» հունական երգչախմբի և «Լազուր» ժողովրդական գործիքների համույթի ելույթները՝ ներկայացնելով ավանդական և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների ծրագիր։ Ելույթները արտացոլել են տարածաշրջանի մշակութային հարստությունը և հնարավորություն տվել տոնելու այն բազմազանությունը, որը բնորոշ է թե՛ Հայաստանին, թե՛ Եվրոպային։

Տոնակատարությունները շարունակվել են մայիսի 16-ին, Գյումրիում կազմակերպված մեծ բացօթյա համերգով, որը գրավել էր հազարավոր այցելուների և ստեղծել մշակութային փոխանակման ու եվրոպական համերաշխության մթնոլորտ։

Հատկանշական է, որ ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, որոնք տարբեր տարիների ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Արամ MP3-ի, Սրբուկի և PARG-ի ելույթները ծրագրին հաղորդել են առանձնահատուկ արժեք՝ մեծացնելով հանրային հետաքրքրությունը և բարձրացնելով հանդիսատեսի ներգրավվածության մակարդակը միջոցառման ողջ ընթացքում։

Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որն անցկացվել է մայիսի 15–27-ը, Եվրոպայի օրվա մեկամսյա ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էր։ Երևանում, Գավառում, Օշականում, Գորիսում և Գյումրիում կազմակերպված ցուցադրությունների և մշակութային միջոցառումների միջոցով հանդիսատեսը հնարավորություն է ունեցել բացահայտելու ժամանակակից եվրոպական կինոն և մասնակցելու միջմշակութային երկխոսության։

Ամբողջ ամսվա ընթացքում «Եվրոպայի օր 2026»-ը ծառայել է որպես երկխոսության,
ուսուցման, մշակութային փոխանակման և հանրային ներգրավման հարթակ՝ ընդգրկելով Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին։ Քաղաքական քննարկումների, կրթական հնարավորությունների, մշակութային փորձառությունների և համայնքային միջոցառումների համադրությամբ տոնակատարություններն ընդգծել են ԵՄ–Հայաստան համագործակցության շոշափելի արդյունքները և վերահաստատել Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի ամուր ու շարունակական գործընկերության համատեղ հանձնառությունը։

Ավելին՝ https://shorturl.at/jYTCk