Լրատու․ ամառային թողարկում, 2026
ԵՄ աջակցությամբ նոր ծրագիր է մեկնարկել՝ օգնելու ՀՀ կառավարությանը առանցքային բարեփոխումների առաջմղման գործում
Հունիսի 1, 2026

ԵՄ-ն նոր երկամյա ծրագիր է մեկնարկել, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային բարեփոխումների առաջմղման գործում։
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բարեփոխումների չորս հիմնական ուղղություններն են՝ ճամփորդական փաստաթղթերի անվտանգություն,
սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգ, հասարակական կարգի և անվտանգության հարցեր, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների ապահովում։
«Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագիրն իրականացվում է Լիտվայի ներքին գործերի նախարարության աջակցությամբ՝ ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից։
ԵՄ–ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է տրամադրել
Հունիսի 19, 2026

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ նպատակ ունենալով մեղմել Ռուսաստանի կողմից մասնավոր հատվածի նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները:
Այս ֆինանսական աջակցությունը նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է և, այն ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով առևտրի դյուրացմանն ու համերաշխությանն ուղղված միջոցներ:
ԵՄ-ն նպատակ ունի աջակցել հայկական բիզնեսներին՝ օգնելով նրանց դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և ստեղծել նոր հնարավորություններ Եվրոպայում՝ 450 միլիոն սպառող ունեցող շուկայում։
Նշյալ հանձնառության շրջանակում ի լրումն ֆինանսական աջակցության, հունիս ամսվա ընթացքում Հայաստանում աճեցված ծաղիկների՝ 10000 միավորից բաղկացած խմբաքանակ ուղարկվել է Լատվիա։ Հայաստանի համար բարդ իրավիճակում սա իրական և գործնական աջակցություն էր ծաղկաբուծության ոլորտին։
Եվրոպական միությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանում առևտրի և արտահանման ոլորտներին։
Հայաստանի ձուկ և ձկնամթերք արտադրողների համար նոր շրջափուլ է սկսվել
Հուլիսի 27, 2026

Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց ձկան և ձկնամթերքի դեպի ԵՄ արտահանման կարգը։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մարտին Եվրոպական միությունը թույլտվություն էր տրամադրել Հայաստանից դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանման համար:
Համաշխարհային առևտրի կենտրոնը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր, որը ֆինանսավորվում է Եվորպական միության կողմից:
Ծրագրի շրջանակում՝ Հայաստանի տվյալ ոլորտի պատրաստվածության վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով իրականացվել է ելակետային գնահատում, որին զուգահեռ մի շարք հայ արտադրողներ մասնակցել են Բարսելոնայում կայացած «Seafood Expo Global» ձկնամթերքի միջազգային ցուցահանդեսին և կապեր հաստատել ոլորտի փորձագետների և եվրոպացի գնորդների ու ներկրողների հետ: Կատարված աշխատանքներն օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական կարգավորումների հիմք են ստեղծել՝ հնարավոր դարձնելով Հայաստանից դեպի ԵՄ ձկան և ձկնամթերքի արտահանումը։
Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») գրանցվելու միջոցով Հայաստանյան ընկերությունները հնարավորություն կունենան մուտք գործել ոչ միայն ԵՄ 27 անդամ պետությունների շուկաներ, այլև այս համակարգի ստանդարտները որդեգրած մի շարք այլ երկրների, օրինակ՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Իսրայելի և այլ երկրների շուկաներ։
ԵՄ աջակցությնամբ՝ Սյունիքի մարզի ավելի քան 850 քաղաքացու համար բարելավվել է սոցիալական ծառայությունների հասանելությունը
Հունիսի 29, 2026




Ավարտին է մոտեցել «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքահեն սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո։
ԵՄ աջակցության շնորհիվ Սյունիքի մարզի 12 ՔՀԿ–ների և Սիսիանի, Գորիսի, Կապանի ու Մեղրիի համայնքապետարանների կողմից փորձարկվել/մատուցվել են 9 տեսակի համայնքային սոցիալական ծառայություններ՝ անմիջականորեն աջակցելով ավելի քան 850 շահառուի։
Վերոնշյալ ծառայությունները ներառում են տարեցների խնամքի, երեխաների ցերեկային խնամքի, սոցիալական տաքսիի, վերականգնողական և վերաինտեգրման ծառայություններ՝ ի ցույց դնելով, թե ինչպես տեղական մակարդակում կատարված աշխատանքը և ամուր գործընկերությունը կարող են սոցիալական ծառայությունները դարձնել ավելի հասանելի, ներառական և շարունակական։
Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտի համակարգային բարեփոխումներին՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ համայնքներում։
Խոյ համայնքում ԵՄ աջակցությամբ երիտասարդական տարածք է բացվել
Հունիսի 29, 2026




ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել են Խոյ համայնքի երիտասարդական տարածքի բացման արարողությանը։
Հայաստանի 6 մարզերում՝ Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում երիտասարդական տարածքները բացվել են «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից։
Այս երիտասարդական տարածքները կծառայեն որպես «ժողովրդավարության լաբորատորիաներ», որտեղ երիտասարդները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը, երկխոսություն վարելու կարողությունը, հանդուրժողականությունն ու քաղաքացիական պատասխանատվությունը, որպես ամուր ու դիմակայուն Հայաստանի հիմքում ընկած արժեքներ։
Միաժամանակ նրանք հասանելիություն կստանան ոչ ֆորմալ կրթությանը, կմասնակցեն կամավորական ծրագրերի, քաղաքացիական ներգրավվածության նախաձեռնությունների, առաջնորդության զարգացման ծրագրերի և համայնքային նախաձեռնությունների։
Բոլոր վեց երիտասարդական տարածքների գործունեությունն ամրագրված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրերով, ինչը վկայում է ծրագրի ավարտից հետո երիտասարդական ծառայությունների շարունակականությունն ապահովելու համատեղ հանձնառության մասին։
Եվրոպական միության գործընկերության առաքելությունը Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է իր աշխատանքը
Հուլիսի 13, 2026

Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտական աջակցության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (ԵՄԳԱ Հայաստան) կաջակցի հայաստանյան հաստատություններին՝ ապատեղեկատվությանը, կիբերհարձակումներին և ֆինանսական հանցավորությանը հակազդելու գործում:
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԵՄ Քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի ներկայությամբ տրվել է ԵՄԳԱ Հայաստանի պաշտոնական մեկնարկը։
ԵՄ աջակցությամբ մեկնարկել է նոր ծրագիր՝ օգնելու Հայաստանում օդի որակի բարելավման ջանքերին
Օգոստոսի 19, 2026




Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկել է նոր համատեղ ծրագիր՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում»։
Այս ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի՝ մշտադիտարկման, վերլուծության և օդի որակի կարգավորման կարողությունները։
ԵՄ ֆինանսավորումը կազմում է 2 միլիոն եվրո, ծրագիրն իրականացվելու է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ–ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (ԱՇՄԳ) համատեղ ջանքերով։
«Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air in Armenia) ծրագիրը միտված է օդի որակի բարելավմանը և բնակչության առողջության պաշտպանությանը՝ հզորացնելով ազգային այն համակարգերը, որոնք պատասխանատու են օդի որակի մշտադիտարկման, գնահատման և կարգավորման համար։ Սա նաև ԵՄ աջակցությունն է՝ Հայաստանի հանձնառությունների իրականացմանը՝ ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում։