Երեւանում մեկնարկել է ԹՈՒՄՈ կենտրոնի նոր շենքի շինարարությունը

Փետրվարի 24-ին Երեւանում մեկնարկեց ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի շինարարությունը։
Թումանյանի այգում տեղակայված հինգհարկանի շենքը կընդլայնի ներկայիս Թումո համալիրը՝ նոր տարածքներ ապահովելով դեռահասների եւ մեծահասակների անվճար տեխնոլոգիական եւ ստեղծարար կրթության համար: 42.5 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է ԹՈՒՄՈ-ի կողմից՝ Եվրոպական միության կողմից 12.5 միլիոն եվրո ներդրմամբ։
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-ից 18 տարեկան դեռահասների համար նախատեսված կրթական կենտրոն է, որը մասնագիտացած է տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտում։
Եվրոպական միությունն ուրախ է լինել այս նախաձեռնության մասնակիցը՝ աջակցելով ԹՈՒՄՈ-ին ֆինանսավորմամբ, գործընկերությամբ եւ մենթորական ծրագրերով, որոնք կամուրջ են ստեղծում Հայաստանի երիտասարդ տաղանդների եւ եվրոպական հետազոտական ու ոլորտային փորձագետների միջեւ։ Այս ծրագրերը նպաստում են ԳՏՃՄ կրթության զարգացմանը, ուսուցիչների հմտությունների բարձրացմանը եւ ուսանողների փոխանակումներին՝ հնարավորություն ստեղծելով հայկական տաղանդը վերածել գլոբալ մակարդակով մրցունակ արտադրանքի եւ աշխատուժի։
«Միասին աշխատելով՝ ԵՄ-ն եւ Հայաստանը կարող են բացել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցության մակարդակը եւ բարելավել մարդկանց կյանքը։ Գործընկերությունը Թումոյի եւ տեղական այլ նախաձեռնությունների հետ արտացոլում է մեր ընդհանուր տեսլականը, ստեղծելու ապագա, որում գնահատված են կրթությունը, նորարարությունը եւ զարգացումը», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
ԹՈՒՄՈ-ն կենտրոնն ունի Երեւանում, Դիլիջանում, Կողբում, Գյումրիում, Եղեգնաձորում եւ Կապանում, եւս 31 ԹՈՒՄՈ տուփեր էլ գործում են հարեւան քաղաքներում: Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Մարսելում, Լիոնում, Տիրանայում, Բեռլինում, Մանհայմում, Հիրշայդում, Լյուդենշեյդում, Կոիմբրայում, Լիսաբոնում, Բուենոս Այրեսում, Գունմայում։
Իմացիր ավելին
The post Երեւանում մեկնարկել է ԹՈՒՄՈ կենտրոնի նոր շենքի շինարարությունը appeared first on EU NEIGHBOURS east.



