Skip to main content

ԵՄ պատվիրակության եւ երիտասարդ եվրոպական դեսպանների միջեւ երկխոսությամբ տրվեց «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» արշավի մեկնարկը

13/04/2026

Ապրիլի 12-ին Երեւանում մեկնարկեց «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը։ Մեկնարկի միջոցառումը կազմակերպել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամները Հայաստանից եւ Եվրոպական միությունից:

Միջոցառման շրջանակում անցկացվեց բաց երկխոսություն Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար եւ Քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Թերեզա Վորլովայի հետ։ Մասնակցում էին ավելի քան 50 երիտասարդ եվրոպական դեսպաններ, այդ թվում՝ մասնակիցներ Հայաստանից, ինչպես նաեւ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Շվեդիայից եւ Միացյալ Թագավորությունից՝ խթանելով ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի երիտասարդների միջեւ միջսահմանային երկխոսությունը եւ փոխանակումը։

Դիմելով մասնակիցներին՝ Թերեզա Վորլովան ընդգծեց երիտասարդության ներգրավվածության կարեւորությունը ԵՄ-ՀՀ հարաբերությունների ամրապնդման գործում.

«Երիտասարդները ոչ միայն ԵՄ-ՀՀ հարաբերությունների ապագան են, այլեւ արդեն իսկ ներկայի կարեւոր մասն են կազմում։ Նրանց ակտիվությունը, գաղափարներն ու եռանդը կարեւոր դեր են խաղում մեր հասարակությունները մերձեցնելու գործում»։

Հայաստանից եւ Եվրոպական միությունից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներն այս շաբաթվա ընթացքում Եղեգնաձորում, Գորիսում եւ Ապարանում կիրականացնեն մի շարք միջոցառումներ՝ բուհեր, ՀԿ-ներ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններ այցելությունների միջոցով տարածելով «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը։ Միջոցառումների շարքը նպատակ ունի ապահովել, որ Հայաստանի ողջ տարածքում երիտասարդները լավագույնս հասկանան ԵՄ-ՀՀ հարաբերությունները, ներառյալ այնպիսի զարգացումները, ինչպիսիք են ԵՄ-ՀՀ ռազմավարական օրակարգի հաստատումը եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, եւ օգտվեն այդ համագործակցությունից բխող հնարավորություններից։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական հաղորդակցման ցանց է, որը կապում է երիտասարդներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ԵՄ անդամ պետություններից եւ Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է` բարձրացնել իր Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:

Իմացիր ավելին

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

Հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպաններ

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

The post ԵՄ պատվիրակության եւ երիտասարդ եվրոպական դեսպանների միջեւ երկխոսությամբ տրվեց «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» արշավի մեկնարկը appeared first on EU NEIGHBOURS east.