Հայաստանում անցկացվեցին 2022թ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ

Մայիսի 9-ին Եվրոպական միության ողջ տարածքում նշվում է Եվրոպայի օրը, որը  խորհրդանշում է միասնությունը և խաղաղությունը: Արդեն երկար տարիներ է, ինչ Եվրոպայի օրվա շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվում։ Իսկ այս տարի տոնը համընկավ ԵՄ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ 
Նշյալ  երկու կարևոր տոների առիթով կազմակերպվել էին  մի շարք միջոցառումներ՝ Երևանում և մարզերում։
Մայիսի 10-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ամփոփեցին 30-ամյա գործունեությունն ու խոսեցին գալիք անելիքների մասին։
«Մենք մեծապես  սերտ և լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք միասնական ենք, մենք աջակցում ենք երկրում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարությանը` հանուն հայ քաղաքացիների բարեկեցության, սա է մեր վերջնական նպատակը: Մեր հարաբերությունների հիմքը ՀԸԳՀ համաձայնագիրն է: Այն մեր հարաբերությունների ուղեցույցն է և ես շատ հպարտ եմ, որ այս ոգով սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ»,- շեշտեց դեսպան Անդրեա Վիկտորինը։ Մամուլի ասուլիսին հաջորդեց ընդունելություն՝ ՀՀ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 
Եվրոպայի օրվա կապակցությամբ տեղի ունեցան նաև կրթամշակութային միջացոռումներ, որոնցից ամենաուշագրավը մայիսի 11-ին Զանգակ գրատանը կազմակերպված գրական երեկոն էր։ Երեկոյի ընթացքում Էրազմուս+ ծրագրի ուսանողներին ու Երիտասարդ եվրոպական դեսպաններին բացառիկ հնարավորություն  ընձռվեց քննարկելու  Եվրոպական միության Գրական մրցանակի առաջին հայ դափնեկիր Արամ Պաչյանի էքսպերիմենտալ «P/F» վեպը։ Երեկոյին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները։ Իր ելույթում դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորեց Արամ Պաչյանին և խոսեց գրականության բնագավառի և երիտասարդ ստեղծագործողների աջակցության  ուղղությամբ ԵՄ ջանքերի մասին։ 
Պաշտոնական և տոնական միջոցառումներ կազմակերպվեցին նաև Հայաստանի հյուսիսում և հարավում՝ Շիրակի և Սյունիքի մարզերում։  
Գյումրիում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ԵՄ անդամ պետությունների  դեսպանների ու ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր  Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» (FESCCA) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։  Դեսպանն այնուհետև հանդիպեց «EU4ENVIRONMENT. Կանաչ համայնք. դիմակայուն ապագա» ծրագրի կողմից կազմակերպված էկոճամբարի մասնակից  դպրոցականների հետ, պատասխանեց նրանց հարցերին և ԵՄ անդամ պետությունների դեսպանների ու ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց ծառատունկին։
Նույն օրը LEAD4Shirak ծրագրի շրջանակներում ձևավորված երեք Տեղական գործողությունների խմբերի (ՏԳԽ) անդամները ներկայացրին մինչ այժմ կատարված աշխատանքները և առաջիկա առաջարկների հրավերը։ 4,5 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որ համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից, նպատակ ունի խթանել Շիրակի մարզի գյուղական բնակչության ներառական և կայուն աճը և բարելավել կենսապահովման պայմանները՝ տեղական զարգացման EU LEADER մեթոդաբանության փորձարկման միջոցով:
Գյումրիի միջոցառումներն ամփոփվեցին տեղի ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության անդամների հետ միասին հատուկ ընդունելությամբ։         
Եվրոպայի օրվա և ԵՄ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների վերջին հանգրվանը Սյունիքն էր։ Մայիսի 24-ից 25-ը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ԵՄ անդամ երկրների մի շարք դեսպանների հետ այցելեց Գորիս։ Մասնակցեցին «Ավելի ուժեղ ձեռներեցության էկոհամակարգը. աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» (SEES) ծրագրի մեկնարկին։ ԵՄ համաֆինանսավորմամբ «Իմփաքթ Հաբ Երևան»-ի ջանքերով Սյունիքում բացվում է տարածաշրջանային կենտրոնը, որի առանձնահատուկ ուշադրության առարկան լինելու է տարածաշրջանի փոքր բիզնեսի ոլորտը, որը լուծում է հետպատերազմյան շրջանում խոցելի խմբերի առջև ծառացած խնդիրները:
«Մեր տեսլականն է երկարաժամկետ հեռանկարում նպաստել  ուժեղ և նորարար ՓՄՁ ոլորտի կայացմանը, որը հնարավորություն կտա ապահովել բարձր հավելյալ արժեք, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսության մրցունակությունն ու արտադրողականությունը՝ Սյունիքը դարձնելով նորարարության և ձեռներեցության հանգույց»,- իր բացման ելույթում նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Գորիսում դեսպանը հանդես եկավ մարզային լրատվամիջոցների համար հատուկ  ճեպազրույցով և մասնակցեց «Ապատեղեկատվությունը Հայաստանում. հայացք Սյունիքից» միջոցառմանը։
Մայիսի 25-ին պատվիրակությունն այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, որին նվիրաբերվել է ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանմանը միտված ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ Այնուհետև, Գորիսի մամուլի ակումբում դեսպանը ծանոթացավ  «Մեդիագրագիտության սուրհանդակները՝ մարզերում» ծրագրի մաս կազմող և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող ինտենսիվ վիդեոբլոգինգի դասընթացի իրականացնողների և մասնակիցների հետ, իսկ վերջում մասնակցեց «STRIVE. ավելի լավ ապագայի ձգտումով համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի տարածաշրջանային մեկնարկի միջոցառմանը:
Դեսպան Անդրեա Վիկտորինը  մասնակցեց Հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիր» (REACT) կին շահառուների հետ խոհարարական վարպետության դասին։ ԵՄ դեսպանը և այցելուները հաճելի քննարկում և խոհարարական ժամանց ունեցան շեֆ-խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ։ Քաղաքացիական բնակչության և հումանիտար աջակցության ԵՄ գլխավոր տնօրինության ֆինանսավորմամբ այս ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ-Հայաստան» ՀԿ-ի կողմից, միտված է աջակցելու հակամարտության ազդակիր բնակչության տնտեսական ինտեգրմանը:

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022