Skip to main content

Եվրոպական միության աջակցությամբ Շիրակի մարզում բացվեց իր տեսակի մեջ եզակի տնկարան


Հունիսի 5, 2023

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշանավորելու նպատակով Շիրակի մարզում ԵՄ աջակցությամբ բացվեց տնկարան։ «Գյումրու սելեկցիոն կայանում» բացված, իր տեսակի մեջ առաջին տնկարանը կանաչապատման և անտառապտման նպատակով կարող է տարեկան մատակարարել մինչև 100 000 տնկի Շիրակի մարզի կարիքների համար։ Տնկարանը կառուցվել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Էյ Թի Փի» կազմակերպության կողմից՝ «Էներգետիկայի հայկական գործակալության» և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ hամագործակցությամբ։ 2021 թվականից ի վեր ծրագրի շրջանակներում արդեն տնկվել  է ավելի քան 320 000 ծառ։ Շրջակա միջավայրի պաշպանությունը ԵՄ քաղաքականությունների առանցքային բաղադրիչն է։ Եվրոպական «կանաչ գործարքի» միջոցով Եվրոպական Միությունը հավականում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում և շրջակա միջավայրի վատթարացումը կանխելու համաշխարհային առաջնորդության։
ԵՄ-ն հանձնառու է շարունակաբար աջակցելու Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներեգիայի խթանման, թափոնների կայուն կառավարման և այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը:

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորումին դեսպան Անդրեա Վիկտորինը խոսեց Հայաստանի ժողովրդավարության ուղին ընտրելու մասին


Մայիսի 31, 2023

«Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» ֆորումը կայացավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ։ Դեսպան Վիկտորինն իր խոսքում նշեց,- «Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, ինչը նշանակում է նաև մարդու իրավունքների պաշտպանություն․ դա անվերջանալի գործընթաց է, ուստի երբեք չի լինում մի պահ, երբ կարելի է ասել՝ մեկ կամ երկու անգամ ունեցել ենք ազատ, արդար ընտրություններ և այժմ ամեն ինչ լավ է»: Նա հավելեց, որ պետք է բազմակողմանի մոտեցում դրսևորել մարդու իրավունքների պաշտպանությանը։ «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» ֆորումը կազմակերպվել էր «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համատեղ ջանքերով։

Քննադատական մտածողության դպրոցի ուսանողները հանդիպեցին ԵՄ պատվիրակության ղեկավարին


Մայիսի 26, 2023

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում կազմակերպված Քննադատական մտածողության դպրոցին մասնակցող մի խումբ ուսանողներ հանդիպեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Դեսպանն ընդգծեց երիտասարդության՝ ենթադրություններին քննադատաբար մոտենալու և տարբեր կարծիքներ ընդունելու կարողության կարևորությունը՝ միաժամանակ շեշտադրելով բաց երկխոսություն խրախուսելու և հախուռն տեղեկատվական հոսքերի մեջ վստահելի աղբյուրները տարբերակելու գործում քննադատական մտածողության առանցքային դերը։ «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից։ Ծրագիրն ուղղված է ուսանողների ինքնակազմակերպմանը, բարձրագույն ուսումնական հաստատություններում ժողովրդական կառավարմանը և հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներին երիտասարդների մասնակցությանը:

«Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը բարձրաձայնում է Սևանա լճի էկոհամակարգի մարտահրավերների և դրանց լուծման ուղղված ջանքերի մասին


Մայիսի 22, 2023

«Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 22-ին` Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» – #EU4Sevan ծրագրի շրջանակում: Միջոցառման նպատակն էր համախմբել ծրագրի գործընկերներին, շահագրգիռ կողմերին և իրականացնողներին ու բարձրացնել իրազեկությունը Սևանա լճի բնապահպանական մարտահրավերների ու դրանց հնարավոր լուծումների մասին, հատկապես կայուն հողօգտագործման գործունեության և կեղտաջրերի կառավարման ուղղությամբ: Միջոցառումը նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել Սևանա լճի էկոհամակարգի վիճակի բարելավմանն ուղղված ծրագրի կողմից նախաձեռնված ընթացիկ գործողությունների և հետագա քայլերի վրա։

Եվրոպայի օրն ազդարարվեց Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսով


Մայիսի 15, 2023

Մայիսի 15-ին Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված 2023 թվականի Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին։ Ասուլիսին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդես եկան հայտարարություններով` պատասխանելով նաև լրատվամիջոցների հարցերին։

Տեղի ունեցավ «InFact-2022» խորագրով՝ փաստերի ստուգման լրագրողական հրապարակումների մրցանակաբաշխությունը


Մայիսի 3, 2023

Հայաստանում կայացավ «InFact-2022» խորագրով՝ փաստերի ստուգման լրագրողական հրապարակումների մրցանակաբաշխությունը, որն իրականացրել էր «Հետք»-ն ու «InFact» ֆեյսբուքյան խումբը` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցենք կայուն և պրոֆեսիոնալ մեդիա» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Deutsche Welle-ի կողմից BBC Media Action-ի, FACTOR տեղեկատվական կենտրոնի, HETQ Հետաքննող լրագրողների և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ: «InFact Network» ցանցն օգնում է փորձի փոխանակմանը, հետաքննական լրագրության ժամանակակից միջազգային գործիքների ներդաշնակեցմանը, ոլորտային քննարկումների կազմակերպմանը և առաջարկում փորձագիտական աջակցություն: Ցանցը նպատակ ունի նաև ամրապնդելու փաստերի ստուգման բնագավառում փոխօգնության միջավայրը։

«Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. առկա հիմնահարցերը և դրանց հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը» կլոր սեղան քննարկմանը ներկայացվեց Հայաստանում սեռական բռնության արդի հիմնախնդիրները


Ապրիլի 19, 2023

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ի կողմից ապրիլի 19-ին կայացավ «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. առկա հիմնահարցերը և դրանց հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը» կլոր սեղան քննարկում – ցուցահանդեսը: Քննարկումն իրականացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հաշվետու հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որին ներկա էին ոլորտի առանցքային շահագրգիռ դերակատարներ՝ ՀՀ կառավարության, Խորհրդարանի, Ոստիկանության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, զարգացման և միջազգային կազմակերպություններից:

ԵՄ աջակցությամբ իրականացվող «EQUAL – EU 4 Women Empowerment in Armenia» նոր ծրագիրը կաջակցի կանանց Հայաստանի մի շարք մարզերում


Ապրիլի 18, 2023

Ապրիլին մեկնարկեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «EQUAL – EU 4 Women Empowerment in Armenia» ծրագիրը։ Այն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Եվրոպական Գործընկերություն հանուն ժողովրդավարության /EPD/, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի, Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամի, Կանանց աջակցության կենտրոնի և WINNET Sweden-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպաստելու է Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հասարակական փոփոխություններ իրականացնելու գործում կանանց դերի բարձրացմանն ու կանանց հզորացմանը: Ավելին, ծրագիրն աջակցելու է կանանց իրացնել իրենց քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային իրավունքները, առաջնահերթություն տալով հատկապես խոցելի և անապահով խմբերի ներկայացուցիչներին:

Վայքում բացվեց Հայաստանում երկրորդ Եվրաակումբը


Ապրիլի 3, 2023

Վայքում Երիտասարդ եվրոպական դեսպանների հայաստանյան ցանցի նախաձեռնությամբ բացվել է Հայաստանում երկրորդ Եվրաակումբը՝ «Եվրաակումբ Վայք» անվանումով։ Նոր Եվրաակումբը նպաստելու է տեղացի երիտասարդների շրջանում հմտությունների զարգացմանը և խթանելու երիտասարդների մասնակցությանը համայնքի կյանքին: «Եվրաակումբ Վայք»-ը ստեղծվել է ՏՆԱԿ երիտասարդական կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ և ծառայելու է որպես երիտասարդների զարգացման վայր՝ նպատակ ունենալով նպաստել նաև ԵՄ-ՀՀ կապերի սերտացմանը։

«Կատապուլտ տաղավար» ցուցահանդեսը միտված է օգնել արվեստի և նորարության ոլորտի նմուշների հանրայնացմանը


Մարտի 31, 2023

ՀայԱրտ մշակութային կենտրոնում կայացավ առաջին «Կատապուլտ տաղավար»-ը, որի նպատակն է Հայաստանում ստեղծել եզակի հարթակ, որտեղ կցուցադրվեն կերպարվեստի, նորարարական տեխնոլոգիաների, դիզայնի, ճարտարապետության, նորաձևության և տպագրության ստեղծագործական ոլորտներն ընդգրկող նմուշներ և նախագծեր: Ցուցահանդես-տաղավարի բացումն իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից «Creative Armenia»-ի հետ համատեղ իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում: «Ստեղծագործական ոլորտը տնտեսական աճի հիմնական շարժիչն է: Ստեղծարար տեխնոլոգիաները հավելյալ ուժ են երկրի փափուկ ուժին՝ աշխարհով մեկ տարածելով նրա արժեքները, մշակույթն ու գաղափարները: Նորարարությունների և քաղաքացիական հասարակության ու Սփյուռքի նվիրվածության շնորհիվ «Արմենիա» ապրանքանիշն աշխարհում մեծ ճանաչում է վայելում, որպես ոգեշնչման, նորարարության և որակի աղբյուր։ Այս եզակի հավելյալ արժեքը պետք է օգտագործել. ԵՄ-ն աջակցում է, քանի որ մենք կրում ենք հանդուրժողականության, բազմակարծության, ներառականության, հարգանքի և մարդասիրության նույն արժեքները»,- ցուցահանդեսի բացմանը նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» միջոցառմամբ ազդարարվեց «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ավարտը


Մարտի 28, 2023

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ավարտն ազդարարվեց «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» խորագրով ամփոփիչ միջոցառմամբ, որը կազմակերպել էր «Ագաթ» ՀԿ-ն։ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` «ՄԱԿ Կանայք» կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ: «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» խորագրով միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծեց,- «Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքները կամքի և վճռականության ֆանտաստիկ օրինակ են։ Նրանք մեզ հույս են ներշնչում՝ որ մենք կարող ենք լինել կիսող, ներառող և բոլորի համար նույն իրավունքներն ու հնարավորություններն ապահովող հասարակություն։ Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը տևական և մշտական պայքար է, որը կրում է առատաձեռնության, բարության և ուշադրության համամարդկային արժեքները։ ԵՄ-ն ձեր կողքին է»։

Իջևանում մեկնարկեց ԵՄ-ն մշակույթի համար ծրագիրը


Մարտի 24, 2023

Իջևանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ հայտարարվեց ԵՄ ծրագրի մեկնարկը։ «ԵՄ-ն մշակույթի համար» ծրագրի շրջանակում հատկացվող ֆինանսական աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ` Իջևանի համայնքապետարանը մշակել է մշակութային զարգացման ռազմավարություն՝ ուղղված շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով մշակութային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական զարգացման հետ մշակութային կյանքի սերտ կապի ապահովմանը և պատմական և մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրում ունենալուն։ Դեսպանը շնորհավորեց Իջևանի քաղաքապետին՝ Եվրոպական միության ֆինանսավորման շրջանակներում Իջևանի մշակութային զարգացման ռազմավարությունը հաղթող ճանաչվելու առթիվ և խրախուսեց բոլոր ներգրավված կողմերին աշխատել այն իրականացնելու ուղղությամբ:

Իրականացվեց նորարարական գաղափարների միջոցով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը նվիրված մրցանակաբաշխություն


Մարտի 23, 2023

2 միլիոն եվրո բյուջե ունեցող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվող «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքներն ամփոփվեցին մրցանակաբաշխությամբ։ Մրցույթի նպատակն էր նորարարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկությունը՝ իրականացնելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ: Սոցիալական նորարարության կենսական նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետզհետե մեծանում է: Ներդրումներ իրականցնելով սոցիալական նորարարության ոլորտում՝ կարող ենք կառուցել ավելի անաչառ և արդար հասարակություններ՝ ի զորու պաշտպանել մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը։

«DigitALL. նորարարությունը և տեխնոլոգիաները հանուն գենդերային հավասարության» միջոցառումը կայացավ կանանց իրավունքների միջազգային օրը


Մարտի 8, 2023

Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «DigitALL.նորարարությունը և տեխնոլոգիաները հանուն գենդերային հավասարության» ընդհանուր խորագրի ներքո միջոցառումը՝ ԵՄ աջակցությամբ և ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման նպատակն էր ընդգծել տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում երիտասարդ աղջիկների կարևոր դերը, խրախուսել դեռահասներին և երիտասարդներին վստահ կատարել մասնագիտական կողմնորոշման իրենց քայլը՝ հետևելով տասնյակ երիտասարդ աղջիկների օրինակին, ովքեր առաջնորդում են տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կրթության ոլորտի առաջընթացը: