ԵՄ-ում / ԵՏՏ-ում / Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումների իրականացման հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր
-
Հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավերի նպատակը
Հետաքրքրության հայտեր ներկայացնելու սույն հրավերի նպատակն է ԵՄ-ում/ԵՏՏ-ում և Հայաստանում գրանցված մասնավոր ընկերությունների հետ սկսել համագործակցային քննարկումներ՝ հստակ ներդրումային հնարավորությունների շուրջ, և հասկանալ` ինչպես հաղթահարել Հայաստանում առկա տեխնիկական խոչընդոտները։
Հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավերի առաջնային ուղղությունները հիմնված են համատեղ ռազմավարական առաջնահերթությունների վրա՝ կենտրոնանալով «Գլոբալ դարպասներ»-ի առաջնահերթ ոլորտների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ արժեշղթաների ինտեգրմանը նպաստող ոլորտների վրա` ներառելով, սակայն չսահմանափակվելով ներքոնշյալով.
- Էներգետիկա, կլիմա և կանաչ անցում,
- Տրանսպորտ, լոգիստիկա և առևտրի դյուրացման համակարգեր,
- Թվային տեխնոլոգիաներ, նորարարություն և գիտելիքահեն տնտեսություն,
- Առողջապահություն,
- Կրթություն և հետազոտություն,
- Առաջադեմ արտադրություն և արդյունաբերականացում,
- Գյուղատնտեսություն և ագրոպարենային արդյունաբերություն:
-
Համապատասխանության չափանիշներ
Կառուցվածքային և թափանցիկ գնահատում ապահովելու համար կկիրառվեն նախագծային առաջարկների համապատասխանության որոշման հետևյալ չափանիշները․
- Աշխարհագրական տարածք` Հայաստանի Հանրապետություն,
- Մասնավոր հատված՝ հետաքրքրության հայտեր ներկայացնելու սույն հրավերին կարող են մասնակցել մասնավոր ձեռնարկություններ, համատեղ նախաձեռնություններ կամ ընկերությունների կոնսորցիումներ, որոնք ունեն վավեր ԱԱՀ գրանցման համար (հետաքրքրության հայտեր ներկայացնելու սույն հրավերին մասնակցությունը հնարավոր չէ առանց վավեր ԱԱՀ համարի),
- Մասնավոր ընկերության ազգային պատկանելիություն՝ ԵՄ-ում/ԵՏՏ-ում գրանցված ձեռնարկություններ (ԵՄ անդամ պետություններից/ԵՏՏ երկրներից որևէ մեկում իրական իրավաբանական տեղակայում/գրանցում ունեցող), ինչպես նաև Հայաստանում գրանցված ձեռնարկություններ,
- Համապատասխանությունը քաղաքականության առաջնահերթություններին՝ նախագծերը պետք է կենտրոնանան Հայաստանի վրա և նպաստեն Հայաստանի դիվերսիֆիկացմանը և մրցունակությանը՝ համաձայն «Գլոբալ դարպասներ» ռազմավարության ոլորտային առաջնահերթություններին,
- Նվազագույն ներդրման չափ՝ նախագծերը պետք է համապատասխանեն ներդրումային հետևյալ նվազագույն շեմին. ընդհանուր ներդրումային նախագծի ծավալը պետք է կազմի առնվազն 30 միլիոն եվրո, իսկ նախագիծը խթանողի կապիտալի/ սեփական միջոցների մասնակցությունը՝ նախագծի ընդհանուր ներդրումային արժեքի առնվազն 20%-ը:
-
Գնահատման չափանիշներ
Նախագծերի ներդրումային առաջարկները կգնահատվեն հետևյալ ռազմավարական, ազդեցության և ֆինանսական չափանիշներով․
Ռազմավարական չափանիշներ
- Համապատասխանություն ԵՄ քաղաքական նպատակներին և ներդրումային առաջնահերթ ոլորտներին,
- ԵՄ բաց ռազմավարական ինքնավարությանը նպաստող կազմակերպության սեփականատեր,
- Համապատասխանություն ԵՄ բնապահպանական, սոցիալական և կառավարման չափանիշներին և հավատարմություն «էական վնաս չպատճառելու» սկզբունքին:
Ազդեցության չափանիշներ
- Նախագծային առաջարկի ազդեցությունը ՀՀ և ԵՄ ռազմավարական հետաքրքրություններին` ներառյալ սոցիալ-տնտեսական զարգացմանը և կանաչ անցմանն աջակցելուն,
- Նախագծային առաջարկի վերարտադրելիություն և մասշտաբայնություն,
- Նախագծային առաջարկի նորարարական բաղադրիչներ,
- Շուկայի գնահատում և նախագծային առաջարկի` շուկայական ձախողումների հասցեագրում,
- Ռիսկերի գնահատում և դրանք մեղմելու միջոցառումներ,
- Ներդրումից բխող զբաղվածության հեռանկարներ,
- Նպաստում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արժեքի ստեղծմանը և մրցունակության ամրապնդմանը,
- Հայաստանում գործառնական ներկայությունը և/կամ տեղական ընկերության հետ գործընկերության/կոնսորցիումի ստեղծումը կհամարվեն առավելություն:
Ֆինանսական չափանիշներ
- Ֆինանսական կենսունակությունը` ներառյալ ֆինանսական կարիքները և ներդրումային ծրագրումը, որոնք արտացոլում են նախագծի ծավալն ու շրջանակը,
- Նախագծի շոշափելիությունը,
- Ներդրումային կարողությունը. մասնակիցները պետք է ապացուցեն, որ սեփական կապիտալի միջոցով կարող են ֆինանսավորել նախագծի ընդհանուր արժեքի առնվազն 20%-ը,
- Մասնակցի հնարավորությունները՝ ներգրավելու առաջարկվող ներդրման ֆինանսավորման համար մասնավոր կապիտալ,
- Նշված ոլորտում համադրելի ծավալի ներդրումային ծրագրերի՝ մասնավորապես Հայաստանում իրականացման համապատասխան փորձը կդիտարկվի որպես առավելություն:
-
Նախագծերի ներկայացում
Հետաքրքրված ընկերությունները կարող են ներկայացնել իրենց նախագծային առաջարկները ԵՄ հատուկ ձևաթղթի միջոցով՝ ստորև նշվող «EU Survey» հղմամբ։ Յուրաքանչյուր առաջարկ պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը․
- Նախագծի կարճ նկարագիր, որը մասնակիցների կողմից պետք է ներբեռնվի «EU Survey»-ում և ներառի նախագծի հիմնական բաղադրիչները՝ ծավալ, նպատակներ, ժամանակացույց, ներդրման չափ, ազդեցություն և ակնկալվող արդյունքներ, նորարարական տարրեր, ծրագրի շոշափելիություն, ռիսկերի գնահատում և դրանց մեղմման միջոցառումներ, ծրագրի նախագծի ֆինանսական կառուցվածք, ԵՄ առաջնահերթությունների հետ համապատասխանություն,
- Փաստաթուղթ, որը ներկայացնում է կառավարման համակարգը և ընկերության սեփականատիրության կառուցվածքը՝ նշելով 10%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի ազգությունը (նաև կոնսորցիումի անդամների, եթե առկա են),
- Այլ համապատասխան փաստաթղթեր, որոնք կդյուրացնեն նախագծի գնահատումը,
- Պատվո հայտարարություն (declaration on honour)՝ «EU Survey»-ում ներառված բացառման և ընտրության չափանիշների վերաբերյալ:
Առաջարկները, ինչպես նաև մասնակիցների և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության միջև հետաքրքրության հայտեր ներկայացնելու սույն հրավերին վերաբերող ողջ նամակագրությունն ու փաստաթղթերը պետք է գրված լինեն անգլերենով։
Oժանդակ փաստաթղթերը և մասնակիցների կողմից տրամադրված տպագրված նյութերը կարող են լինել ԵՄ մեկ այլ պաշտոնական լեզվով, ինչի դեպքում դրանք պետք է ուղեկցվեն իրավական ուժ ունեցող անգլերեն թարգմանությամբ։
-
Ժամկետներ
Հետաքրքրության հայտեր ներկայացնելու սույն հրավերի դիմումների հարթակը հասանելի կլինի 2026 թվականի մայիսի 5-ից՝ 12 ամիս ժամկետով։ Առաջարկները կգնահատվեն նախապատվությունն առաջին դիմողին տալու սկզբունքով՝ գնահատող հանձնաժողովի կողմից, որը հանդիպումներ կիրականացնի առնվազն եռամսյակային պարբերականությամբ։