Լրատու․ ամառային թողարկում, 2025
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը երկօրյա այցով Հայաստանում էր
Հունիսի 29-30, 2025






2025 թվականի հունիսի 29-ին և 30-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն այցելել էր Հայաստան։
Հունիսի 29-ին ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նույն օրը կեսօրից հետո այցելել էր Հայաստանում ԵՄ առաքելության՝ Եղեգնաձորում տեղակայված կենտրոնակայան։
Հունիսի 30-ին Կայա Կալասը հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Օրն ամփոփվել է ԵՄ բարձր ներկայացուցչի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Երիտասարդ եվրոպական դեսպանների, Երիտասարդական խորհուրդ նախաձեռնության ներկայացուցիչների և Erasmus+ ծրագրի շրջանավարտների հետ հանդիպումներով։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Սյունիքի մարզ
Հունիսի 19-20, 2025






ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և նրա գլխավորած պատվիրակությունը՝ հանձինս Հայաստանում Բելգիայի, Կիպրոսի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և Ռումինիայի դեսպանների, մեկնել էին Սյունիքի մարզ։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում նրանք հունիսի 19-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցել են համայնքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի` 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայանի և ժամանակակից ոռոգման համակարգի պաշտոնական բացման արարողությանը։
ԵՄ դեսպաններն այցելել են նաև Շինուհայր՝ «Թև թևի» երեխաների ներառական զարգացման կենտրոն, որը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ստեղծված համայնքահեն ծառայություններից է։ ԵՄ դեսպաններն այցելել են նաև Թումո Կապան։
Այցի երկրորդ օրը՝ հունիսի 20-ին, ԵՄ դեսպանները, Սյունիքի մարզային և տեղական իշխանությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԱԺ ներկայացուցիչները հանդիպել են՝ արձանագրելու «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության առաջընթացը և քննարկելու առկա կարիքները։
Պատվիրակությունն այցելել է նաև Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Օրն ամփոփվել է Մեղրիի Լոֆթ կենտրոնում՝ երիտասարդների հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկմամբ։
«Մասրիկ-1» արևային էլեկտրակայանը միացվել է էլեկտրացանցին
Հունիսի 24, 2025

ԵՄ աջակցությամբ Հայաստանի «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանը 2024 թվականի դեկտեմբերին միացվել է էլեկտրացանցին և ստացել վերջնական շահագործման լիցենզիա՝ բացելով ճանապարհ դեպի ավելի կանաչ և կայուն ապագա։
Արևային էներգիան օգնում է երկրներին դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ աղբյուրները և նվազեցնել կախվածությունը արտասահմանյան վառելանյութերից, ինչը քայլ է դեպի էներգետիկ անկախություն։
Վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների ավելացումը ԵՄ-ի կողմից 2024-2027 թվականների համար առաջարկված, 270 միլիոն եվրո բյուջեով «Դիմակայունություն և աճ» ծրագրի առաջնահերթություններից մեկն է։
ԵՄ-ի աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է ձեռնարվեստի նոր ստուդիա
Հուլիսի 4, 2025

ԵՄ-ն աջակցել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում ձեռնարվեստի նոր ստուդիայի բացմանը։
Ստուդիայում համադրվել են ժառանգությունը, ստեղծագործականությունը և ձեռնարկատիրությունը KATAPULT ծրագրի միջոցով, որն իրականացնում են ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն։
Ձեռնարվեստի այս ստուդիան պարզապես ձեռագործ ապրանքների վաճառքի վայր չէ, այլ ԵՄ-Հայաստան մշակութային գործընկերության խորհրդանիշ, որի շնորհիվ ավանդույթը դառնում է հնարավորությունների հիմք։
Տեղի է ունեցել «ՀԸԳՀ. ամրապնդելով կապը հեռանկարի և գործողության միջև» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողով
Հուլիսի 4, 2025

Հուլիսի 4-ին ԵՄ պատվիրակությունը միացել էր Հայաստանի Ազգային ժողովին և Կառավարությանը՝ մասնակցելու «ՀԸԳՀ. ամրապնդելով կապը հեռանկարի և գործողության միջև» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովին, որը ժամանակին համահունչ և ռազմավարական քննարկում էր՝ ուղղված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բարեփոխումների արագացմանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ՀԸԳՀ-ի դերը՝ որպես Հայաստանի հետ գործընկերության ճանապարհային քարտեզ, որն ուղղված է քաղաքացիների և բիզնեսի շահերին ծառայող կայուն բարեփոխումների իրականացմանը։
Կոտայքի և Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կոշտ թափոնների կառավարման ծրագիրը
Հուլիսի 8, 2025

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ծրագիրը մեկնարկել է ԵՄ-ի և «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության» տրամադրած 5,5 միլիոն եվրոյի շնորհիվ։ Այն նպաստելու է ոչ միայն թափոնների ավելի լավ կառավարմանը, այլև՝ ավելի մաքուր օդ, ավելի առողջ և կյանքի բարելավված որակ ունենալուն։ Սա ներդրում է ավելի կանաչ և ավելի կայուն Հայաստանի համար։
Նորատուս համայնքում գործարկվել է կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայանը
Հուլիսի 22, 2025


Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործարկվել է կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայանը, որը կարևոր քայլ է Սևանա լճի՝ Հայաստանի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարի պաշտպանության գործում։
Բնապահպանական չափանիշներին համապատասխանող կայանը, որը տեղակայված է թիվ 2 մանկապարտեզի տարածքում, կմաքրի կեղտաջրերը ոռոգման չափանիշներին համապատասխան՝ նպաստելով աղտոտվածության նվազեցմանը և համայնքի սանիտարական պայմանների բարելավմանը՝ գործնականում և կայուն կերպով։
Կայանը կառուցվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-ն Սևանի համար) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։